Լրահոս

01.10.2009 17:44


Աշոտ Մելքոնյան. «Եթե գոյություն ունեցող ընդհանուր սահմանի ճանաչումը նախապայման չէ, բա ի՞նչ է»

Աշոտ Մելքոնյան. «Եթե գոյություն ունեցող ընդհանուր սահմանի ճանաչումը նախապայման  չէ, բա ի՞նչ է»

-Ինձ շատ են զարմացնում այն ձգտումն ու այն անձինք, ովքեր պաշտպանում են այս փաստաթուղթը և ներկայացնում, որ այստեղ նախապայմաններ չկան. այնքան ակնհայտ է, որ այստեղ նախապայման կա։ Գոյություն ունեցող ընդհանուր սահմանի ճանաչումը, օրինակ, եթե նախապայման  չէ, բա ի՞նչ է,- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներին իր ելույթի ժամանակ ասել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Նրա խոսքերով՝ եթե այլ երկրի հետ հարաբերություններ հաստատեինք, ապա պահանջ չէր դրվի ամեն ինչ մանրամասնորեն քննարկել, բայց Թուրքիայի հետ ամեն ինչ այլ է։

-Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Ցեղասպանության խնդիրը պետք է տանել  իրավաքաղաքական դաշտ։ Ինձ շատ են մեղադրում, թե Ցեղասպանության խնդիրը զգացական է։ Ինչո՞ւ, Ցեղասպանության խնդիրը միայն զգացակա՞ն է։ Ո՛չ, այն գործոն է,-հավելել է նա։

Ըստ Աշոտ Մելքոնյանի՝ թուրքերն ինչպես բացեն սահմանը, այնպես էլ ցանկացած անհիմն պատրվակով փակելու են այն։

-Ինչպես հայ-թուրքական ցանկացած պայմանագիր, այս արձանագրություններն էլ պիտի խախտվեն Թուրքիայի կողմից։ Եվ ես առաջարկում եմ խորհրդարանին, որ նրանք պայման մտցնեն, որ եթե թուրքերը գոնե մի կետ խախտեն, ողջ պայմանավորվածությունները չեղյալ համարվեն։ Դա նրա համար է, որ ինչպես մենք մղկտում էինք Կարսի պայմանագրի կապակցությաբ, այս փաստաթղթերի դեպքում էլ նույնը լինի,-ասել է Աշոտ Մելքոնյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը