Լրահոս

28.09.2009 17:21


Արամ Կարապետյան. «Թե ով ում աղջկան պիտի ուզի Հայաստանում, վերնախավում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են որոշում»

Արամ Կարապետյան. «Թե ով ում աղջկան պիտի ուզի Հայաստանում, վերնախավում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են որոշում»

2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Կարապետյանը սեպտեմբերի 28-ին «Ուրբաթ» ակումբում լրագրողներին է ներկայացրել իր եզրակացությունը։

Ցույցը ցրելուց հետո, ըստ պաշտոնական տվյալների, հրապարակում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որոնցից մետաղական ձողերը և փայտե մահակները սառը զենք չեն ճանաչվել։ Հայտնաբերված հրազենի և ռազմամթերքի վրա նույնացման համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել, և ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում դրանց պատկանելությունը չի պարզվել։ Արամ Կարապետյանի եզրակացության համաձայն՝ իրականում ոչ մի ցուցարար ընդհանրապես հրազեն և ռազմամթերք չի ունեցել, իսկ դրանց առգրավումն ուղղակի վատ կազմակերպած շոու էր։

Նա նաև նշել է, որ առավոտյան ժամը 6։00-ին Ազատության հրապարակում է գտնվել Ռ.Քոչարյանի պահակազորի պետ Գ. Սարկիսյանը, որի՝ այդտեղ գտնվելու փաստի վերաբերյալ հանձնաժողովը հստակ պարզաբանումներ չի ստացել, ինչից կարելի է ենթադրել, որ Գ.Սարկիսյանը հանդիսացել է 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրագործվող հատուկ օպերացիայի իրական ղեկավարը։

Հանձնաժողովի նյութերի ուսումնասիրության հիման վրա Արամ Կարապետյանը  եզրակացրել է, որ բախումների իրական հրահրողները եղել են պրովոկատորները և ոստիկանության  որոշակի աշխատակիցներ, այլ ոչ թե ցուցարարները։

Արամ Կարապետյանն իր զեկույցում նաև նշում է, որ կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ո՞վ է հրամայել կրակել  ցուցարարների վրա։ Ամբողջ օրվա ընթացքում Ռ.Քոչարյանի մոտ գործել է ոչ պաշտոնական շտաբ, որն ամբողջությամբ կոորդինացրել և հրահանգել է ոստիկանության և այլ ուժային կառույցների բոլոր գործողությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը համարվում էր գերագույն հրամանատար, իսկ բոլոր ուժային կառույցների ղեկավարներն իրենց տարբեր ելույթներում բացահայտ ասում էին, որ պատրաստ են կատարել միայն նրա ցանկացած հրաման՝ ցուցարարների նկատմամբ հրազենի կիրառման հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը։

Արամ Կարապետյանը չի կարծում, որ հանձնաժողովի բոլոր անդամները, նույնիսկ կոալիցիայի մեջ մտնող անդամները չեն ուզեցել ճշմարտությունն իմանալ, սակայն եզրակացության պահին պարզվում է, որ Հայաստանում ամեն ինչ քաղաքական ենթատեքստ ունի։

-Ազգային ժողովի զեկույցն իշխանական թևի ներկայացրած զեկույց է և այնտեղ, որպես վերջնական եզրահանգում, արտացոլված է իշխանական վարկածը։ Իմ կարծիքով եզրակացությունը գրվել է նախագահականում և դատախազությունում, բերվել է Ազգային ժողով, և վերջում որոշում է կայացվել, թե համաձայն եք, համաձայն չեք, պետք է ստորագրեք, որ ուղարկենք ԵԽԽՎ,- ասել է Ա.Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ մի քիչ դժվար է հասկանում, երբ իրեն բացատրում են, որ «տեղում խեղճ ու կրակ ոստիկանը որոշում է կայացրել կրակել մարդու վրա այն պարագայում, երբ թե ով ում աղջկան պիտի ուզի Հայաստանում, վերնախավում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են որոշում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը