Լրահոս

28.09.2009 16:51


Համբիկ Սառաֆյան. «ՀՀ նախագահի հանդիպումը սփյուռքի հետ պիտի լիներ ավելի վաղ»

Համբիկ Սառաֆյան. «ՀՀ նախագահի հանդիպումը սփյուռքի հետ պիտի լիներ ավելի վաղ»

-Պետք է լիներ պետական քաղաքականություն, որպեսզի սփյուռք-հայրենիք հասկացողություն լիներ,-«Հայացք» ակումբում ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը։

Նա նշել է, որ գալու էր այն օրը, երբ պետական շահերից ելնելով՝ Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատեր Թուրքիայի հետ։

-Սփյուռքի տեսակետը միանշանակ է՝ մինչև Թուրքիան Ցեղասպանությունը չճանաչի,  նրա հետ հարաբերություններ չեն հաստատվի։ Բայց Հայաստանի համար գուցե այնպիսի ժամանակ է, որ պետականորեն դա նպաստավոր չէ, որովհետև սփյուռքը հավաքականություն է, իսկ Հայաստանը՝ պետություն։ Եվ որպեսզի հակասություն չառաջանար պետության և սփյուռքի միջև, հարկավոր էր, որ Հայաստան-սփյուռք կապ լիներ, որ բացատրեին իրար՝ ինչը ինչի համար է արվում, և եթե անցած տարվանից մտադիր էին հարաբերություններ հաստատել, ապա գոնե այս մի տարվա ընթացքում դրանով պիտի զբաղվեին, այլ ոչ թե նախագահը հիմա՝ արձանագրություններից հետո, սփյուռք գնար,-հավելել է Համբիկ Սառաֆյանը։

ՍԴՀԿ Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետը նշել է, որ նույնիսկ այդ հանդիպումից մտավախություն ունի, որովհետև «կարելի է այնպիսի մի պատկեր ստեղծել, նկարել այն հատվածները, որ, համենայնդեպս, սփյուռքը դեմ չէ այս ամենին»։

-Այցը կվերածվի PR ակցիայի, և երբ հանդիպումներ լինեն, նկարեն մի քանի խոսքեր առանց սփյուռքի կարծիքն արտահայտելու, ասեն, որ նախագահը գնաց սփյուռք, հանդիպեց  սփյուռքի հետ, և սփյուռքը համակարծիք է, ու մեր առաջադրած հարցերը լուսաբանում չեն ստանա,-հավելել է նա։

Համբիկ Սառաֆյանը նշել է, որ սփյուռքում չի գտնվի մի կազմակերպություն, որը հավանություն կտա այս արձանագրություններին։

-Բոլորդ գիտեք Ամերիկայի հայկական համագումարի տեսակետը։ Ե՛վ Կանադայում, և՛ Լոս- Անջելոսում, և՛ Լիբանանում բողոքի բոլոր ակցիաները ցույց են տալիս, որ սփյուռքը միահամուռ է,-ասել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը