Մեկնաբանություն

16.01.2015 11:00


Սարգսյանի անհետացումը, Կոստանյանի մարազմը և Գյումրիի բախումները

Սարգսյանի անհետացումը, Կոստանյանի մարազմը և Գյումրիի բախումները

Հին ու «բարի» ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանն անհետացել է։ Այնպես, ինչպես միշտ։ Այնպես, ինչպես, օրինակ, նախորդ տարվա օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ մենք սահմանին զոհեր էինք տալիս, իսկ պետության գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում հայտնված մարդու խոսքը չէր հնչում։

Իրականում Սերժ Սարգսյանը չի անհետացել։ Նա «տակից» է գործում։ Նրա գործը Կրեմլին սեփական նախաձեռնությամբ և սեփական պատկերացումներով քծնելն է։ Արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանը շտապեց սպանության հետ կապված գործի շրջանակներում մեջբերումներ անել ՌԴ սահմանադրությունից՝ «մոռանալով», որ պետք է դիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ համատեղ քննություն անցկացնելու և հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու նպատակով։ Ասել է թե՝ Կոստանյանը մոռացավ ՀՀ սահմանադրության մասին։

Իսկ «մոռացել» էր Կոստանյանն իր գործառույթի մասին և մարազմատիկ մտքեր էր հայտնում, քանի որ իր շեֆն էր դարձել «նախաձեռնողական»։ Եվ միայն բողոքավորների ճնշման տակ ստիպված եղավ Կոստանյանը դուրս գալ թախտի տակից ու խոստանալ, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին։ Մինչդեռ, գործն այդտեղ չէր հասնի, եթե «էն գլխից» Սարգսյանը որոշած չլիներ, որ պետք է քծնի Կրեմլին, ու գործնականում հանձնի ռուս զինվորականին ՌԴ–ին։ Նման դեպքում ՌԴ–ն ինչո՞ւ պետք է հրաժարվեր իր երկրի քաղաքացուց։ Հատկապես որ պաշտոնական Երևանն է հանցագործին նվիրում ռուսական կողմին։

Ի դեպ, Կոստանյանը թախտի տակից դուրս եկավ այն պահին, երբ հայտարարվեց, որ եթե նա բողոքավորների առաջ կանգնած բացատրություններ չտա, ապա ցույցի մասնակիցները կպահանջեն արդեն Սերժի ներկայությունը։ Սերժի անունը հնչեցնելն ու դատախազի՝ Գյումրիի դատախազության շենքից դուրս թռչելը մեկ եղավ, ինչն էլ ցույց տվեց, որ «Վերջի բոլշևիկն» ուշի–ուշով հետևում է իրադարձություններին, և իրար է խառնվում, երբ զանգվածները ճիշտ թիրախի են խփում, այն է՝ տալիս են այս «կաշայի» իրական պատասխանատուի անունը։

Հարկ է առանձնահատուկ նշել, որ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից հետո Սարգսյանի պահվածքն ու ՌԴ–ին քծնելու որոշումն է բախումների պատճառ դարձել։

«Անկախ» մամուլի վրա դրված է այս ամենը լղոզելու և կեղծ թիրախներ հանրությանը հրամցնելու գործառույթը։ Սերժ Սարգսյանին սատարող «Գեբելսյան» քարոզչամեքենան ու դրածո գործիչները բորբոքված զանգվածի համար թիրախ դարձրեցին ՀՀ ոստիկաններին, ռուսական ռազմաբազան, ՌԴ դեսպանատունը և հյուպատոսարանը, Կրեմլին, Պուտինին և այլոց։ Այսինքն, մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից։ Այնինչ, հենց նա՛ է սարքել այս ամենը, և նա՛ է իրավական խնդիրների առաջացման բուն պատճառը։

Գյումրիի բախումները հերթական անգամ ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանական նեղ թիմը պետք է կիլոմետրերով հեռու մնա պետական կառավարման լծակներից, քանզի հարվածի տակ է դրել մեր երկրի ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Երեկվա բախումների պատասխանատուն ՀՀԿ ղեկավարն է, և սա՛ պետք է ամրագրել։

Սերժին պետք են մեծ ցնցումներ, իսկ մեզ պետք է մեծ և զարգացող Հայաստան։ Ասել է թե՝ գործ ունենք «կա՛մ,... կա՛մ» մոդելի հետ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Երբ «արևմտամետ» Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց և հայտարարեց Մաքսային միություն մտնելու որոշման մասին, Կրեմլում շոկի մեջ էին։ Նրանք ընդամենը չէին ուզում, որ Հայաստանը ստորագրի եվրաասոցացման համաձայնագիրը, և մնա, այսպես կոչված, չմիացողների ակումբում։ Ռուսները, բնականաբար, ճնշում էին Սարգսյանին, որպեսզի նա չեզոքություն պահի, և հիշի, որ ռազմական այլ համակարգի մեջ է։

Որքան մեծ էր ռուսական ղեկավարության զարմանքը, երբ նրանք տեսան, որ մի թեթև «փիշտ» անելուց հետո Սարգսյանը ոչ միայն հրաժարվում է ԵՄ–ի հետ ասոցացումից, այլ մի բան էլ մտնում է Կրեմլի «պադվալ»։

Գյումրիի դեպքերի հետ կապված էլ նույն բանը եղավ։ Պերմյակովը կատարել է երկու տիպի հանցանք՝ մեկը զինվորական (խախտել է բանակային կանոնակարգը՝ զենքով լքելով տարածքը), մյուսը՝ սպանությունը։ Պարզ է, որ դա ՌԴ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ քննվող գործ պետք է լինի, բայց Սարգսյանը, ի զարմանս ռուսների, նախաձեռնողականություն է ցուցաբերում և Պերմյակովին փաստացի հանձնում է ռուսներին՝ դեռ մի բան էլ հիմնավորելով, թե ինչու չի կարող Պերմյակովը հանձնվել հայկական կողմին։ Այստեղից էլ առաջացել են բոլոր այն խնդիրները, որոնք հանգեցրեցին ժողովրդական հուզումների, բախումների և վիրավորների։

Ինչ մնում է դիշովկա «արևմտամետներին» ու նրանց լարած հակառուսական հիստերիային, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հինգերորդ շարասյան գործառույթի դրսևորում։ Բայց դե, նրանք առայժմ կարող են հանգիստ լինել. քանի դեռ իշխանության ղեկը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, թուրք–ադրբեջանական զույգին ձայնակցող «արևմտամետները» կվխտան Երևանում էլ, Գյումրիում էլ, ամբողջ Հայաստանի ու Ղարաբաղի տարածքում էլ։ Այս ամենին, սակայն, մի օր վերջ կտրվի։ Ազգային անվտանգությանը հասցված հարվածները վաղեմության ժամկետ չունեն։

Հ.Գ.-2։ Սարգսյանի անողնաշար պահվածքի պատճառով Հայաստանում հակառուսական տրամադրություններ են առաջացել, ինչը հարվածում է հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններին։ Թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ են միլիոններ ծախսել նման վիճակի հասնելու համար և ծախսում են։ Բայց, արի ու տես, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում թուրքերի ու ադրբեջանցիների ուզածը կատարվում է առանց ավելորդ ջանքերի։

Այս խորագրի վերջին նյութերը