Մեկնաբանություն

16.01.2015 01:54


Ի՞նչ ցույց տվեցին Գյումրիի դեպքերը

Ի՞նչ ցույց տվեցին Գյումրիի դեպքերը

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության և դրան հաջորդած զարգացումների մասին շատ է խոսվել ու գրվել, և էլի է խոսվելու ու գրվելու։ Այս ամենին շուտով կտրվի նաև քաղաքական գնահատական, քանզի սա մաքուր քաղաքական հարց է։

Մինչև ամբողջական գնահատական հնչեցնելը, սակայն, արժե մի քանի բան արձանագրել հենց այս պահին։

1.Ավետիսյանների սպանությունը, ՀՀ իշխանությունների պահվածքը, հունվարի 15–ի երեկոյան տեղի ունեցած ցույցն ու ոստիկանության հետ բախումները ցույց տվեցին, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի։ Կան մի խումբ մարդիկ, ովքեր, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տիրացել են պետական լծակներին ու ծառայեցնում են դրանք իրենց մասնավոր շահերին։ Այդ մի խումբ մարդիկ ունեն վարձկաններ, որոնք ներկայանալով որպես «անկախ» լրատվամիջոցներ, «արևմտամետներ» և «թունդ ընդդիմադիր» գործիչներ՝ փորձում են դաշտը պղտորել և հավերժացնել «Վերջի բոլշևիկի» հաստատած կլեպտոկրատիան։

Տեսե՛ք. Գյումրիում բախումներ են, ժողովուրդը դուրս է թափվել փողոց ու արդարացի պահանջներ է ներկայացնում, բայց Սերժ Սարգսյանը չկա։ Նա նույնիսկ մի փոքրիկ խոսք չի ասում այդ թեմայով։ Սերժը չկա, քանզի ինքն իրեն նախագահ չի զգում։ Նա գիտի, որ չի ընտրվել, և գիտի, որ իր երևալու կարիքը չի զգում ժողովուրդը։

2.Հայաստանում, իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև՝ աջակցությամբ, բացահայտորեն գործում է 5–րդ շարասյունը, որը մեր ներքին խնդիրները փորձում է տեղափոխել աշխարհաքաղաքական թատերաբեմ՝ ձգտելով Հայաստանը մանրադրամ սարքել Արևմուտք–Ռուսաստան հակամարտության մեջ, ինչպես նաև փորձելով հակառուսական հիստերիա առաջացնելով փչացնել Սերժ Սարգսյանի «թեթև» ձեռքով առանց այն էլ փչացած հայ–ռուսական հարաբերությունները։

3.Ինչ–որ անտեսանելի ձեռք և տեսանելի քարոզիչներ Գյումրիում սադրանք և բախումներ սարքեցին։ Ընդ որում՝ ակնհայտորեն կեղծ օրակարգ շրջանառության մեջ դնելով։ Մինչդեռ, ստեղծված իրավիճակի պատասխանատուն մեկն է՝ Սերժ Սարգսյանը։

4. Շիրակի հոգևոր առաջնորդ Աջապահյանն իր վարքագծով քիչ է տարբերվում տխրահռչակ «1in.am»–ներից ու ինչ–որ առումով Գապոն քահանայի ֆունկցիա կատարեց հունվարի 15–ին՝ գլխավոր դատախազի փաստաբանի դերը կատարելուց զատ՝ Գյումրիի դատախազության դիմաց հավաքված ցուցարարներին կոչ անելով ռուսներին պահանջներ ներկայացնել, այլ ոչ թե ՀՀ իշխանություններին։ Դա այն նույն տխրահռչակ կոդն է, ըստ որի՝ Հայաստանում առկա խնդիրների ու մասնավորապես Պերմյակովի հետ կապված պատմության մեղավորը ոչ թե անարժանապատիվ ու «նախաձեռնողական» քաղաքականություն վարող ՀՀ իշխանություններն են, այլ Կրեմլը, և հետևաբար պետք է ՌԴ–ի դեմ պայքարել, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի ու նրա նեղ թիմի։ Սա՛ էր, փաստացի, Աջապահյանի քարոզածը, և, փառք Աստծո, որ այն ընթացք չստացավ։ Ավելի ճիշտ՝ ստացավ, բայց, բարեբախտաբար, զոհեր չեղան։ Այնպես որ, Աջապահյանի մասին սոցցանցերում հիացական «ստատուսներ» գրողներին խորհուրդ կտայինք ուշադիր լսել նրա խոսքը դատախազության դիմաց ու հետո նոր միայն գնահատականներ տալ։

5.Ոստիկանության հետ բախումն առաջացավ այն բանից հետո, երբ Պերմյակովին նկարելու թեման առաջ քաշվեց՝ պատճառ բերելով այն, որ խոսակցություններ են տարածվում, թե, իբր, նա արդեն ՀՀ–ում չէ։ Մարդկանց մեծ մասը դրանից հետո բորբոքվեց ու գնաց Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարան։ Իսկ այնտեղ ոստիկանությունը ստիպված էր պատնեշ կազմել։ Մի խումբ երիտասարդներ սկսեցին քարեր նետել, և խնդրեմ՝ բախումը պատրաստ էր։ Ունենք վիրավորներ։ Ո՞ւմ էր դա ձեռնտու։ Ոստիկանությանն ու ցուցարարներին դա հաստատ ձեռնտու չէր, բայց ահա այս պատմության վրա ձեռքերը տաքացնողներին ձեռնտու էր։ Խոսքս Բաղրամյան 26–ում նստած ձեռք տաքացնողների մասին է։

6.Կյանքը ցույց տվեց, որ Գյումրիի միակ և իրական պատգամավորը ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանն է, ով կատարեց նաև Գյումրիի քաղաքապետի ֆունկցիան։ Նա երկրում ու, մասնավորապես, Գյումրիում առկա անիշխանության և անտերության պայմաններում իր վրա վերցրեց սանդրանքներն ու բախումները մարելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու գործառույթն ու փայլուն այն կատարեց։ Սպասվում էր մեծ արյունահեղություն մեծ ողբերգությունից հետո, ինչը պատգամավորը թույլ չտվեց։ Մ. Գրիգորյանն այդպիսով ցույց տվեց, թե ով ով է Գյումրիում։ Նա դե ֆակտո հանդես եկավ որպես պետական ինստիտուտի և քաղաքացիների իրավունքների պաշտպան։ Իշխանությունների պլանների մեջ սա չէր մտնում, բայց դե ...

7.Սերժ Սարգսյանը շարունակում է իր «գյուլիստանյան» գիծը՝ չփորձելով անգամ ՌԴ իշխանությունների առաջ համապատասխան հարցեր բարձրացնել այս սահմռկեցուցիչ սպանության թեմայով։ Այդպիսով նա ուզում է հաճոյանալ Կրեմլին, ինչն էլ այս ամբողջ լարվածության պատճառն է դարձել։

Պերմյակովը երկու տիպի հանցանք է գործել՝ մեկը զինվորական կարգի խախտումը, մյուսը՝ ռազմաբազայի տարածքից դուրս մարդկանց սպանելը։ Ռուսները քրեական գործ են հարուցել զինվորական կարգի խախտման մասով։ ՀՀ իրավապահներն էլ կարող են սպանության գործով ստանալ նույն այդ ստահակին, սակայն չեն ուզում դիմել ռուսական կողմին։ Ս. Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ է նման քայլի գնում՝ մտածելով, որ դա դուր կգա Կրեմլին, ու ինքը կկարողանա պահել աթոռը։ Ռուսներն էլ տեսնելով, որ գործ ունեն կատարյալ «նախաձեռնողական» մարդու հետ՝ ռազմաբազայում են պահում ՌԴ քաղաքացուն։ Բայց ռուսները մեղավոր չեն։ ՀՀ իշխանություններն են փալաս՝ «տրյապկա»։

8.ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Գևորգ Կոստանյանը կամազուրկ և անինքնասեր չինովնիկ է։ Նա, թերևս ենթարկվելով Սերժ Սարգսյանի հրահանգին, նույնիսկ չի էլ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին հանձնելու պահանջով։ Եվ միայն ցուցարարներից թուքումուր ուտելուց հետո խոստացավ, որ կդիմի։ Իսկ դա նշանակում է երկու բան՝ կա՛մ Կոստանյանը դիլետանտ է, եթե մինչև հիմա չի դիմել ռուսական կողմին, կա՛մ գիտեր, որ պետք է դիմի, բայց շեֆից «դաբրո» չստանալով՝ չի դիմել։ Երկու դեպքում էլ նա պետք է հրաժեշտ տա իր աթոռին։ Մանավանդ Գյումրիում ստացած դասից հետո։

9.Ոստիկանությունը շատ օպերատիվ և ողջ ուժով է գործում, երբ Սերժ Սարգսյանի աթոռին է բան սպառնում, բայց ՀՀ շարքային քաղաքացիներին սպանածին հայտնաբերում են ռուս սահմանապահները։ Ասել է թե՝ շարքային քաղաքացիներին վերաբերող հարցում մերոնց օպերատիվությունը կաղում է, քանզի աթոռի պահպանման թեմա չկա։

Ոստիկանությունը ցույց է տալիս իր ուժը նաև ցուցարարներին ցրելիս, բայց անզոր է, ասենք , գողերի հավաքը կանխելու հարցում։

10.Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը բերել է մի վիճակի, երբ Հայաստանը դարձել է արժանապատվություն չունեցող և թույլ երկիր, որի հետ որևէ մեկը հաշվի չի նստում, և որին որևէ մեկը չի հարգում։

11. Հայաստանում այնքան պայթյունավտանգ իրավիճակ է, որ առիթ կամ կայծ է պետք բռնկվելու համար։ Մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց և արյունալի լուծում տալ կուտակված խնդիրներին։ Եվ եթե Սերժ Սարգսյանն այս ամենը հաշվի չառնի ու դեռ մի բան էլ փորձի սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվել, ապա շատ դաժան բաներ կարող են տեղի ունենալ, և այդ ամենի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իր վրա։

Եզրահանգումը մեկն է՝ այս իշխանությունները պատուհաս են մեր երկրի ու մեր ժողովրդի գլխին, և պետք է հեռացվեն։ Որքան շուտ, այնքան լավ և՛ իրենց, և՛ ՀՀ–ի համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը