Լրահոս

30.09.2009 17:35


ՀՀԿ անդամ. «Նոր իրողությունները մեզանից պահանջելու են նաև նոր օրենքների ընդունում և առավելապես ենթաօրենսդրական ակտերի ընդունում»

ՀՀԿ անդամ. «Նոր իրողությունները մեզանից պահանջելու են նաև նոր օրենքների ընդունում և առավելապես ենթաօրենսդրական ակտերի ընդունում»

-Վերջին 15 տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր արևմտյան հարևանի հետ սկսել է մի գործընթաց, որը հաջող ավարտի դեպքում կարող է նոր հնարավորություններ բացել մեր երկրի զարգացման համար։ Ակնհայտ է նաև, որ հասարակության ոչ բոլոր հատվածներն են միանշանակ գնահատում այս հնարավորությունները։ Տարբեր կարծիքներ կան նաև սփյուռքում, և այն, ինչ նախաձեռնել է հանրապետության նախագահը, կարծում եմ՝ աննախադեպ և ողջունելի առաքելություն է։ Առաջին անգամ է, որ նախագահը մեկնում է սփյուռք՝ մեր հայրենակիցների հետ քննարկելու համահայկական նշանակության խնդիրները,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս «Դուպլեքս» ակումբում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է սահմանների բացման հետևանքով առաջացող տնտեսական խնդիրներին, Գագիկ Մինասյանն ասել է, որ տնտեսական առումով շատ ավելի հզոր պետության հետ հարաբերվելիս, ինչպիսին Թուրքիան է, Հայաստանին, բնականաբար, լուրջ մարտահրավերներ են սպասվում.

-Մենք ունենք օրենքներ, որոնք թույլ են տալիս մեզ պաշտպանել մեր շուկան։ Սակայն նոր իրողությունները մեզնից պահանջելու են նաև նոր օրենքների ընդունում և առավելապես ենթաօրենսդրական ակտերի ընդունում։ Չեմ ուզում շատ դրական գույներով նկարագրել այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել սահմանի բացումից հետո։ Իհարկե, կան մարտահրավերներ, սակայն ես առավել քան համոզված եմ, որ այն լծակները, որոնք այսօր մենք ունենք օրենսդրական և ենթաօրենսդրական, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հնարավորություններում, մեզ բավարարելու են այդ մարտահրավերները դիմակայելու համար։

Արձանագրություններում փոփոխություններ մտցնելու հնարավորությանն անդրադառնալով՝ Գ.Մինասյանն ասել է.

-Պետք է հասկանանք, որ ներկայացված փաստաթուղթը կոմպրոմիսային է։ Ես մեծ վախ ունեմ, որ եթե մեր կողմից պետական մակարդակով լրացումներ առաջարկվեն, ապա անխուսափելիորեն նման առաջարկներ կառաջանան նաև թուրքական կողմից, ինչը մեզ կբերի ապրիլի 22-ին նախորդող շրջանին։ Կառաջանան նախապայմաններ, և չգիտեմ՝ որքանով կշահի Հայաստանը կամ Թուրքիան, բայց որ Ադրբեջանը մեծապես կշահի, չեմ կասկածում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը