Լրահոս

29.09.2009 14:18


«Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանական խմբակցություններին առաջարկել է ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների մասին հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.

«Կողմ լինելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախ և առաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք՝ ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են՝

  • գոյություն ունեցող այսպես կոչված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչմանը, քանի որ այդպիսի ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական և հակահայկական պայմանագրերը:
  • պատմական փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվի Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացված հայության եղեռնն ու հայրենազրկումը և աշխարհի գրեթե երկու տասնյակ պետությունների կողմից որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչված հայոց ցեղասպանությունը:

Միաժամանակ հաստատում ենք, որ. հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը չի կարող ուղղակի կամ քողարկված առնչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ու նրա ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների օրինականությանը, ինպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հռչակված սահմաններին և տարածքային ամբողջականությանը:

Կոչ ենք անում համայն հայությանը համախբվել այս կարևորագույն  քաղաքական և պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ և այդպիսով նպաստել հայոց պետականության հիմնարար սկզբունքերի ու համազգային նպատակների իրագործմանը' ապահովելով հայրենիքի հզորացումը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը