Մեկնաբանություն

27.01.2015 10:25


ՀՅԴ–ն մնաց սերժամետ գծի վրա

ՀՅԴ–ն մնաց սերժամետ գծի վրա

Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ն մի քանի օր շարունակ փակվել էր Դիլիջանում, և ժողով էր անում։ Որոշվում էր այդ կուսակցության հետագա քաղաքականությունն, ու ընտրվում էր նոր բյուրո։

Ժողովից առաջ խոսվում էր այն մասին, որ ՀՅԴ–ում պայքար կա, քանզի այդ կառույցի մի մասը դեմ է այն կուրսին, որը տանում է Հրանտ Մարգարյանը։ Այսինքն, դեմ են Սերժ Սարգսյանի ձախորդ քաղաքականությանը կցվելու և այդ քաղաքականությունը պաշտպանելու դիմաց որոշակի պաշտոններ ստանալու կուրսին։

Ընդհանուր ժողովի տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ ՀՅԴ–ում հաղթել են, այսպես ասած, կոլաբորացիոնիստները։ Ասել է թե՝ ՀՅԴ–ում հաղթել է «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր թևը։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը, ինչն ամենախոսուն վկայությունն է, որ այդ կառույցն անշեղորեն գնում է Սերժ Սարգսյանին կցվելու ծրագրով։ Ճիշտ է, այդ ամենն արվում է «գաղափարական» ու «սկզբունքային» հիմնավորումներով, թե, իբր, իրենք ոչ թե ուզում են Սերժի վերարտադրությունը, այլ փորձում են սահմանադրական բարեփոխումների ճանապարհով ՀՀ քաղաքական համակարգն առողջացնել, բայց դե, բոլորն էլ հասկանում են, թե ինչն ինչոց է։

ՀՅԴ–ի օրինակով կարելի է արդեն իսկ գնահատական տալ, թե ինչ է ներկայացնելու սրանց պատկերացրած սահմանադրական փոփոխությունը։

Հրանտ Մարգարյանն ավելի քան 10 տարի հանդիսանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (փաստացի՝ կուսակցության ղեկավար)։ Ֆորմալ առումով ՀՅԴ–ում կոլեգիալ կառավարում է (այն կարելի է համարել որպես խորհրդարանական կառավարման մինի մոդել). պարբերաբար փոխվում են բյուրոյի անդամները, բայց Մարգարյանը մնում է կուսակցական «գենսեկի» դերում և միանձնյա որոշումներ կայացնում։

Նույնն ուզում է անել նաև Սերժ Սարգսյանը։ Անունը դրել են «անցում խորհրդարանական կառավարման մոդելի», սակայն իրականում ցանկանում են անցնել սովետաբոլշևիկյան մոդելի, այն է՝ խորհրդայի՛ն կառավարման համակարգի, որի պայմաններում ԱԺ նախագահն է դառնում երկրի ղեկավարը, ով ունենում է զրո պատասխանատվություն և լիքը լիազորություններ։

Սարգսյանական այդ «բարեփոխումներին» կողմ է արտահայտվել միայն ՀՅԴ–ն։ Իսկ դա նշանակում է, որ «Վերջի բոլշևիկի» ակնկալած քաղաքական լայն կոնսոլիդացիան չի ստացվում։ Հետևաբար, սահմանադրական փոփոխությունների անվան տակ քաղաքական համակարգի սուպերմոնոպոլիզացիայի գնալն արկածախնդրություն կլինի։

Քաղաքական ցնցումներից խուսափելու միակ տարբերակը վերարտադրվելու մտադրությունից հրաժարվելն ու իշխանությունը հանձնելու փափուկ տարբերակն ընդունելն է։ Այլապես, մեղքը Սարգսյանի վիզը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը