Հարցազրույց

21.01.2015 15:45


Համլետ Կիրակոսյան. «Անկանխատեսելի էր, թե Սերժ Սարգսյանին տեսնելով՝ հանրությունն ինչ վերաբերմունք ցույց կտար»

Համլետ Կիրակոսյան. «Անկանխատեսելի էր, թե Սերժ Սարգսյանին տեսնելով՝ հանրությունն ինչ վերաբերմունք ցույց կտար»

Հարցազրույց Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Համլետ Կիրակոսյանի հետ

Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո բոլորս ականատես եղանք, որ բողոքի դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջում էին այդ հանցագործության մեջ մեղադրվող ռուս զինվոր Պերմյակովին հանձնել ՀՀ արդարադատությանը։ Ինչո՞ւ. կասկածներ կան, որ Ռուսաստանն ամբողջությամբ չի՞ բացահայտի գործը, և արժանի պատժի չի՞ ենթարկի նրան։

–Գյումրեցիները և, ընդհանրապես, հայ հանրությունը պահանջում են Պերմյակով կոչեցյալին հանձնել հայ արդարադատությանը, որովհետև հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և ՀՀ սահմանադրության ու օրենքների պահանջն է, որ գործը պետք է քննվի հայ իրավապահների կողմից, մեղադրյալը պետք է պահվի ՀՀ արդարադատության մեկուսարանում, դատը պետք է ընթանա հայկական դատարանում: Խնդիրը դրված չէ այնպես, որ մենք ռուսական արդարադատությանը չենք վստահում, հայկականին վստահում ենք. երկուսն էլ մեկ են, նույն համակարգն ու հարաբերություններն են գործում երկուսում էլ: Խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրականությունն են։

Հատկապես ի՞նչը գյումրեցիների ցասման պատճառ դարձավ։

–Կարծում եմ՝ գյումրեցիների ցասումը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե գործը հանձնվելու է ՌԴ արդարադատությանը, իսկ հայ իրավապահները մասնակցելու և աջակցելու են։ Դեռ ավելին՝ հղում էր անում ՌԴ սահմանադրությանը՝ մոռանալով մեր Սահմանադրությունը և օրենսդրությունը, նաև՝ ռուսական ռազմաբազայի շուրջ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը: Այսինքն, փոխանակ հանդես գալու հայկական արդարադատության ու օրենքների, Հայաստանի կողմից կնքված միջազգային պայմանագրերի դիրքերից՝ ստանձնել էր ՌԴ սահմանադրության պահապանի ու փաստաբանի դերը:

Ինչպե՞ս եք մեկնաբանում ի պաշտոնե ՀՀ նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանի այս օրերի պահվածքը։ Նկատի ունեմ, որ նա այդպես էլ համազգային սուգ չհայտարարեց, ամբողջական ցավակցական խոսք ուղղեց միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո և այլն։

–Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ այս օրերին ցույց տվեցին, որ իրենց իշխանությունն ամբողջապես ենթակա է Կրեմլին: Սա մենք առաջ էլ գիտեինք, բայց այս օրերին հատկապես ընդգծված, ցցուն կերպով դա երևաց: Սուգ չհայտարարվեց, քանի որ, ըստ իս, ռուսական կողմից դա արգելեցին, որպեսզի միջազգային հնչեղությունը քիչ լինի, որպեսզի քիչ շոշափվի Ռուսաստանի անունը: Իսկ մի շարք հանրապետականների կցկտուր բացատրությունները, հայտարարություններն այս առումով ուղղակի ծեծաղելի են, եթե ոչ՝ ողբալի: Ողբալի իրենց համար....

Ի՞նչ եք կարծում՝ իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ոչ երեկ, ոչ էլ այս օրերին չայցելեց Գյումրի։ Վախեցա՞վ գյումրեցիների ընդունելությունից։

–Կարծում եմ՝ այո, կամ էլ, եթե չվախեցավ, ուղղակի զգուշացավ, որովհետև անկանխատեսելի էր, թե իրեն տեսնելով՝ հանրությունն ինչ վերաբերմունք ցույց կտար: Չեմ կարծում, որ մարդիկ անշնորհքություններ կանեին, բայց ինչ-որ կերպ իրենց բողոքն ու դժգոհությունը կարտահայտեին....։

Բա հո լենտ կտրել չէ՞ր, կամ էլ հարսնիք ու քեֆ-ուրախություն, որ գար....

Հետո էլ՝ երես ունե՞ր, որ գար....

Հետո էլ՝ ո՞վ էր սպասում, որ գար...

Հետո էլ՝ հո խելքը հացի հետ չէ՞ր կերել, որ գար....

Հետո էլ՝ հայ ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ԳԱՍ....

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը