Մեկնաբանություն

31.01.2015 12:45


Մեր տնտեսության թիվ մեկ խնդիրը

Մեր տնտեսության թիվ մեկ խնդիրը

Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ խնդիրներ ունի (ՓՄՁ ներկայացուցիչների՝ այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները դրանցից մեկին են վերաբերում, երևի՝ ամենաթեթևներից մեկին)։ Դրանք ինչպես օբյեկտիվ, այնպել էլ սուբյեկտիվ հիմքեր ունեն։

Եթե սուբյեկտիվ գործոնները գերազանցում են օբյեկտիվներին, ուրեմն գործ ունենք վատ կառավարման հետ։

Մեզանում խնդիրներն առավելապես սուբյեկտիվ հիմքեր ունեն։ Ճիշտ է, կա միջազգային ֆինանսատնտեսական վիճակի ազդեցություն, կա կոմունիկացիոն խնդիր (մասամբ՝ փակ տրանսպորտային ուղիներ), կա կիսապատերազմական վիճակի գործոն, կա պղնձի գնի անկում և այլն։ Բայց սրանք բացասական առումով անհամեմատ ավելի քիչ ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա, քան սուբյեկտիվը՝ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։

Սուբյեկտիվ մի շարք հիմնարար խնդիրներ կարելի է մատնանշել, սակայն դրանց մեջ կա ամենահիմնարարը։ Բանն այն է, որ խոր հակասության մեջ են հայտնվել Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի մասնավոր բիզնես շահերն ու Հայաստանի տնտեսական շահերը։ Հակասություններն այնքան խորն են, որ դրանք հնարավոր չէ լուծել թերապևտիկ եղանակով։ Ընդ որում, այդ խնդիրը գնալով խորանում է, քանզի մեր երկիրը հայտնվել է արատավոր շրջանի մեջ. Հայաստանի տնտեսության ծավալները վարվող քաղաքականության հետևանքով փոքրանում են շագրենի կաշվի պես, բայց, դրան զուգահեռ, մեծանում է այդ քաղաքականության հեղինակների ախորժակը։ Որքան մեծանում է ախորժակը, այնքան փոքրանում է տնտեսությունը, և այդպես շարունակ։

Դա է պատճառը, որ սկսել են տեռորի ենթարկել ՓՄՁ–ին, կարմիր կետագծեր քաշել փողոցներում ու փող հավաքել, քանի որ այս նեոբոլշևիկյան իշխանության ախորժակն անսպառ է։ Ասել է թե՝ համաշխարհային մակարդակով տնտեսական բում լինի, թե անկում, կապ չունի. միևնույն է՝ մեզանում անկում է գրանցվելու, քանզի անտակ հորը հնարավոր չէ լցնել։

Այն կառավարությունը, որը գտնվում է Ս. Սարգսյանի ուղղակի ազդեցության տակ, ամբողջությամբ ենթարկվում նրան, չի կարող խնդիրներ լուծել և դրական ցուցանիշներ ապահովել։

Սերժ Սարգսյանը «Մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում, իսկ դա չի կարող խնդիր չառաջացնել։ Արտագաղթը, ներդրումների կրճատումը, կապիտալի փախուստը, աղքատության աճը և այլ բացասական երևույթները «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման հետևանքներն են։

Ինքնին հասկանալի է, որ խնդրի լուծումը քաղաքական հարթության մեջ է։

Սերժ Սարգսյանը լուրջ մարտահրավեր է նետել մեր պետությանը՝ հայտ ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների միջոցով պահպանելու ու խորացնելու իր և Հայաստանի հակասությունները։ Իսկ դա նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունները չի կարելի թույլ տալ, ինչպես նաև պետք է հասնել իշխանափոխության։ Դրանից հետո ՀՀ տնտեսության թիվ մեկ խնդիրը կվերանա, ու հնարավորություն կստեղծվի զարգացման մասին մտածել։ Ու ցանկալի է, որ փոփոխությունները լինեն անարյուն, թեկուզև՝ փուլային տարբերակով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը