Լրահոս

29.09.2009 18:11


«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությունը

Հայ-թուրքական այլևս հայտնի Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների, նրանց կամքը անվերապահորեն կատարող 52 այսպես կոչված կուսակցությունների, հանրային խորհրդի, մանր ու մեծ այլ խամաճիկների, կերակրատաշտին մոտ կանգնած հայախոսների կեցվածքը կանխորշված էր դեռ շատ վաղուց:

Իշխանական նախագծերի մեջ չէր տեղավորվում "Ժառանգություն" կուսակցությունը, համանուն ԱԺ պատգամավորական խմբակցությունը իր իրոք ընդդիմադիր կեցվածքով...

Սեպտեմբերի 15-ին հայ իրականության համար արտառոց մի առաջարկով  հանդես գալով «Ժառանգություն»  կուսակցությունը և համանուն խմբակցությունը դիմում է ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ «Հանրաքվեի մասին» օրենքով  նախաձեռնելու և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպելու համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե: Կառավարությունից մերժում ստանալուց հետո Ժառանգություն" կուսակցությունը այժմ էլ դիմել է Սերժ Սարգսյանին:

Այն, որ ՀՀ-ում, բացի 1991թ. Անկախության հանրաքվեից, ցանկացած այլ իրականացված հանրաքվե նպատակ է հետապնդել իշխանությունների ապօրինի գործունեությանը օրինական և իրավական տեսք տալու համար, որևիցէ մեկը Հայաստանում չի կասկածում:

Առկա ռեժիմի օրոք, բռնատիրության պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող է խոսք գնալ, եթե մարդու Աստվածատուր ընտրելու իրավունքն այսօր մեզանից խլել են:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քվեարկություն պետք չէ անցկացնել: Մինչ այն ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում գերակա չէ Օրենքի իշխանությունը, չի վերականգնվել արդարությունն ու հայ մարդու խաթարված բարոյական արժեհամակարգը, չի տապալվել ռեժիմը, հայ քաղաքական միտքը իրավունք չունի գործածել «ընտրություն»,  «քվեարկություն» տերմինները:

Այժմ իրողություն է նաև այն, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը զուգակցվելու է «Մադրիդյան սկզբունքների» հենքի վրա Արցախի հիմնախնդիրը լուծելուն:

ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ի լուր աշխարհի "Վեստի վ սուբոտու" հաղորդման ժամանակ հայտարարեց, որ ինքը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել ԼՂԻՄ-ին հարակից բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են հայկական ռազմական հսկողության ներքո, պայմանով, որ սկզբում հանրաքվեով պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը:

Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ ազատագրված տարածքները, ի մասնավորի Աղդամը, մեր հայրենիքը չեն և ուստի ենթակա են սակարկման և հանձնելու Ադրբեջանին:

Տարօրինակը այսօր «Ժառանգության» ներկայիս կեցվածքն է:

Ի՞նչ է, հանրաքվեով հայ ժողովուրդը իր դիրքորոշումը արտահայտելով Արձանագրությունների նկատմամբ, փորձելու է կասկածի՞ ենթարկել, որ ազատագրված տարածքները Հայրենիք են թե ոչ:

Սակայն "Ժառանգության" քայլի արդյունքը այդ է ակնկալում:

Այնինչ ծնողներին և Հայրենիքը չեն ընտրում: Այն տրվում է ի վերուստ:

Այս խորագրի վերջին նյութերը