Մեկնաբանություն

13.01.2015 16:16


Շպենգլերի նաֆսը

Շպենգլերի նաֆսը

Այն, ինչի մասին խոսում էր Շպենգլերն իր «Եվրոպայի մայրամուտը» աշխատության մեջ, առարկայական տեսք է ստանում։ Շպենգլերը մի փոքր այլ ռակուրսով էր թեման բացում, բայց դա արդեն էական չէ։

«Շառլի Էբդոյի» խմբագրակազմի հետ տեղի ունեցածը ողբերգություն է։ Ծաղրանկարիչները զոհ գնացին ահաբեկչության։

Ստեղծված իրավիճակում եվրոպական պետությունների լիդերներին այլ բան չէր մնում, քան հանրահավաք–երթ անելը։ Իսկ երթ ու հանրահավաք անելը, որպես կանոն, ընդդիմության ֆունկցիան են։ Լիդերների երթով արձանագրվեց, որ եվրոպացիներն իրենց տանն ընդդիմություն են դարձել, և բողոքում են իշխանությունը բռնությամբ զավթելու հայտ ներկայացրած իսլամիստների դեմ։

Ֆրանսիան ու Արևմուտքը (նաև՝ առաջադեմ մարդկությունը) ցնցված են, ու հնարավոր չէ չցնցվել, երբ ծաղրանկարի համար մարդկանց զրկում են կյանքից։ Բայց Ֆրանսիան ու Արևմուտքը Սիրիայում և Իրաքում Թուրքիայի (Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի) հետ ֆինանսավորում ու ամեն կերպ աջակցում են ծայրահեղ իսլամիստներին և չեն ցնցվում, երբ նույն այդ իսլամիստները ցեղասպանության են ենթարկում քրդերին ու եզդիներին։

Ֆրանիսան ու Արևմուտքը չցնցվեցին և երթ չարեցին, երբ ամբողջ աշխարհի աչքի առաջ իրենց սիրելի իսլամիստները ծնկաչոք վիճակում մարդկանց էին գնդակահարում կամ ուտում սպանվածների ներքին օրգանները։

Ռեալ պոլիտիկը դաժան բան է։ Այն բումերանգի էֆեկտ ունի և հարվածում է այնտեղ, ուր չես սպասում։

Շպենգլերը, բնականաբար, չէր կարող իմանալ, որ «Շառլի Էբդոյի» խմբագրակազմն արյունոտ դատաստանի է ենթարկվելու, բայց նրա նաֆս–կանխատեսումն արժեքային համակարգի մասով իրականանում է։

Ռեալ պոլիտիկն իր երկակի ու եռակի ստանդարտներով հիմա մտել է Եվրոպայի սիրտը՝ Փարիզ։ Թոյնբիի ու Հանթինգտոնի նկարագրած քաղաքակրթությունների բախում այստեղ չկա, քանզի, ինչպես վերևում նշեցինք, Արևմուտքը մեծ հաճույքով աչք է փակում իսլամիստների գործողությունների վրա, այսինքն՝ չտեսնելու է տալիս այլոց կյանքի իրավունքի ոտնահարումը։ Չտեսնելու է տալիս, քանզի սպանությունները տեղի են ունենում այլ տարածքում և այլ ենթատեքստով։ Զորահանդեսի հրամանատարն այս դեպքում նորին գերազանցություն Շահն է ու Քաղաքատնտեսական նպատակահարմարությունը...

Հիմա Մուհամմեդի վկաները կրակում են Եվրոպայի սրտում։ Եվ օլանդներին ու մերկելներին ոչինչ չի մնում անելու, քան երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գնահատականները խմբագրող և ֆաշիստական Գերմանիան ԽՍՀՄ–ի զոհ ներկայացնող ուկրաինական իշխանությունների հետ համատեղ երթ անելը։ Սա արդեն իրոք մայրամուտ է, որը պետք է թույլ չտալ՝ եվրոպական (համամարդկային) արժեքները պաշտպանելով արևմտյան որոշ լիդերների իսլամական ուղղվածություն ունեցող ռեալ պոլիտիկից։

«Շառլի Էբդոյի» խմբագրակազմի վրա կրակելու հրամանն արձակվել է ռեալ պոլիտիկի շրջանակներում։ «Ալլահ աքբար» գոռացող մարդասպաններն ընդամենն այդ հրամանն են կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը