Մեկնաբանություն

15.12.2014 16:56


Դրամի փլուզումը

Դրամի փլուզումը

ՀՀ արտարժույթի շուկայում շարունակվում են դրամատիկ իրադարձությունները։ Մասնավոր բանկերը գործնականում դոլար չեն վաճառում։

Դոլարի առքի գին է սահմանվել 490-495 դրամը, իսկ վաճառք չկա (վաճառքի գին շատերն ընդհանրապես չեն գրում), կամ էլ դոլարը վաճառվում է 515–520 դրամ և ավելի գնով։

Ինչ վերաբերում է, «սև» շուկայում տիրող իրավիճակին, ապա այստեղ շատ ավելի բարձր գին է սահմանվել, թեև «գործ անողներն» էլ շվարած են ու չեն իմանում, թե ինչ գնով վաճառեն դոլարը։

Այս ամենը հանգեցրել է այն բանին, որ գործարքները կանգ են առել։ Տնտեսվարողները չեն կարողանում ապրանքների գին նշանակել և ապառիկ պայմանագրեր կնքել, քանի որ հայտնի չէ, թե ինչ կլինի վաղը։

Կենտրոնական բանկը որևէ կերպ չի կարողանում կարգավորել շուկան, քանզի չունի համապատասխան քանակի պահուստներ (դրանք 700 միլիոն դոլարի չափով մսխվել են դեռևս 2008-2009թթ. ֆիքսված փոխարժեքային քաղաքականության արդյունքում), և բացի այդ՝ մեր երկրի գլխավոր բանկը չի ուզում մտնել մի խաղի մեջ, որի վերջնարդյունքն իր համար էլ է անկանխատեսելի։

Հայաստանյան շուկան ակնհայտորեն զգում է դոլարի սուր դեֆիցիտ, քանզի նավթի միջազգային գնի անկման հետևանքնով ՌԴ ռուբլու կտրուկ արժեզրկման արդյունքում պակասել են այնտեղից եկող մասնավոր տրանսֆերտները։ Բացի այդ՝ ներմուծողները տոնական օրերից առաջ հավելյալ պահանջարկ են ներկայացնում դոլարի նկատմամբ, ինչն իր հերթին է նպաստում դոլարի գնի բարձրացմանը։ Արդյունքում մեր տնտեսությունը հայտնվել է կաթվածահար վիճակում։

Մեկ ամսվա ընթացքում դրամի փոխարժեքի ավելի քան 25–տոկոսանոց անկումն անխուսափելիորեն հանգեցնելու է ինֆլյացիայի տեմպի ավելացման։ Գներն արդեն իսկ աճել են, բայց դրանք, ինչպես ասում են, ծաղիկներն են։ Այսպես շարունակվելու դեպքում գործ կունենանք արդեն հիպերինֆլյացիայի հետ, որն ուղեկցվելով գործազրկության ու աղքատության աճի հետ, պարզապես սոցիալական ավերածությունների կարող է հանգեցնել։

Այս պայմաններում կառավարությունը պետք է գնա փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռի կտրուկ նվազեցման և համապատասխան օրենսդրական առաջարկությամբ հանդես գա, ինչպես նաև գործադիրը պետք է խիստ սահմանափակի պետական ավելորդ ծախսերը և հետաձգի այն ծախսերը, որոնք այս պահին հրատապ չեն։

Կարծում ենք, որ վերանայման կարիք ունի նաև 2015–ի պետբյուջեն և դա պետք է անել ինֆլյացիոն սցենարը հաշվի առնելով։

Ինչ վերաբերում է ԿԲ–ին, ապա այդ կառույցը պետք է կոշտ հակաինֆլյացիոն քայլերի գնա և սահմանափակի մասնավոր բանկերի ախորժակը, որպեսզի կարողանա մեղմել գների աճի բացասական հետևանքները։ Ճիշտ է, դա կարճաժամկետում կհարվածի գործարար ակտիվությանը և կսեղմի բանկերի գոտիները, բայց ուրիշ տարբերակ չկա, քանզի հետո շատ ավելի վատ կլինի բիզնես–դաշտի համար, քան կարելի է կանխատեսել։

Բոլորս էլ վճարելու ենք սոցիալական գին, պարզապես այդ գինը նվազեցնել է պետք։

Մակրոտնտեսական կայունության ապահովումը մաքուր քաղաքական խնդիր է, բայց սա արդեն այլ հոդվածի թեմա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը