Մեկնաբանություն

02.02.2015 13:24


Բարի Սերժն ու չար բոյարները. արար 4–րդ

Բարի Սերժն ու չար բոյարները. արար 4–րդ

Ժողովո՛ւրդ, բա իմացա՞ք՝ ինչ եղավ։

Սերժ Սարգսյանի գլխին հերթական անգամ «սարքել» են։ Ինքը հանգիստ նստած էր և աշխատում էր Էրդողանին ուղարկվելիք հերթական նամակի վրա և մտածում էր, թե ուրիշ էլ ինչ ցուցադրական ակցիաներ անի Ծիծեռնակաբերդի մոտ, որպեսզի հայ–թուրքական կեղտոտ արձանագրությունները ստորագրողները չհասնեն իրենց նենգ նպատակներին և Հայոց ցեղասպանության հարցը չդարձնեն առևտրի առարկա, մեկ էլ հանկարծ Ղարաբաղի իշխանությունները բռնություններ կիրառեցին։ Դե, վերջիններս էլ ծառայելուց ծառայում են «չերեզչուր» տարբերակով, ախմախությունը ախմախության հետևից թույլ տալով ու չզգալով, որ Սերժն իրենց փչացնում է։

Ինքներդ էլ հասկանում եք, որ Բերձորում տեղի ունեցածի հետ Սերժ Սարգսյանը կապ չունի «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան Ռուսաստան ա գնացել, ե՞ս եմ մեղավոր, որ ձեր տները ձեզանից խլել են» թեմաների շրջանակներում:

Սերժն ի՞նչ կապ ունի 2008–ի մարտի 1–ի հետ։ Դա չար Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործն է, իսկ ահա «Վերջի բոլշևիկն» այդ ամենի զոհն է։ Ոչինչ, որ բացառապես «Մարտի 1»–ի շնորհիվ Սերժը նստեց նախագահի աթոռին, ու նա այդ բռնության թիվ մեկ շահառուն է։

Սերժն ի՞նչ կապ ունի Լիսկայի հետ։ Վերջինս ինքն իրեն մարզպետ վերանշանակեց, իսկ մութ ուժերը խանգարեցին ՀՀԿ ղեկավարին այդ վերանշանակման դեմն առնելու հարցում։

Սերժն ի՞նչ կապ ունի ընտրակեղծիքների և տոկոս «խփելու» հետ։ Դա անում են «Արջի ծառայություն» ՍՊԸ ներկայացուցիչները, իսկ ինքը չի կարողանում դեմներն առնել։ Այ, եթե քաղաքացիականներն օգնեն նրան ԲՀԿ–ի դեմ հաղթանակի հասնելու, քաղաքական դաշտն անապատի վերածելու և սահմանադրական փոփոխություններով ցմահ աթոռին մնալու հարցերում, ապա նա կհաղթի բոլոր չար մարդկանց ու մեզ կտանի դեպի ապահով և եվրաասոցացվող երկիր։

Սերժն ի՞նչ կապ ունի առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հետ։ Դա չար դաշնակցականների ու աներևույթ ուժերի պահանջն է։ Պարզապես Սերժն այնքան բարի է, լայնախոհ ու ազատամիտ, որ ընդառաջ է գնում այդ պահանջին և ստիպված ուզում է ցմահ «գենսեկ» աշխատել։

Սերժն ի՞նչ կապ ունի «ֆուտբոլային» դիվանագիտության և դրա խայտառակ հետևանքների հետ։ Մեղավորը Նալբանդյան Էդիկն է (դրա համար էլ սկզբունքային դաշնակցականները պահանջում էին Նալբանդյանի հրաժարականն ու հետո անցան նրա տակ՝ դիվանագիտական աշխատանքի)։ Ինչպես ասում են՝ «Նախագա՛հ, մի՛ զիջիր»։

Սերժն ի՞նչ կապ ունի Հայաստանում արձանագրվող տնտեսական անկման, աղքատության աճի, արտագաղթի, ներդրումների կտրուկ կրճատման և մյուս բացասական երևույթների հետ։ Մեղավորը չար օլիգարխներն են, ԲՀԿ–ն է, «եռյակն» է, Քոչարյանն է, Մոսկվան է, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, ադրբեջանցի դիվերսանտներն են, իշխանական թիմի դավադիրներ են, բայց ոչ «Վերջի բոլշևիկը»։

Սերժն ի՞նչ կապ ունի, որ Հայաստանը միջազզային ասպարեզում դարձել է հատակի փալաս։ Մեղավորը չար Պուտինն է, թե չէ ՀՀԿ ղեկավարը հոգու խորքում թունդ արևմտամետ է և մոլի եվրաասոցացվող։

Սերժն ի՞նչ կապ ունի «փայ մտնելու» հետ։ Դա չար մարդկանց գործն է, իսկ Սերժը չի կարողանում կոնկրետ քայլեր ձեռնարկել, քանի որ գերի է ընկել «չար բոյարների» ձեռքը։

Եվ ընդհանրապես, Սերժն ինչի՞ հետ կապ ունի։ Նրան սատարող «Գեբելսյան» քարոզչամեքենան տարածում է այն կոդը, որ նա ոչ մի բանի հետ էլ կապ չունի, բացի Շախմատի ֆեդերացիայից։ Ասել է թե՝ «անկապ» է։ Իսկ մեզ պե՞տք է «անկապ» նախագահ։ Իհարկե, ոչ։ Հատկապես որ բոլոր չարիքների սկզբնաղբյուրն իրականում Բաղրամյան 26–ում նստած մարդու վարած քաղաքականությունն է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը