Խմբագրական

19.12.2014 16:55


Սպեկուլյանտներն ու Հայաստանի դեմ ահաբեկչությունը

Սպեկուլյանտներն ու Հայաստանի դեմ ահաբեկչությունը

Դրամի վայրիվերումների հետ կապված միայն տնտեսագիտական գնահատականներ տալը սխալ է, քանզի տեղի է ունեցել խոշորագույն հանցագործություն իշխանության վերին օղակների գործուն մասնակցության կամ, առնվազն, հանցավոր անգործության շնորհիվ։

Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, բառիս բուն իմաստով Հայաստանի դեմ կազմակերպված ահաբեկչություն էր՝ տնտեսական դիվերսիա։ Իսկ դա նշանակում է, որ խնդիրը տեղափոխվում է նաև քրեագիտության և քաղաքագիտության ոլորտ։

Դրամի ազատ անկումը և իշխանությունների հանցավոր լռությունը

Ինչպես հայտնի է, մի քանի օր շարունակ շուկայում քաոս էր. մարդիկ խուճապի էին մատնվել, բիզնես դաշտը շվարած էր, բանկերը վերածվել էին անառիկ բերդի, փոխանակման կետերում կուտակումներ էին, խանութներում գները չէին հասցնում փոխել, բայց ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մի քանի օր բացատրություններ չէին ներկայացնում և որևէ քայլ չէին ձեռնարկում։ Դա նույնն է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում ձեռնարկի Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, բայց Բաղրամյան 26–ից ու բանակից ծպտուն չլսվի, պաշտպանություն ու հակահարձակում չկազմակերպվի, բնակչությանը թողնեն թշնամու զինված բանակի դեմ մեն-մենակ՝ առանց զենքի ու փամփուշտի։

ԴՐԱՄատիկ իրադարձություններ

Դրամը եվրոյի ու դոլարի համեմատ արժեզրկվում էր ժամ առ ժամ, բայց իշխանությունները քար լռություն էին պահպանում. երկրում մի քանի օր շարունակ անիշխանություն էր։

Ի՞նչ էր սա՝ իշխանությունների ոչ կոմպետենտությո՞ւն, թե՞ ...

Այս հարցին պատասխանելու համար նախ մի քանի բան արձանագրենք, ապա անցնենք բուն թեմային։

1.Ռուսաստանյան արժութային շուկայի համար երկուշաբթին՝ դեկտեմբերի 15–ը, «սև» էր, ինչից հետո այդ երկրի ԿԲ–ն գիշերային որոշմամբ բարձրացրեց փողի գինը (17%)՝ որոշակի խուճապ առաջացնելով։ ՌԴ–ում երեք օր՝ երկուշաբթիից մինչև չորեքշաբթի, դոլարի սուր դեֆիցիտ էր, ինչն էլ բերում էր ռուբլու արժեզրկման։ Դոլարի գինը ռուբլով խփեց բոլոր ռեկորդները, և նավթի գնի անկման ֆոնին դա իսկական մղձավանջի վերածվեց։

2.Նույն երկուշաբթիից սկսած՝ Հայաստանում դրամը սկսեց արժեզրկվել սրընթաց տեմպով՝ երեքշաբթի երեկոյան հասնելով մինչև 600 դրամի մեկ դոլարի դիմաց։ Ճիշտ է, դրամի անկումը սկսվել էր դեռ շաբաթներ առաջ, բայց այն այնքան կտրուկ չէր, որքան այս երկուշաբթիից մինչև չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում արձանագրվեց։ Պարզ էր, որ դա դոլարի հանդեպ մեծ պահանջարկի հետևանքն էր։ Պահանջարկ, որն ուներ արտաքին ծագում։ Տեսանելի էր, որ Հայաստանից դոլար էր արտահոսում ՌԴ, սակայն ԿԲ–ն լուռ էր։ ԿԲ–ն օրական 4-6 միլիոն դոլար էր հանում վաճառքի, բայց այդ դոլարների երեսը ոչ մեկը չէր տեսնում։

Ի դեպ, մասնավոր բանկերի ներկայացուցիչների հետ զրույցում պարզեցի, որ դոլար կար մեր բանկերում, սակայն բացասական սպասումները նրանց ստիպել էին պահել դոլարներն ու չսպասարկել ՀՀ քաղաքացիներին։

3.ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը միայն չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17–ին, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ հավաստիացնելով, որ որևէ խնդիր չկա. դոլարը գերարժեվորված է, և դրամը շուտով կուժեղանա։ Մինչև նրա ասուլիսը մասնավոր բանկերը հրաժարվում էին դոլար վաճառել։ Բանկերում հերթեր էին գոյացել, քանի որ մարդիկ վախենում էին (են) իրենց ավանդները կորցնելուց։ Ուշագրավն այն է, որ ԿԲ նախագահն անընդհատ խոսում էր տարադրամային շուկայում գործող սպեկուլյանտների մասին, սակայն չէր կոնկրետացնում, թե ում նկատի ունի, և ինչ է նշանակում սպեկուլյացիայից բողոքելն այն դեպքում, երբ դրա աղբյուրն ինքը ԿԲ–ն է։ Եվ, բացի այդ, տարադրամի շուկայում սպեկուլյացիայից բողոքելը և սպեկուլյանտների դեմ պայքարելը նույնն է, թե ջրի մեջ տկլոր նստած պայքարես թրջվելու դեմ։ Այդ դեպքում պայքարի մի ձև կա՝ ջրից դուրս գալ, ինչը ԿԲ–ն համառորեն չէր անում։

4.Չորեքշաբթի ԲՀԿ–ն, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց տնտեսության մեջ առկա վիճակի քննարկման թեմայով։ Այդ նախաձեռնությանը միացան ԲՀԿ քաղաքական գործընկերները՝ ոչիշխանական ուժերը, ինչպես նաև ՀՀԿ–ի մի մասը։ Վերջինս պայման դրեց, որ նիստը կայանա դռնփակ ռեժիմով։ Ինչպես ժամանակը ցույց տվեց, ՀՀԿ–ի ադեկվատ հատվածը փակ ռեժիմ էր ուզել, որպեսզի ինքն էլ քարը քարի վրա չթողնի իշխանությունների պահվածքի թեմայով՝ իր անհանգստությունը հայտնելով տարադրամի շուկայում տեղի ունեցող երևույթների և իր մտահոգությունները ներկայացնելով տնտեսության մեջ տիրող քաոսային իրավիճակի հետ կապված։

5.Չորեքշաբթի երեկոյան Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցություն անցկացվեց, որի ժամանակ, ըստ «անկախ» թերթերից մեկի, նա խիստ բարկացել է ու հայտարարել, թե Հայաստանից որևէ արտարժույթ չպետք է դուրս գա։

Ուշադրությո՛ւն, նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը քաոսին արձագանքել է այն սկսվելուց օրեր անց, երբ արդեն պարզ էր, որ ՌԴ–ում վիճակը համեմատաբար շտկվել է, և դա դոմինոյի էֆեկտով ազդելու է նաև Հայաստանի վրա։

6.Հինգշաբթի օրվանից սկսած՝ դրամն սկսեց կտրուկ արժեվորվել դոլարի ու եվրոյի համեմատ։ Իսկ դա նույնն է, որ մարդուն մտցնես եռման ջրի մեջ, հետո անմիջապես տեղափոխես զրոյից մի փոքր բարձր ջերմաստիճան ունեցող սառը ջրի մեջ ու հայտարարես, որ այրվածքներ ստացած մարդու վիճակը կարգավորվել է։

7.Չորեքշաբթի օրվանից սկսած՝ հարաբերականորեն կարգավորվել է նաև ՌԴ արտարժույթի շուկան, դոլարի ու եվրոյի համեմատ՝ արժեվորվել է նաև ռուբլին։ Դա էլ իր հերթին բերել է ՀՀ–ում վիճակի համեմատաբար կայունացման։

Ոչ հռետորական հարցեր

Հաշվի առնելով վերը նշվածը՝ արժե մի քանի հարցադրումներ հնչեցնել ու անցնել գլխից բռնելուն։

1.Ինչո՞ւ իշխանությունները ձկան պես համր էին այն փուլում, երբ քաոս էր տիրում երկրում, և բլբուլ կտրեցին միայն այն ժամանակ, երբ ՌԴ–ում այլևս կարգավորվեց տարադրամի շուկան։ Որքա՞ն է այդ ընթացքում արտարժույթ դուրս բերվել Հայաստանից։

2.Եթե դրամը գերարժեզրկվել էր, իսկ դոլարը կամ եվրոն՝ գերարժեվորվել, ապա ինչո՞ւ Արթուր Ջավադյանն այդ մասին չէր խոսում խուճապային դարձած դեկտեմբերի 15-ին ու 16–ին։ Նա դա արեց միայն չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17–ին, երբ արդեն իսկ արձանագրվել էր ՀՀ–ից արտարժույթի հսկայական արտահոսք։ Նա միայն ավերածություններից հետո հիշեց, որ պետք է բացատրություններ ներկայացնի հանրությանը, և վստահեցնի, որ դրամի փոխարժեքը վստահաբար կփոխվի, ու դրամը կարժեվորվի։

3.Եթե ԿԲ–ն ուներ անհրաժեշտ ռեսուրսներ, ապա ինչո՞ւ թույլ տվեց այնպիսի փլուզումներ, որոնց մենք ականատես եղանք։ Ո՞վ է պատասխան տալու աղքատության կտրուկ աճի համար։

4.Ինչու՞ է իշխանամետ մամուլը տարածում, թե Սերժ Սարգսյանը հրահանգել է թույլ չտալ ՀՀ–ից արտարժույթի արտահոսք։ Դրանով «փիա՞ռ» են ուզում անել Սարգսյանին, թե՞ այլ բան կա դրա տակ թաքնված։ Եթե այդ լուրը համապատասխանում է իրականությանը (այն չի հերքվել, ուստի կարող ենք հիմք ընդունել, հատկապես որ իշխանամետ մամուլով է դրվել շրջանառության մեջ), ապա Սարգսյանը, փաստորեն, այդպիսով խոստովանում է, որ արտարժույթի արտահոսք է եղել։ Հետաքրքիր է՝դատախազությունը պատրաստվո՞ւմ է քրեական գործ հարուցել, և պարզել, թե ով պետությանն այս չափի վնաս պատճառեց։

5.Եթե, ինչպես Ջավադյանն է պնդում, մասնավոր բանկերը դոլարի պակաս չունեն, ապա ինչո՞ւ էին նրանք հրաժարվում սպասարկել հաճախորդներին, և դա արեցին միայն հինգշաբթի օրվանից սկսած, այսինքն՝ ԿԲ նախագահի ասուլիսից հետո։ Դե հիմա պատկերացրեք այն մարդկանց վիճակը, ովքեր տեսնելով, որ ԿԲ–ն լռում է, դոլարն անընդհատ թանկանում է, և վերջը չի երևում, ստիպված էին որոշումներ կայացնել խուճապային իրավիճակում։ Ի՞նչ են արել որոշակի դրամական խնայողություններ ունեցողները։ Փոխարկել են դրամը դոլարի կամ եվրոյի, որպեսզի այն վերջնականապես չարժեզրկվի։ Ու հիմա այդ մարդիկ պետք է կրկին փոխարկեն դոլարը կամ եվրոն դրամի, որպեսզի խանութից առևտուր անեն, բայց արդեն՝ զգալիորեն էժանացած գնով, ու ապրանքներ գնեն արդեն խուճապի հետևանքով բարձրացած գներով։

6.Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկուշաբթի, երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին մասնավոր բանկերում դոլարի հետ խնդիրներ են առաջանում, իսկ փոխանակման կետերում դոլարի վաճառքի գին չի նշվում, և առքը սահմանվում է 560 և ավելի դրամ, ու «սև» շուկայում վաճառվում առնվազն 570 դրամով, իսկ ահա հինգշաբթի օրը փոխարժեքն իջնում է 500 դրամ՝ այսօր հասնելով մինչև 430–ի։

Իսկ այն, որ բանկերում և ընդհանրապես Հայաստանում դոլար կար, հաստատվում է այն փաստով, որ երեկ ու այսօր ԿԲ–ն բանկերին առաջարկել է դոլար գնել, սակայն բանկերը հրաժարվել են, ու այսօր դոլարը վաճառվում է երկու օր առաջվա համեմատ մոտ 30 տոկոս էժան գնով։

Սպեկուլյանտներն՝ ընդդեմ Հայաստանի

Սերժ Սարգսյանի ու Արթուր Ջավադյանի մոտ ըստ Ֆրեյդի է ստացվել։

ԿԲ նախագահն անընդհատ խոսում էր սպեկուլյանտներից, իսկ Սարգսյանին սատարող մամուլն էլ տարածեց, թե բա՝ շեֆը բարկացել է, ու ասել, որ արտարժույթ չի կարելի հանել Հայաստանից։

Այո՛, Սարգսյանն ու Ջավադյանը ճիշտ են։ Նրանք խոստովանել են, որ Հայաստանից արտարժույթ է դուրս հանվել, և դա արվել է սպեկուլյացիոն եղանակով։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ նախաձեռնությամբ կամ թողտվությամբ է դա տեղի ունեցել։

Հայաստանյան իրողությունները, իշխանական համակարգի բնույթը, տնտեսական հարաբերությունների մեխանիզմները, Սերժ Սարգսյանի կառավարման ոճը, ՀՀ բանկային համակարգում տիրող իրավիճակը, մեծ ծավալի դրամական միջոցների շարժի վերահսկման մեխանիզմները և մի շարք այլ հանգամանքներ մեզ հուշում են, որ այդ սպեկուլյացիաները և արտարժութային արտահոսքերը տեղի չէին կարող ունենալ առանց ՀՀ բարձրագույն ղեկավարության, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի միջամտության, գիտության կամ թողտվության։ Դա ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, քանի որ մեծ քանակի տարադրամային արտահոսքն անմիջապես ֆիքսվում է ԿԲ–ի կողմից, ու հնարավոր չէ, որ բիզնեսի ու փողի վրա տոտալ վերահսկողության ձգտող Սերժ Սարգսյանը տեղյակ չլիներ այդ ամենից (եթե դա այդպես չէ, ապա թող Սարգսյանն ու Ջավադյանը հրապարակավ պատասխանեն վերը նշված հարցերին ու բացատրություններ ներկայացնեն)։

Սերժ Սարգսյանը տեղյակ էր դոլարային սպեկուլյացիաներից ու դրա համար էլ լռում էր (նման դեպքերում նա միշտ լուռ է մնում ու անհետանում է հանրության տեսադաշտից. այդպես է եղել վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր բացասական գործընթացների ժամանակ)։

Պարզ է, որ դրամի արժեզրկման վրա ազդել են տրանսֆերտների պակասեցումը, ներդրումների կրճատումը, արտաքին առևտրային սալդոյի բացասական ցուցանիշները, պղնձի գնի անկումը, բայց դրանք այնպիսին չէին, որ հանգեցնեին դրամի այդպիսի կտրուկ արժեզրկման։

Ակնհայտ է, որ քաոսային օրերին դոլարի հանդեպ պահանջարկը Հայաստանում մեծացել է առավելապես արտաքին գործոնի, ավելի կոնկրետ՝ ռուսական շուկայի կողմից։

ՌԴ–ում դոլարային դեֆիցիտի զոհ են դարձել նաև այնտեղ բիզնեսով զբաղվող հայերը, ովքեր փորձել են դոլար ձեռք բերել Հայաստանից՝ բնականաբար, ստանալով ՀՀ իշխանությունների համաձայնությունը։ Արդյունքում՝ Հայաստանը դարձել է ՌԴ–ին դոլար մատակարարող տարանցիկ երկիր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

ՌԴ–ում գործող մեր հայազգի գործարարներին պետք չի քննադատել։ Նրանք փորձել են իրենց մասնավոր խնդիրները լուծել, և դա նորմալ վարքագիծ է, բայց ՀՀ իշխանություններն էլ պետք է մեր պետության ու ՀՀ քաղաքացիների շահը պաշտպանեին, այլ ոչ թե վերածվեին դոլար ծախող «դալալի»։

Երբ ՌԴ–ում խուճապ սկսվեց, ՀՀ ԿԲ–ն պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկեր մեր երկրից արտարժույթի արտահոսքը կանխելու և փլուզումներ թույլ չտալու համար։ Այնինչ, արվել է ճիշտ հակառակը։ «Մերոնք» պատրաստակամություն են հայտնել դոլար արտահանել «պետական» մակարդակով՝ չխորանալով, որ փլուզումներ կարող են լինել։ Ու այդ սպեկուլյացիան կշարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ–ում խնդիրները չէին կարգավորվել։

Հենց որ Ռուսաստանում դոլարային աժիոտաժն ավարտվեց, և Հայաստանից այլևս դոլար չէին տանում, սպիտակ ձեռնոցներով խաղի մեջ մտան Ջավադյանն ու Սարգսյանը՝ ուշացումով հայտարարելով, թե խնդիր չկա, և, ո՜վ հրաշք, դրամի փոխարժեքը վերադարձավ ելման դիրք։ Ոչինչ, որ հայաստանյան տնտեսությունը և, մասնավորապես, բանկային համակարգը բացասական շոկի ենթարկվեցին, իսկ մարդկանց մոտ խոր անվստահություն առաջացավ ազգային դրամի հանդեպ, որն օրերի և անգամ տարիների ընթացքում շատ դժվար է լինելու վերականգնել։

Եթե դրամը մեկ օրում կարող է դոլարի համեմատ արժեզրկվել 20-30 տոկոսով ու հետո կրկին մեկ օրում արժեվորվել նույնքան տոկոսով, եթե դա տեղի է ունենում իշխանությունների գործուն մասնակցությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը դոլարը չի դառնա 700 դրամ, ու մեկ օր հետո չի իջնի 400 դրամ, ու այդպես շարունակ։

Փող աշխատելու մոլուցքն այնքան մեծ է Բաղրամյան 26–ում, որ չեն էլ մտածում, թե ինչպիսի բացասական ազդակներ են փոխանցել բիզնես դաշտին ու սպառողներին, թե ինչպիսի անվստահության մթնոլորտ է ձևավորվել Հայաստանում ամեն ինչի նկատմամբ։

Այսպես կարող էր վարվել և այսպիսի գաղջ մթնոլորտ ստեղծել միայն փող փախցնողի հոգեբանությամբ օտար վաշխառուն կամ գռդոնչին։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող իշխանության հետ։ Իշխանություն, որն ամեն ինչի պատրաստ է, և որը պետք է հեռացվի համաժողովրդական ճնշման տակ։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում պետական մակարդակով տեղի ունեցավ երկու մեծ ֆինանսական մեքենայություն։ Մեկը՝ 2008-2009թթ., մյուսը՝ հիմա։

Առաջին անգամ դա տեղի ունեցավ ֆիքսված փոխարժեքային քաղաքականության միջոցով, երբ մեկ դոլարը վաճառվում էր 305 դրամով։ Դրամի փոխարժեքն արհեստականորեն պահվում էր 700 միլիոն դոլար պահուստների հաշվին։ Հետագայում այդ մսխված պահուստները լրացվեցին ՀՀ արտաքին պարտքի ավելացման միջոցով։ Տուժեց պետությունը, շահեց մի քանի հոգի։

Եթե հիշում եք, այդ փուլում տխրահռչակ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե փոխարժեքը կայուն է, և խնդիր չկա, ինչպես նաև կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին խնայողությունները պահել դրամով։ Նախկին վարչապետին լսողները, սակայն, մեկ գիշերվա մեջ կորցրեցին իրենց խնայողությունների շուրջ 25 տոկոսը, քանզի 2009թ. մարտի 3–ին դրամի փոխարժեքը 305 դրամից դարձավ 360-375՝ զարկ տալով ինֆլյացիային։

Այս անգամվա «աֆյորայի» գինն արդեն ոչ թե պետական պահուստներն էին, այլ ամբողջ տնտեսությունը, որը դրամի թռիչքաձև տատանումներից շեշտակի հարված ստացավ, ու դեռ երկար չի կարողանալու ուշքի գալ։

Սրանք տնտեսագիտական գնահատականներ չեն։ Սրանք քրեական օրենսգրքին առնչվող երևույթներ են, որոնք պետք է քաղաքական ու իրավական գնահատականի արժանանան։

Ուշագրավն այն է, որ այսքանից հետո իշխանությունները դեռ լկտիություն ունեն սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու հայտ ներկայացնել։

Այս ամենը միայն մեկ բան է նշանակում՝ ներքաղաքական պայքարն այլևս վերածվում է ազգային–ազատագրականի։ Ղարաբաղի անվտանգության ապահովման և Հայաստանի զարգացման բանալին Երևանում է գտնվում։ «Դալալի» վարքագծով աչքի ընկնող իշխանությունից ամեն ինչ սպասելի է։ Հետևաբար, չի կարելի գինեմոլին գինետուն վստահել։

Հ.Գ.–2։ Ես գիտեմ, որ կա անմեղության կանխավարկած, բայց գիտեմ նաև, որ կա կոնկրետ հանցագործություն, որը չի կարող անհետևանք մնալ։ Այնպես որ, իշխանությունները չեն կարող տվյալ դեպքում պաշտպանվել անմեղության կանխավարկածով, քանզի ի պաշտոնե պարտավոր էին կանխել փլուզումը, ինչը չեն արել։ Հակառակը՝ միտումնավոր նպաստել են խուճապին, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան։

Այս խորագրի վերջին նյութերը