Լրահոս

02.10.2009 16:22


Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է շորթմամբ կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության՝  Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից Մհեր Հովհաննիսյանի կողմից շորթմամբ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ  2009 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության՝ Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Կիսլավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Կ.Դյոմենը: Վերջինից կաշառք շորթելու նպատակով ոստիկանության նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր   Մ.Հովհաննիսյանը գաղտնի է պահել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունն ընտրված լինելու հանգամանքը և պահանջել 1000 ԱՄՆ դոլար՝ չկալանավորելու համար: Կ.Դյոմենը համաձայնել է օպերլիազորի պահանջին և նույն օրը նրան փոխանցել կաշառքի մի մասը՝ 180.135 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլարը:

Կաշառքի մնացած 500 դոլարից մի մասը՝ 74.068 դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլարը, Կ.Դյոմենը Մ.Հովհաննիսյանին է հանձնել 2009 թվականի հուլիսի 31-ին, ինչը նույն պահին հայտնաբերել և առգրավել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը