Կարծիք

02.10.2009 17:12


Նոր պերեստրոյկա՞

Նոր պերեստրոյկա՞

Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը մի հոդված է տեղադրել kremlin.ru կայքում (http://kremlin.ru/news/5413), որը ռուսական և արևմտյան վերլուծաբաններից շատերը որակել են որպես «նոր պերեստրոյկայի» հռչակագիր: Հոդվածն ակտիվորեն քննարկվում է ռուսական ինտերնետում, և բավականին տարօրինակ է, որ մինչ այժմ չի նկատվել Հայաստանում:

Հոդվածի հիմնական ուղերձն, իրոք, «պերեստրոյկան» է և սահմանազատումը պուտինյան ժառանգությունից, սակայն հարկ է նշել, որ հեղինակն իր հիմնական դրույթները ձևակերպել է շատ զգուշորեն և մտածված՝ նախապես ապահովագրվելով «գորբաչևիզմի», «ելցինիզմի» և նման մեղադրանքներից: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ հոդվածը բավականին խելամիտ է, նաև՝ հաճելի ընթերցման համար: Չեմ պատրաստվում, բնականաբար, վերաշարադրել հոդվածի բովանդակությունը, սակայն կարճ ակնարկով ներկայացնեմ հիմնական «սյուժեն»: Մեդվեդևի նյութը բաղկացած է երեք հիմնական կառուցվածքային տարրերից.

ա. ներկա վիճակի քննադատություն,

բ. առաջարկներ ստեղծված իրավիճակից ելքերի առումով,

գ. «ստրախովկաներ» հնարավոր քննադատությունից:

Քննադատության հիմնական առարկաներն են.

ա. «պարզունակ հումքային տնտեսությունը» և կոռուպցիան,

բ. ռուս հասարակության պատերնալիզմն ու էտատիզմը, «դարավոր հետամնացությունը», «ոչ օգտակար ավանդույթները»,

գ. քաղաքացիական հասարակության և հանրային ինքնակազմակերպման ցածր մակարդակը, «կիսակայացած («полуокрепшая») ժողովրդավարությունը»,

դ. «կիսասովետական սոցիալական ոլորտը»,

ե. նախապաշարումները և պատրանքներն արտաքին քաղաքական դաշտում և այլն («և այլնի» մեջ մտնում են, ըստ էության, միայն երկու կետ, որոնք որևէ նորույթ չեն ներկայացնում, այլ մաս են եղել նախորդ վարչակարգի հռետորականության՝ անկայունությունը Կովկասում և ժողովրդագրական վատ ցուցանիշները):

Այսպիսով, ներկայացված է բարեփոխումների համապարփակ մի ծրագիր, որի մեջ ընգրկված են գրեթե բոլոր ոլորտները՝ տնտեսություն, հասարակական հոգեբանություն, քաղաքական համակարգ, հասարակական ինստիտուտներ, սոցիալական ոլորտ, արտաքին քաղաքականություն և նույնիսկ ռուսական ավանդույթի մաս համարվող բացասական երևույթները (դրանց թվում՝ ծուլությունը, ալկոհոլիզմը և այլն):

Զարգացնելով ռուս հասարակության ներկայի և անցյալի քննադատության լայն ծրագիրը՝ Մեդվեդևը միանգամից անում է նաև իր «ստրախովկաները», որոնք նույնպես վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին: Նախ և առաջ նա մի քանի անգամ սահմազատվում է գորբաչևյան և ելցինյան բարեփոխումների շրջանից. պետք չէ խտացնել գույները: Արվում է շատ բան: Ռուսաստանն աշխատում է: Նա այլևս այն կիսակաթվածահար պետությունը չէ, ինչպիսին էր դեռ 10 տարի առաջ, կամ խոսում են քաղաքական համակարգի արագացված փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ երբեմն նաև այն մասին, որ վերադարձ կատարվի «ժողովրդավարական» 90-ականներին: Բայց կաթվածահար պետության վերադարձն անթույլատրելի է: Նա նաև սահմանազատում է իրեն սովետական ու ցարական Ռուսաստանի արմատական քննադատությունից: Այսպես, խոսելով Պետրոս Մեծի և Ստալինի կողմից անցկացված մոդեռնիզացիայի ծանր գնի մասին, որն այսօրվա տեսակետից հոդվածագիրն անթույլատրելի է համարում, նա միաժամանակ զերծ է մնում վերջնական գնահատականից. «մենք չէ, որ պետք է դատենք մեր նախնիներին»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա շեշտում է, որ «երջանիկ ու անմեղ Արևմուտքի և մշտապես հետամնաց Ռուսաստանի մասին միամիտ պատկերացումներն անընդունելի են: Սակայն պակաս վտանգավոր չէ նաև առճակատման և ինքնամեկուսացման ուղին»:

Ի մի բերելով իր այս զգուշավոր, բայց համապարփակ քննադատությունը՝ Մեդվեդևն անում է իր առաջարկները: Իմաստ չունի բերել դրանք մեկ առ մեկ: Ավելի հետաքրքիր է մեջբերել այն հայեցակարգային ընդհանրացումը, որը, փաստորեն, ամփոփում է հոդվածի գլխավոր ռազմավարությունը՝ «Պետք է հիասթափեցնեմ շարունակական հեղափոխության կողմնակիցներին: Մենք չենք շտապելու....Միաժամանակ չեմ ուրախացնելու նաև նրանց, ում լիովին բավարարում է ստատուս-քվոն: Փոփոխություններ լինելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլային: Բայց անշեղ ու հետևողական»:

Այսպիսով, Մեդվեդևի ծրագրային հոդվածի հիմնական գաղափարն ակնհայտ է: Այն ունի երկու շերտ և երկու փոխլրացնող մեկնաբանության հնարավորություն՝ ռազմավարական և մարտավարական: Ռազմավարական առումով այն ազդարարում է բարեփոխման և մոդեռնիզացիայի հերթական փուլի սկիզբը և հակառակը՝ պահպանողականության և ռեակցիայի հերթական փուլի ավարտը Ռուսաստանում (եթե հետադարձ հայացք գցենք պատմության ընթացքին, ապա Ռուսաստանի ողջ պատմությունը, գոնե 19-20-րդ դդ ընթացքում, այդպիսի փուլերի հերթականություն է՝ շաղկապված գերազանցապես առաջին դեմքերի փոփոխության հետ: Այսպես, սկսած 19-րդ դ. առաջին կեսից՝ Նիկոլայ 1-ինի պահպանողականություն, Ալեքսանդր 2-րդի բարեփոխումներ, Ալեքսանդր 3-րդի և Նիկոլայ 2-րդի ռեակցիա, 1917-ի հեղափոխությունններ և 20-ականների հեղափոխականություն, ստալինյան ռեակցիա, խրուշչովյան բարեփոխումներ, բերժնևյան ռեակցիա, գորբաչևյան և ելցինյան բարեփոխումներ, պուտինյան ռեակցիա և այժմ էլ, ամենայն հավանականությամբ, մեդվեդևյան բարեփոխումներ): Մարտավարական առումով սա պետք է համարել Մեդվեդևի կողմից Պուտինի ստվերից դուրս գալու հրարապարակային առաջին հայտը: Պարզ է, որ երկու առումներով էլ հետաքրքիր զարգացումներ կարող են սպասվել:

Բայց մեզ ավելի հետաքրքիր պետք է լինի այս թեմայի կապը մեր իրականության հետ: Որպեսզի նշմարենք այդ կապը, նախ պետք է փորձենք ներգծել Մեդվեդևի նոր քաղաքականության հայտը համաշխարհային այսօրվա համատեքստի շրջանակներում, և հետո վերջնականապես դառնանք Հայաստանին: Դրա մասին էլ կխոսենք հոդվածի շարունակությունում:

(շարունակելի)

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը