Լրահոս

29.09.2009 16:27


ՀԱԿ–ի և «Ժառանգության» քննադատություններում ստրատեգիական և տակտիկական համընկնումներ կան

ՀԱԿ–ի և «Ժառանգության» քննադատություններում ստրատեգիական և տակտիկական համընկնումներ կան

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը լրագրողներին ասել է, որ հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունների ստորագրումը կանխելու ուղղությամբ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն բավականին կառուցողական աշխատում են, և այդ հարցում փոխըմբռնում կա։

Լրագրողների այն դիտարկմանն էլ ի պատասխան, թե ՀՅԴ-ի հետ համագործակցությունը ՀԱԿ համակիր լրատվամիջոցները գնահատել են որպես «իշխանական պրոյեկտի շրջանակներում» արված քայլ, Լ. Ալավերդյանը հույս է հայտնել, որ «Հայ ազգային կոնգրեսում» կգտնվեն ինտելեկտուալ և շարունակական պայքար մղելու պատրաստակամ մարդիկ, ովքեր կհասկանան «Ժառանգության» գործելաոճը և «կվերջացնեն այդ անտեղի հարձակումները»։

-Ես մնում եմ այն կարծիքին, որ մեկ մարմնի մեջ ընդդիմության միավորվելը սխալ է։ Այդպիսի գերկենտրոնացումը հասարակության համար միշտ էլ բերում է կորուստների։ Կարծում եմ, որ այդ գնահատականները շարունակում են ՀԱԿ-ում եղած ուժերի կամ անձերի ձգտումը՝ ուղղակի ձուլել, միավորել «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ։

Լ. Ալավերդյանը նաև ցանկություն է հայտնել, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կարողանան հավասարը հավասարի նման պայքարել և «թույլ չտալ իշխանություններին ստորագրել այն, ինչը որ նախաստորագրված է»։

-Այստեղ կան ստրատեգիական և տակտիկական համընկնումներ,- ասել է նա՝ հավելելով,-Կոնգրեսը, հուրախություն ինձ, շատ հետաքրքիր թեզերով է հիմա հանդես գալիս. իր քննադատությունը բավականին կոնստրուկտիվ հնչեցնում է այս արձանագրությունների հանդեպ։ Ես միտված չեմ ասել, թե ո՞նց է՝ դուք 14-15 տարի առաջ էսպես էիք ասում։ Ի վերջո, այն ժամանակվա հնչեցվածը եղել է մեկ քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի կողմից և 15 տարի առաջ, իսկ այսօր անցել է այդ 15 տարին։ Ես միտված եմ միշտ տեսնել որևէ քաղաքական ուժի կամ միավորման դինամիկան։ Հիմա այդ քննադատությունների մի քանի կետեր կան, որ համընկնում են մեր գնահատականների հետ։

Լ. Ալավերդյանը համաձայն չէ միայն այն կարծիքին, որ եթե իշխանափոխություն լինի, և ժողովրդի վստահությունը վայելող նախագահը ղեկավարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը, ապա այն ավելի դրական ընթացք կստանա.

-Սա բավականին հեղհեղուկ է առնվազն ինձ համար։ Բայց հնչեցված քննադատությունը վերին աստիճանի համահունչ է որոշ փորձագետների և կոնկրետ իմ կողմից տված գնահատականներին։ Հիմա ՀԱԿ-ը տակտիկական խնդիրնե՞ր է լուծում, թե՞ ստրատեգիական, ցույց կտա մոտակա ժամանակը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը