Մեկնաբանություն

16.12.2014 16:14


Չի լսում, չի տեսնում, չի խոսում

Չի լսում, չի տեսնում, չի խոսում

Հայաստանում ծանր և աղետալի գործընթացներ են տեղի ունենում։ Հատկապես առանձնանում են երկուսը, երկուսն էլ՝ քաղաքական բնույթի։

Ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկների ու քաղաքական գործիչների նկատմամբ բռնություններ են կազմակերպվում «պետպատվերի» շրջանակներում։ Կազմակերպիչները չեն թաքցնում իրենց ով լինելը՝ գործելով միջազգային ահաբեկիչների ստանդարտներով, երբ ահաբեկչությանը հետևում է հայտարարություն, թե ով է դրա կազմակերպիչը։

Մարդկանց ծեծում են հաց ուտելու հրավերքից հետո կամ տուն մտնելիս։

Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ դրամը փլուզվում է՝ իր հետևից փլուզելով տնտեսությունը։ Դոլարի առքի գին կա, բայց վաճառքի գին չկա։ Կամ էլ դոլարը վաճառվում է «տակից»՝ անվանական գնից շատ ավելի բարձր գնով։ Դրամն արժեզրկվում է առաջանցիկ տեմպերով։

Գներն աճում են ու աճի մեծ պոտենցիալ պարունակում։ Այսինքն, սարսափելին դեռ առջևում է։

Բռնարարքներն ու դրամի փլուզումը մաքուր քաղաքական հարցեր են, բայց նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը չի լսում, չի տեսնում, չի խոսում։

ՀՀԿ ղեկավարը չի լսում, թե ինչպես է իր ենթակա փոխոստիկանապետ Երանոսյանը քրեական հանցագործություն կատարում՝ սպառնալով ազատամարտիկին երկիրը չլքելու դեպքում խնդիրների առաջ կանգնեցնել։

Անկախության հռչակագիր կարդացած մարդուն հարվածում են սեփական տան բակում։

Օրը ցերեկով դաժանաբար ծեծում են ազատամարտիկների լրատվական պատասխանատուին։

Հրազդանում ՀԱԿ կառույցի ղեկավարի վրա հարձակվում են այն բանի համար, որ օրենքով սահմանված կարգով քարոզչությամբ է զբաղվել։

ՀՀԿ ղեկավարը նաև չի տեսնում կամ, ավելի ճիշտ, չտեսնելու է տալիս, թե ինչպիսի հնդկական կինո են հնարում Արամ Մանուկյանի դեմ արված քստմնելի քայլից հետո՝ բերման ենթարկելով, իսկ այնուհետև բաց թողնելով թալինցի «ինքնաբուխ հայրենասերին»։

ՀՀԿ ղեկավարին նաև չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում արտարժույթի շուկայում։ Կամ էլ հետաքրքրում է, բայց բացառապես սեփական շահերի տեսանկյունից։

Սերժ Սարգսյանն առնվազն ենթագիտակցորեն հասկանում է, որ իր խոսքին ոչ մեկը չի հավատա, և այդ իսկ պատճառով չի երևում հանրության աչքին։ Լեգիտիմությունը շատ լուրջ քաղաքական կատեգորիա է, և դրա դեֆիցիտ ունեցող պաշտոնյան մշտապես է այն զգում։

Նման իրավիճակներում երկրի ղեկավարները, որպես կանոն, ուղերձով են հանդես գալիս և գնահատականներ տալիս։ Բայց դե, Սերժ Սարգսյանը խոսի, որ ի՞նչ անի։

Նա չի լսում, չի տեսնում, չի խոսում։ Եվ դա բնական է։ Պետք էլ չի, որ խոսի։ Ամեն ինչ պարզ է առանց խոսքի։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը միշտ էլ լարված իրավիճակներում «անհետացել» է։ Այդպես է եղել վերջին քսան տարվա ընթացքում... Եվ այս ամենին պետք է վերջ տալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը