Մեկնաբանություն

12.12.2014 14:00


Բռնության բումերանգը հարվածում է դրա հովանավորներին

Բռնության բումերանգը հարվածում է դրա հովանավորներին

Վերջին օրերին արձանագրված քաղաքական ընդգծված ենթատեքստով բռնությունները վերլուծական մակարդակում հիմնականում հետևյալ եզրակացություններին են հանգեցվում.

1. Իշխանությունը բացահայտ գնում է բռնության՝ այդպիսով փորձելով կանխել թափ հավաքող իշխանափոխության գործընթացը (վախի մթնոլորտ, ուժի ցուցադրում և այլն)։

2. Բաղրամյան 26-ից սնվող լրատվամիջոցներն ու տարբեր տեսակի «դեմքերն» էլ շրջանառության մեջ են դրել միտքը, թե կիրառված բռնություններն իշխանության տարբեր թևերի միջև սրվող հակասությունների արդյունք են։ Այն է՝ բռնությունների միջոցով սլաքներն ուղղել կոնկրետ պաշտոնյաների դեմ՝ նրանց ասպարեզից հեռացնելու հեռանկարով։

3.Բռնությունները ձեռնտու չեն Սերժ Սարգսյանին (տողատակում մեղադրվում են Պուտինը, Քոչարյանը և այլք)։ Սա արդեն կոնկրետ ուղղորդում ունեցող գնահատականներ են։

Չխորանալով դավադրությունների տեսության ոլորտից բխող դատողությունների մեջ, առավել ևս, որ դրանց հեղինակներն առանց պատվերի նույնիսկ Հայաստանի հիմնի բառերը չեն արտաբերի՝ փաստենք իրողությունը։

Տեղի են ունեցել բռնարարքներ նախ՝ իշխանափոխություն պահանջող ազատամարտիկների, այնուհետև՝ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ։

Քաղաքական բռնությունն ունի պատվիրատու, հովանավոր։ Մարդկության պատմության ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ քաղաքական բռնությունը տվել է ցանկալի արդյունք դրա կազմակերպիչներին։ Կարճաժամկետում միգուցե ինչ որ խնդիրներ լուծվել են, բայց վերջին հաշվով՝ սրով եկողը սրով է գնացել։

Հայտնի բան է՝ բռնության բումերանգը հարվածում է դրա հովանավորներին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը