Լրահոս

30.09.2009 18:21


Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ. «...նման «վրիպակներ» մեր եթերում և մամուլում հաճախ են տեղ գտնում»

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ողջունելով Հայաստանի հանրային հեռուստատեսության մարզական ծրագրերի խմբագրության' հանրային հետաքրքրություն ունեցող առաջնությունները մանրազնին ու հետևողականորեն լուսաբանելուն միտված աշխատանքը, իր տարակուսանքն է հայտնում երբեմն տեղ գտնող բացթողումների ու սխալ տեղեկատվության կապակցությամբ, որոնցից վերջին երկուսը եթեր հեռարձակվեցին Ազատ և Հունահռոմեական ըմբշամարտերի աշխարհի առաջնության թողարկումների ընթացքում.

ա/ Հ1-ի մեկնաբանը նշեց, որ 2001թ.-ից հետո ոչ մի մարզաձևից աշխարհի չեմպիոն չենք ունեցել:

      Պարզաբանում

2004թ-ին Քրիստինե Նաջարյանը Մոլդովայում անցկացված Սամբոյի կանանց աշխարհի առաջնությանը դարձել է չեմպիոն:

բ/ Նշվեց, որ հայ մարզիկների համար 2009-ին մնացել է միայն նոյեմբերին կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությանը:

      Պարզաբանում

2009թ-ի հոկտեմբերի 15-ից 19-ը Բուլղարիայում կայանալու է սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների, նոյեմբերի 5-ից 9-ը' Հունաստանում սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի սամբոյի հավաքականները:

Հարկ ենք համարում նշել, որ նման «վրիպակներ» մեր եթերում և մամուլում հաճախ են տեղ գտնում: Պատճառը, գուցե, սամբո մարզաձևի ոչ օլիմպիական լինելն է, ինչը, սակայն, բոլորովին չի նսեմացնում հայ սամբիստների հաջողությունը, դրանից սամբիստների նվաճած մեդալների փայլը չի խամրում ու հայ մարզասերը պակաս չի ուրախանում, երբ աշխարհի ու եվրոպայի առաջնություններում հայ սամբիստներն են բարձրացնում հայոց եռագույնն ու հնչեցնում «Մեր հայրենիքը»:

Ասվածին հավելենք նաև, որ այս տարի եվրոպայի առաջնություններում /պատանիներ, երիտասարդներ, աղջիկներ, մեծահասակներ' կանայք և տղամարդիկ/ հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ;

    Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ'    Լևոն Հայրապետյան

Այս խորագրի վերջին նյութերը