Մեկնաբանություն

14.01.2015 13:35


Հրապարակային առևտրի մեկնարկը տրված է

Հրապարակային առևտրի մեկնարկը տրված է

Բազմիցս առիթ եղել է՝ գրելու այն մասին, որ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ վերնախավի միջև գործարք է կնքվել «Պաշտոններ՝ սահմանադրական փոփոխություններին աջակցելու դիմաց» թեմայով։ Հրանտ Մարգարյանն այդ առումով հաջողակ բիզնեսմեն է։ Ճիշտ է, մանր կալիբրի բիզնեսմեն, բայց, այդուհանդերձ, հաջողակ։

Հիմա այդ գործարքի կյանքի կոչման գործընթացը մտել է հրապարակային առևտրի փուլ, կամ, այլ կերպ ասած, «հոլանդական» եղանակով կազմակերպվող աճուրդի փուլ։

Ամանորյա հանգստից հետո ՀՅԴ–ականները անցան գործի՝ ասուլիսի ժամանակ ներկայացնելով իրենց առաջարկները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ դա աթոռների և այլ բաների շուրջ «բազառի» մեկնարկի մասին հայտարարություն էր։

Իսկ այն, որ դա կեղտոտ «բազառ» է, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանզի դժվար է հավատալ, որ ՀՅԴ–ում հավատացել են, որ բացառապես տոկոս «խփելու» հարցում մասնագիտացած Ս. Սարգսյանի մոտ արթնացել է բարեփոխիչը։

Միայն քաղաքականապես անմեղսունակները և Հայաստանով չհետաքրքրվողները չգիտեն, որ սահմանադրական փոփոխություններն ունեն միայն մեկ նպատակ, այն է՝ այլ կարգավիճակով նպաստել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը։ Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում պահպանվելու, ավելի ճիշտ՝ խորանալու են այն խնդիրները, որոնք մենք ունենք, և որոնք հետևանք են վերջին յոթ տարիների ընթացքում վարվող ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության։

ՀՅԴ վերնախավում այս ամենի մասին շատ լավ գիտեն, բայց քանի որ գործում են կոմերցիոն տրամաբանությամբ, ուստի օդիոզ ՀՀԿ–ականներից ավելի մեծ էնտուզիազմով են լծվել սահմանադրական փոփոխությունների քարոզին և «Վերջի բոլշևիկի» համար քաղաքական փաստաբանություն անելու գործին։

Թե ինչով կավարտվի Սարգսյան–ՀՅԴ վերնախավ հերթական «սիրախաղը», արդեն էական չէ։ Էականն այն է, որ մի խումբ մարդկանց կողմից աճուրդի է հանվել 125–ամյակի նախաշեմին գտնվող մի ողջ կուսակցություն։

Շատ ավելի էական է այն, որ աճուրդի է հանվել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության հարցը։

Բոլորն էլ հասկանում են, որ սարգսյանական իշխանության պահպանումն ու երկարաձգումն ուղղակի հարված է մեր անվտանգությանը։ Հասկանում են նաև Սերժ Սարգսյանի «հին ու նոր ընկներները», սակայն սոցիալ–տնտեսական այս ծանր պայմաններում փորձում են օգտվել ՀՀԿ ղեկավարի՝ քաղաքականապես մենակ մնալու հանգամանքից, և ընդամենը «բազառի» գինն են ուզում բարձրացնել մեր երկրի անվտանգության հաշվին։

Պատմությունը դաժանաբար կրկնվելու հատկություն ունի, բայց չի կարելի դա թույլ տալ։ Մենք մի անգամ պետություն ենք կորցրել ու մի անգամ էլ կարող էինք Ղարաբաղը կորցնել։ Երրորդ անգամ նման էքսպերիմենտը կարող է շատ դաժան ավարտ ունենալ։ Ուստի, «բազառի» բոլոր կողմերին պետք է ուղարկել չվաստակած հանգստի։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների անցկացման թեմայով հայտարարել էր, որ չկա անհրաժեշտ քաղաքական կոնսոլիդացիա։ Այն ակնհայտորեն չի ստացվում, քանզի դժվար է հանրությանը մատուցել, որ ՀՅԴ–ի ու մեկ–երկու անհատ հաճախորդի կողմ արտահայտվելը քաղաքական կոնսոլիդացիա է։ Բայց դե, դատելով ամենից՝ ՀՅԴ–ին ամեն դեպքում նետել են մարտի։

Այս խորագրի վերջին նյութերը