Հարցազրույց

05.10.2009 13:49


Արամ Կարապետյան

Արամ Կարապետյան

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ։

–Դուք ասում էիք, թե «խորհրդարանական քննարկումները շատ մեծ արդյունք են ունենալու`վստահեցնելով որ այս քննարկումների արդյունքում նոր քաղաքական դաշտ է ձևավորվելու, և այն, վերջիվերջո, տանելու է շատ կարևորագույն խնդիրների լուծման»։ Ի՞նչ ուժ, ո՞ւմ նկատի ունեիք։

-Լսումների ընթացքում պարզ դարձավ, որ կա կուսակցությունների մի համախումբ, որը շատ կարծր դիրքորոշում ունի այս արձանագրությունների նկատմամբ: Կարծում եմ, որ բավականաչափ լուրջ բազմություն է արդեն ձևավորվում. ՀՅԴ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն, ՀՌԱԿ, ստեղծվում է կուսակցությունների մի համախումբ, որը այս պահին ամեն ինչ անելու է, որ այդ արձանագրությունները այս ձևով չընդունվեն:

-Ե՞րբ կլինի համախմբվելու մասին հայտարարությունը:

-Կարծում եմ, որ մոտակա օրերին այն կլինի: Իմ անձնական կարծիքով, ՍԴՀԿ-ն ևս կմիանա մեզ:

-Հնարավո՞ր է, որ այս համախմբման արդյունքում երկրում արտահերթ գործընթացներ տեղի ունենան:

-Ես այդքան հեռու չէի ցանկանա գնալ: Իմ ցանկությունները կարող եմ ասել, բայց ցանկությունները մեկ բան են, ռեալ քաղաքականությունը՝ մեկ բան: Ամենակարևորն այն է, որ բացառենք, որպեսզի ապագայում նմանատիպ բաներ լինեն: Առավոտյան արթնանում ենք, և ինչպես ձյունը մեր գլխին, միանգամից ինչ-որ արձանագրություններ են հայտնվում: Կես կատակ, կես լուրջ եմ ասում, բայց շատ հնարավոր է, որ առավոտյան արթնանանք և իմանանք, որ ինչ-որ երկրի հետ պատերազմական գործողությունների մեջ ենք: Այսպիսի գործելաոճը շատ վտանգավոր է: Մեր հիմնական խնդիրն այժմ այն է, որ կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի արձանագրություններն այս տեսքով չվավերացվեն:

-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ այսօր Սերժ Սարգսյանը գրեթե հայտնվել է ՀԱԿ-ի գաղափարախոսության դաշտում:

-Ինչու՞ գրեթե: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ է հայտնվել: Ես դրա մասին բազմիցս ասել եմ, որ այդ առումով նրանց գաղափարախոսությունները նույնն են: Այլ հարց է, որ հիմա ՀԱԿ-ն արդեն վերանայել է իր գաղափարախոսությունը: Այդ համընկնումից խուսափելու համար ՀԱԿ-ի տեսակետներն  այժմ այս հարցի հետ կապված դարձել են շատ խիստ:

-Ձեր կարծիքով կբացվի՞ սահմանը:

-Կարծում եմ, որ այս պարագայում սահմանը որպես այդպիսին չի բացվի։ Սահմանը փակել են թուրքերը՝ նախապայմանով. և ուզում եմ պարոն Նալբանդյանին հիշեցնել, որ ինչպես կարող են մի տեղ նախապայմաններ չլինել, երբ սահմանը փակվել է նախապայմանով։ Կարծում եմ՝ ֆուտբոլային խաղը դիտելու համար Սերժ Սարգսյանին ներս կթողնեն։ Բայց դա կլինի բացում՝ տեխնիկապես։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը