Մեկնաբանություն

20.01.2015 16:05


Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց

Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո Սերժ Սարգսյանը «սելեկտորային» խորհրդակցություն անցկացրեց ու հերթապահ ձևակերպումներ հնչեցրեց։ Ապա «մեյդան» հանեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով սկսեց մեջբերումներ անել ՌԴ սահմանադրությունից։ Այդպիսով պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է նախաձեռնողական քծնանք հղել առ Ռուսաստան, որը դրա կարիքը չուներ։

«Վերջի բոլշևիկն» իր անողնաշար պահվածքով տակնուվրա արեց ամեն ինչ՝ առևտրի առարկա դարձնելով սպանվածներին։ Սարգսյանն այնքան էր ուզում դուր գալ Կրեմլին, որ «ղումարի» առարկա դարձրեց նաև ՀՀ արժանապատվությունը։

Սարգսյանին թվում էր, որ եթե ինքը լուռ մնա, ապա դա Պուտինին դուր կգա, ու ինքը կարող է մնալ աթոռին։ Ավելի ստրկամիտ պահվածք դժվար է պատկերացնել։ Պահվածք, որը հարվածում է ՀՀ անվտանգության համակարգին, փչացնում հայ–ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն ու հնարավորություն տալիս Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտք–Ռուսաստան հակամարտության մեջ։

Գյումրիի դեպքերը ևս մեկ անգամ ու ավելի ցայտուն կերպով ցույց տվեցին, որ ՀՀԿ ղեկավարին հետաքրքրում է մեկ, բացառապես մեկ խնդիր՝ սեփական աթոռին մնալն ու վերարտադրվելը (սահմանադրական փոփոխությունները հենց դրա համար են ուզում անցկացնել)։

Ռուսներն ակնհայտորեն չէին սպասում նման ոճի քծնանքի ՀՀ–ն ներկայացնող Սարգսյանից, ու քանի որ ռուս զինվորի արածը նաև իրենց էր ցնցել և իրենց իմիջին լուրջ հարված հասցրել, մի քանի օր լռեցին ու տեղեկատվական դաշտում գրեթե չանդրադարձան այդ թեմային։ Դե, եթե ՀՀ ղեկավարությունն է չտեսնելու տալիս ոճրագործությունը, ապա ինչո՞ւ պետք է ռուսները մեջտեղ ընկնեին։

ՀՀ քաղաքացիները ստիպված էին ինքնաբուխ ձևով տեր կանգնել ՀՀ արժանապատվությանը։ Գյումրիում տեղի ունեցած զարգացումներն արդեն ստիպեցին Կրեմլին երկխոսության մեջ մտնել ՀՀ քաղաքացիների հետ ու ցավակցել։ Կրեմլում հասկացան, որ Սարգսյանի քծնանքն ընդունելն իրենց դեմ է աշխատելու, և շտապեցին վերանայել այն մոտեցումը, որը Սերժի պահվածքի հետևանքն էր։

Սերժ Սարգսյանը միայն Պուտինից հետո բարեհաճեց ցավակցել, այն էլ՝ փոքրիկի մահից հետո (վեց մարդու դիակը նա չէր նկատում, այլ նկատում էր միայն ՌԴ սահմանադրությունը)։ Բայց ասել, որ այս ամենի մեղավորը «չար ռուսներն» են, պարզապես անմեղսունակություն է կամ «դհոլություն»։

Եթե ՀՀ իշխանության գլխին հայտնված մարդը զբաղվում է շախմատի մրցաշար այցելելով ու Էրդողանին նամակ գրելով և չի էլ ուզում անդրադառնալ սպանության թեմային, ապա այստեղ ի՞նչ կապ ունեն ռուսները։

Սարգսյանի ուշացած ցավակցությունը, այն էլ՝ փոքրիկ Սերյոժայի մահից հետո, միայն արդեն այլ բան է նշանակում։ Դա Սերժի հրաժարականի հայտարարությունն էր, որը նա ներկայացրեց ակամայից։ Մնում է միայն, որ հայ ժողովուրդն ընդունի այդ հրաժարականը՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հեռանալ զավթած աթոռից, այլապես նա իր կամքով չի անի դա։ Մեր երկիրը կդարձնի «պռախադնոյ դվոռ», կհանձնի այլոց տնօրինմանը, Էրդողանին հնարավորություն կտա ծաղրի առարկա դարձնել մեր ցավն ու մեր պետությունը, բայց կառչած կմնա աթոռից։

Այստեղ արդեն խնդիր ունեն լուծելու ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Հասարակական ու քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով պետք է ազատել Հայաստանն այս արհավիրքից, այլապես մեր պետությունը դանդաղ մահվան կդատապարտվի՝ կորելով Սերժի նամակների ու «նախաձեռնողականության» արանքում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը