Լրահոս

05.10.2009 12:49


ՀՀ նախագահի մամլո գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի Լոս Անջելեսյան հանդիպումների մասին

Շարունակելով համահայկական ուղեւորությունը' Նախագահ Սերժ Սարգսյանը  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես եւ համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած մյուս հանդիպումների ժամանակ, Հանրապետության Նախագահը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ հանգամանորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին, փաստաթղթերի ընձեռած հնարավորություններին, առկա հիմնական մտահոգություններին, լսել հանդիպման մասնակիցների տեսակետները խնդրի վերաբերյալ, պատասխանել նրանց հարցերին:

Հանդիպման մասնակիցները ողջունել են Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը' համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ լսելու Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը եւ առաջին ձեռքից ստանալու տեղեկություններ գործընթացի մասին: Կարեւորվել է Հանրապետության Նախագահի կողմից տրվող տեղեկությունների ու տեսակետների պատշաճ փոխանցումը հանդիպմանը մասնակից կազմակերպությունների անդամներին եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:

Նախագահ Սարգսյանը' խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին, նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր եւ վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք' վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ' ամրագրելու իր առջեւ դրված նպատակները: Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին' Նախագահ Սարգսյանը նշել է. «Այո', ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ' օգուտներ քաղել»:

Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում' ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Ընթրիքի սկզբում սրահ են բերվել Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կալիֆորնիա նահանգի դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը:

Դիմելով ընթրիքին մասնակից սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին' Հայաստանի Հանրապետության Նախագահն ասել է.

«Սրբազանազա՛ն հայրեր, սիրելի՛ հայրենակիցներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք:

Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն հայտնում այս երեկոն միասին անցկացնելու հնարավորության համար:

Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարեւոր քննարկում ծա­վալեցինք, քննության ա­ռանք Հայաստան-Թուրքիա հարաբերություն­ների կար­գավորման ներկա փուլը, դիտարկեցինք հե­ռանկար­ները, վերաամրագրեցինք ազ­գային եր­կարաժամկետ մեր նպատակները: Սա իմ կող­մից նախաձեռնված հա­մա­հայկական ուղեւորու­թյան երրորդ հանգրվանն ու քննարկումն էր, որին մաս­նակցեցին հայորդիներ ԱՄՆ Արեւմտյան ափից եւ Լատինական Ամերիկայի երկրներից:

Պատճառներից մեկը, թե ինչու այսօր «հայ» բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն),  Թուրքիան է: 19-րդ, 20-րդ դարերի Թուր­քիան: Սակայն ցավը' սեր, ընտանիք, օջախ կորց­նելու ցավը, թերեւս, հազարամ­յակներով է չափ­վում... Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին' մեր­ժողա­կանություն ենք տես­նում: Ժա­մա­նակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տես­նում: Իզուր: Մեր ցավը խորն է: Մեր կորուստը' անա­­մո­քիչ: Մեր ձայնը' անլռելի: Մեր ոգին՝ անկոտրում: Այս ամենը կա: Բայց պակասող բաներ էլ ունենք: Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:

Այս գեղեցիկ դահլիճում եւ ողջ աշխարհում մեզ բոլորիս մի­ավորում են հայոց իղձերն ու Հայաս­տանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակա­տագրի հետ։ Մեր բոլոր մտքերը, ապ­րումները, եր­բեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հան­դարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսեւորումները մեծ հաշվով ունեն մեկ նպա­տակ՝ տեսնել վաղվա Հայաստանը ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հա­յությունն ավելի համախումբ, ավելի կուռ ու կազմա­կերպված։ Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները։   

Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր։ Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագ­րում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երեւանը։ Հաջորդ սե­րունդներն իսկապես ապրեցին թամանյա­նական քաղաքում։ Իհարկե, ժաման­ակն իր անխուսա­փելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում։ Նույն վիճակն է այսօր։ Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատ­կե­րացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. նախ՝ իր, ապա հայության ապագայի հանդեպ։ Ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը