Մեկնաբանություն

25.12.2014 10:50


«Սերժ անտեղյակն» ու դրամի փոխարժեքը

«Սերժ անտեղյակն» ու դրամի փոխարժեքը

Իշխանական քարոզչամեքենան փորձում է Սերժ Սարգսյանին դուրս բերել դրամի հետ կապված կատաստրոֆիկ գործընթացների համար պատասխանատուների ցանկից (իրականում Սարգսյանը թիվ մեկ պատասխանատուն է ի պաշտոնե)։

ՀՀԿ ղեկավարին փրկելու և նրա հետքերը մաքրելու գործում ներգրավվել են դաշնակցականներից մինչև «անկախ» մամուլի միջոցներ, որոնք փրփուրները բերաններին համոզում են, որ Սերժ Սարգսյանն անտեղյակ է եղել դոլար–դրամ կտրուկ տատանումներից, գլուխը խառն է եղել, բայց երբ իմացել է, թե ինչն ինչոց է, անմիջապես անցել է գործի, ու հրաշք է տեղի ունեցել՝ դրամը կայունացել է։

«Գեբելսյան» քարոզչամեքենան նաև ուզում է ապացուցել, որ փոխարժեքի սպեկուլյացիաների ու գների բարձրացման միջոցով Սերժ Սարգսյանի դեմ դավադրություն է տեղի ունեցել (աչքով–ունքով հասկացնում են, որ Կառավարության շենքից է գալիս դավադրությունը, և բացի այդ՝ նորաթուխ հաճախորդի բերանով տարածում են, թե ընդդիմությունն է խորացրել խուճապը՝ բարձրաձայնելով խնդիրների մասին)։

Մի կողմ թողնենք, որ նմանատիպ ախմախություններին և հեքիաթներին կարող է հավատալ միայն քաղաքականապես անմեղսունակը։ Այստեղ ուշագրավն այն է, որ իշխանական քարոզչամեքենան, փաստորեն, կերտում է «Սերժ անտեղյակի» կերպարը, ինչպես նաև նախագահական ինստիտուտը հավասարեցնում «մեխի գլխի»՝ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ այդպիսով սարսափելի հարված է հասցվում նույն Սերժին, ինչպես նաև պետությանը։

Դատե՛ք ինքներդ. եթե Բ26–ի քարոզչագործիքներից հանդիսացող թերթը գրում է, թե Սերժ Սարգսյանի գլուխը խառն է եղել, նա Հայաստանում չի եղել ու դրա համար է ուշացումով միջամտել տարադրամի շուկայում տեղի ունեցող գործընթացներին, ապա ստացվում է, որ մեր երկիրը լուրջ վտանգի մեջ է, քանզի եթե «Վերջի բոլշևիկը» մեկնի, ասենք, Հարավային Կորեա (լուրջ պետական գործեր քննարկելու նպատակով. իսկ ձեր մտքով ա՞յլ բան անցավ), ու այդ ընթացքում Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսվի, ապա նա անմիջապես չի արձագանքելու և իր զբաղեցրած պաշտոնից բխող քայլեր չի ձեռնարկելու մինչև Երևան վերադառնալը։

Համաձայնե՛ք, որ ավելի խայտառակ «PR» հնարավոր չէր մտածել։ Հետո էլ ասում են, թե նախագահականում «կրեածիվ» ջահելներ են հավաքվել։ Սա՞ է ձեր մտքի թռիչը, տղանե՛ր և աղջկե՛րք։

Այլ հարց է, եթե խնդիր է դրված դոլար–դրամ խաղերի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանին փրկել՝ նրա վրա «Սերժ անտեղյակի» իմիջ «կարելով»։ Բայց դե, դա արդեն ծիծաղելի էլ չէ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը