Լրահոս

29.09.2009 16:19


Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Շիրակի մարզի բնակչության կողմ և դեմ կարծիքները բաժանվում են գրեթե հավասարապես

Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» և «Սպիտակ Նառ» երիտասարդությունը հանուն զարգացման հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ     սեպտեմբերի 29-ին,  Գյումրիում' տեղի ունեցավ «Առկա քաղաքական զարգացումները և մարտահրավերները'հայացք Շիրակից» թեմայով  քննարկումների շարքի առաջին հավաքը:

Քննարկմանը մասնակցում էին Շիրակի մարզում գործող տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչներ, բազմաթիվ մտավորականներ և տարբեր համայնքներից հրավիրված ակտիվ քաղաքացիներ:

 Կազմակերպիչները իրենց բացման խոսքում մասնավորապես նշեցին, որ

 Հայաստանում, և մասնավորապես մարզերում անկողմնակալ, քաղաքական պատվերներից զերծ հասարակական քննարկումները բացակայում են և երկու կազմակերպությունների նախաձեռնությունը նպատակ է հատապնդում լրացնել այդ բացը, ինչպես նաև իրազեկվել Շիրակի մարզի ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիների տեսակետների, դրանք համակարգել և հանրայնացնել:  Այն չի ֆինանսավորվում և չի ուղղորդվում որևէ միջազգային կազմակերպության, իշխանության կամ քաղաքական ուժի կողմից:  Ստորև ներկայացնում է քննարկման ընթացքում հնչած ելույթներից մեջբերումներ:

Վահան Թումասյան՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ. «Անձամբ ես անշուշտ ողջունում եմ հանրությանը միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացներին մասնակից դարձնելու իշխանության ցանկությունը, սակայն չի կարող չմտահոգել այն, որ իշխանությունները հանրային քննարկում ասելով հասկանում միայն այն շրջանակը, որը բաղկացած է երևանյան, այսպես կոչված, քաղաքական էլիտայով և ԶԼՄ-ներով: Եվ սա այն դեպքում, երբ Շիրակը լինելով Թուրքիայի հետ սահմանակից մարզը, որտեղից և բացվելու է միակ երկաթուղային ճանապարհը, իր վրա անմիջականորեն է կրելու հարաբերություններ հաստատելու հետևանքով ստեղծվելիք դրական կամ բացասական հետևանքները, ուստի արժե, որ մեր այս քննարկմանը ինչոր չափով անդրադառնանք նաև այդ հավանական իրավիճակին: Իմ խորին համոզմամբ իշխանությունները քննարկումները պետք սկսեին համայնքներից և առաջին հերթին  Շիրակի մարզից:

Ինչպես գիտենք հանրապետության նախագահը այդ նույն նպատակով մեկնելու է արտասահմանյան ուղևորության, միանշանակ ողջյունելի քայլ է, սակայն կարևորելով սփյուռքահայության կարծիքը չպետք է անտեսվի մարզերում բնակվող քաղաքացիներինը: Անկասկած նախագահ Սերժ Սարգսյանը այլ կերպ կվարվեր և առաջին հերթին մարզեր կմեկներ հետո միայն սփյուռք, եթե մեր երկրում իշխանությունը պատկաներ ժողովրդին, ինչպես գրված է մեր սահմանադրությունում:

 Ինչևիցէ ... հիմա  ուզում եմ անդրադառնալ Հայաստանում ներկայումս ընթացող քննարկումների բովանդակությանը: Հնչող կարծիքները կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարամերժ տեսակետների: Մի կողմից իշխանությունների տեսակետն է, մյուս կողմից ընդդիմության: Լսելով մի կողմին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի  ապագան և միակ փրկողակը Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն է, և ճիշտ հակառակը' մյուս կողմի կարծիքով արձանագրությունների ստորագրմամբ և այդ կերպ հարաբերությունների հաստատմամբ և սահմանի բացմամբ Հայաստանն ապրելու է առնվազն մի մեծ ողբերգություն: Կարծում եմ  երկու կարծիքներն էլ հավասարապես մերժելի են:

Առհասարակ մեր ժողովուրդը երրորդ հանրապետությունում ապրում էր կամ դեռևս ապրում է երկու հիմնական երազանքով և ձգտումով: Առաջինը դա Հայաստանում ժողովրդավարական, իրավական և սոցիալական կարգերի հաստատումն էր, որի պայմաններում մեր քաղաքացիները կապրեին արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով: Իսկ երկրորդը' ազգային երազանքներն էին, որը հիմնականում բաղկացած է ցեղասպանության ճանաչմամբ և Արևմտահայաստանով: Ինչպես գիտենք հայաստանյան անցած բոլոր իշխանությունների և քաղաքական ուժերի համառ ջանքերով առաջին երազանքը հավասարեցվեց հողին և ներկայումս Հայաստանում քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր դեռևս հույս են փայփայում, որ գոնե առաջիկա տասնամյակում կլինի ժողովրդավարական և իրավական երկիր: Իսկ երկրորդ երազանքը վտանգի տակ է, ներկայումս  պետական քարոզչամեքենայի Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալած, այսպես կոչված հանրային քննարկումների ձևի և մեթոդների պատճառով:

Եվ եթե մի իշխանական  կողմը հիասթափեցնում և ոչնչացնում է հայ ժողովրդի երազանքները,  մյուս' ընդիմադիր  կողմը առնվազն վախ, ահ ու սարսափ է տարածում, որը ոչ պակաս կործանարար է: Եվ երկու կողմերն էլ հավասարապես կարծես թե մոռանում են, թե ինչ անհեթեթ վիճակում ենք հայտվելու այն դեպքում, երբ պարզվի որ Թուրքիան կրկին դաժան կատակ է անում և ամենևին մտադիր չէ, այսպես ասած, բարի դրացիական հարաբերություններ հաստատել մեզ հետ...»։
Կարապետ Պողոսյան՝  «Սպիտակ Նառ» ՀԿ նախագահ.
«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներից ներկա փուլում առավել մտահոգողը հայ-թուրքական հարաբերություններն են, դրանց հետևանքները, մարտահրավերները: Այդ իսկ պատճառով, որպես քննարկման առաջին նյութ կարևորում ենք այս թեման: Առավել ևս հանրապետությունում այս թեմայով անցկացվող քննարկումները հիմնականում տարբեր քաղաքական կազմակերպությունների տեսակետներ են, և արտացոլում են իրենց քաղաքական դիրքորոշումները, հաճախ նաև չափազանց հակասական:

Մենք հայ-թուրքական հարաբերությունների քննարկումները ավելի շուտ կարևորում ենք հետագա վտանգներին (մարտահրավերներին) դիմակայելու ռազմավարություն մշակելու գործընթացով, քանի որ պարզ ասած մենք այսօր կանգնած ենք կատարված փաստի առաջ, այսինքն՝ այսպես կոչված նախաստորագրված փաստաթուղթը արդեն սպասում է միայն վավերացման: Այն պետք էր դնել քննարկման թեկուզև իշխանական Ֆորմատներով նախքան նախաստորագրելը:

Ուստիև պատկերացնելով դրա հետևանքները՝ օրինակ ցեղասպանության հետ կապված, այս քննարկումների մեջ ակնկալում ենք հետագայում նմանօրինակ խայտառակ «ենթահանձնաժողովների» կողմից նախաստորագրությունների կանխումը»:

Յուրա Հարությունյան՝ լրագրող
«Ծնողներս միշտ ասում էին, որ «թուրքը միշտ էլ թուրք կմնա» և ես անձամբ դեմ եմ սահմանի բացմանը, որը կարող է բերել Հայաստանի բնակավայրերի թուրքացմանը»:

Արտակ Հովհաննսիյան՝  պատմաբան, արևելագետ
«Սահմանի բացումը դեռևս չի նշանակում, թե թուրքերը պետք է գան և ողջ երկիրը պետք է գրավեն: Սա  կապիտուլացիոն փաստաթուղթ չէ և արժե դրականը ևս տեսնել»:

Նորայր Պողոսյան՝ հնագետ
«Արձանագրությունները միակողմանի' թուրքական շահ հետապնդող փաստաթուղթ է, մենք ոչինչ չենք շահելու դրանց վավերացմամբ»:

Սահակ Շիրինյան՝ Ջաջուռ գյուղի բնակիչ. «Մենք պետք է կարողանանք ազդել հայկական դիվանագիտության վրա, արձանագրությունների վավերացումը նշանակում է ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում, անձամբ դեմ եմ սահմանի բացմանը Թուրքիայի հետ»:

Կորյուն Սումբուլյան՝ Բավրայի գյուղապետ «Սահմանի բացմանը ես կողմ եմ և համարում եմ, որ դա ընդամենը սահմանի բացում է հայերի և հայերի միջև, քանզի այն կողմը ևս համարում եմ մեր հողերը»:

Այս խորագրի վերջին նյութերը