Քաղաքական

02.10.2009 17:55


Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս հրաժարական չի տա

Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս հրաժարական չի տա

-Այն հանրային ուշադրությունը, որ սևեռված է «Ժառանգության» վրա, ապացուցում է, որ «Ժառանգությունն» իսկապես հասարակական-քաղաքական արժեք է դարձել, և ես կարծում եմ, որ արժե գնահատել, փայփայել և փրկել այն որպես հասարակական արժեք։ Հայաստանյան հիվանդությունն ուղղակի մտավ «Ժառանգություն»,- «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցած խմորումների վերաբերյալ խոսելիս ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։  

Նա նշել է, որ անցյալ համագումարում վարչության նախագահն ինքն էր և ընտրությունների ժամանակ դեռ չէր հանձնել նախագահական իր պատասխանատվությունը, հետևաբար տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է հենց ինքը.

-Այդ բոլոր գործընթացները գտնվում էին իմ պարտականության տակ։ Ես չիրականացրեցի անհրաժեշտ հսկողությունը, թույլ տվեցի, որ լինեն որոշ շահի բախումներ հանձնաժողովի անդամների և թեկնածուների միջև, և որոշ մարդիկ, մտահոգ լինելով, որ քվորումի խնդիր կլինի, ուզեցին բարի նպատակներով ինչ-որ սխալ գործեր իրականացնել, գնալ կեղծիքի ճանապարհով, ինչն անընդունելի է։ «Ժառանգության» վարչությունը հետագայում ինքը քայլեր կատարեց այդ ուղղությամբ, ինքը գնաց նկատողությունների և պատիժների ճանապարհով, բայց նաև մոռացավ, որ այդ պահին դեռ 3-4 րոպե կար, որ ես վայր դնեի նախագահական իմ պատասխանատվությունը։

Վարչության կազմում, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, ինքը չէ, որ փոփոխություններ պետք է մտցնի, և նախատեսվող համագումարը լուրջ վերահսկողությամբ նոր ընտրություններ կանցկացնի։ Նա նաև հերքել է տեղեկությունները, թե Արմեն Մարտիրոսյանը կեղծիքներով է դարձել վարչության նախագահ՝ ասելով, որ դա ճիշտ չէ։ 

-Հետևելով մի քանի հոգու հրապարակային հայտարարություններին՝ հասկանալի է դառնում, որ իրենք իրենց վաղուց են հեռացած զգում, իրենք են հեռացել։ Բայց ես կարծում եմ, որ այդ շարքում կային մարդիկ, որոնք արժանի չէին այդ վերաբերմունքին,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացված անդամների մասին։

Ինչ վերաբերում է Մովսես Արիստակեսյանին, ապա, ըստ Ր. Հովհաննիսյանի, նա ուզում էր խորհուրդ հարցնել, թե ի՞նչ պետք է անի.

-Նա տարբեր առաջարկներ ուներ եվրոպական կազմակերպություններից և ԵԱՀԿ-ից , ես նրան առաջարկեցի, որ ինքը ներկա դրությամբ չտուժելու համար ընդունի եվրոպական բարձր աշխատավարձ խոստացող աշխատանքը և դիտարկի խորհրդարան անցնելու համար մեծամասնական ընտրատարածքով որևէ թեկնածություն։

Նա նաև նշել է, որ չնայած շատերի համար ակնհայտ է, որ իր աշխույժ մասնակցությունը կուսակցության ղեկավարման գործերին լուծումներից մեկն է, վարչության նախագահի դիրքերը վերականգնելու խնդիր ինքը չունի, բայց չի էլ բացառում դա։

Իր անձնական նամակների մեկնաբանմանն անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է.

-Երևի ամեն մեկը հուզված էր և այդ դյուրագրգիռ իրավիճակում յուրովի է մեկնաբանել։ Ես գրել էի՝ դուք համարեք, որ այլևս հրաժարական չի լինելու։ Սա այլևս իմ վերջին հրաժարականն է։ Այսինքն, դուք ինձանից հրաժարական չեք տեսնի։ Կուսակցությունից հեռանալու և այլ բաների մասին ոչինչ չկար։ Շատ հետաքրքիր է, որ ամեն մեկն այդ համապարփակ նամակը յուրովի է մեկնաբանել, բայց այնտեղ գրվածն ուղղված էր բոլոր բոլորին՝ առանց բացառության։ Նրանց պատասխանատվությանն էր վերաբերում, և որ նրանցից յուրաքանչյուրը խախտեց այդ պատասխանատվության հրամայականը։ Այդտեղ կար նաև բացառում։ Ես ինձ բացառեցի այդ գործելաոճից, այդ ցեխարձակումից, որով այդ օրերին այդ մարդիկ փայլում էին։ Եվ ամեն մեկը, փոխանակ իր վրա վերցնի ասածը, մյուսի վրա է գցում։ Ես այլևս հրաժարական չեմ տա։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը