Լրահոս

02.10.2009 15:06


Լևոն Շիրինյան. «Թուրքական քաղաքական մշակույթը հստակ կողմնորոշում ունի՝ նրանք շարունակում են քեմալիզմի քաղաքականությունը»

Լևոն Շիրինյան. «Թուրքական քաղաքական մշակույթը  հստակ կողմնորոշում ունի՝ նրանք շարունակում են քեմալիզմի քաղաքականությունը»

Վերջերս Թուրքիայի կրթության վարչությունը տարածել էր մի քարտեզ (որը, ի դեպ, դասավանդվում է Թուրքիայի դպրոցներում), որտեղ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի կազմում, իսկ Նախիջևանը՝ Թուրքիայի։ Այս առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան, դոցենտ Ալբերտ Նալչաջյանն ասել է, որ այս ամենը ցույց է տալիս, թե ինչ հեռահար նպատակներ ունեն թուրքերը։

-Կա՛մ այս մարդիկ ինքնուրույն են արել այս քայլը Էրդողանին վնասելու համար, որի դեմ նա պիտի բողոքեր, բայց չի արել, կա՛մ, որն  ավելի հավանական եմ համարում, սա կազմակերպված է հենց Թուրքիայի ղեկավարության  կողմից՝ փոձելու հայերի ռեակցիան և գուցե մղելու այնպիսի գործողությունների, որ նրան մեղադրեն, թե տեսեք՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ոչ կառուցողական մոտեցում ունեն,-ասել է նա։

«7օր»-ի հարցին, թե այն, որ մենք ոչ մի արձագանք չենք տալիս, արդյոք նրա համա՞ր է, որ սադրանքի չենք ենթարկվում, հոգեբանը պատասխանել է, որ արձագանքել կարելի էր ոչ թե արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով, այլ, ասենք, մշակույթի, կրթության, սփյուռքի նախարարությունների մակարդակով, ինչը չի արվել։

Քաղաքական գիտությունների դոցենտ Լևոն Շիրինյանն էլ նշել է, որ թուրքական քաղաքական մշակույթը հստակ կողմնորոշում ունի և շարունակում է քեմալիզմի քաղաքականությունը։

-Արևմտյան Հայաստանի պահանջատերերը հայերն են, և մինչև թուրքերը չվերացնեն, չոչնչացնեն այդ պահանջատիրոջը, չեն հանգստանա։ Պետք չէ փնտրել վերափոխված թուրքերի. նրանց նպատակը միշտ նույնն է՝ հայերի ոչնչացում,-ասել է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ հիմա հայերի վրա ուղեղային գրոհ է գործում։

-Դա ազդեցություն է ներսից և դրսից։ Գոյություն ունեն ազդեցության ագենտներ՝  գործակալներ, որոնք անընդհատ լավ թուրքի քարոզն են անում։ Նրանց ինչ-ինչ շահերով շահագրգռում են, նրանք էլ սկսում են տեսակետ բաժանել, և համարյա բոլոր նրանք, ովքեր հիմա այդ քարոզն են տանում, համարվում են ազդեցության գործակալներ,-ասել է Լևոն Շիրինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը