Խմբագրական

05.02.2015 14:55


Անդրանիկ Թևանյան. «2008–ից հետո իշխանության վարած քաղաքականությունն արկածախնդրային բնույթ ունի» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «2008–ից հետո իշխանության վարած քաղաքականությունն արկածախնդրային բնույթ ունի» (տեսանյութ)

«7 օր» լրատվավերլուծական կայքէջի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ելույթը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովում

«Հարգելի՛ գործընկերներ,

Մեր հասարակական ու քաղաքական կյանքում առկա հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդոլոգիայի վերաբերյալ հնչում են տարբեր տեսակետներ, բայց իշխանության ընդդիմախոսների մոտ, մեծ հաշվով, կա ընդհանուր հայտարար։

Ռազմավարական խնդիրը ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն է, իսկ մարտավարականը՝ իշխանափոխությունը։

Հայաստանյան առանձնահատկությունները և համաշխարհային փորձը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար պնդել, որ առանց իշխանափոխության, ընտրական ինստիտուտի հանդեպ հավատի վերականգնման, կուսակցական համակարգի կայացման՝ հնարավոր չէ դրականորեն փոխել տնտեսաքաղաքական հարաբերությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով։

Խորհրդային Միության ժամանակ էլ քաղաքական մենաշնորհ կար, և այն ժամանակ էլ մի քանի անգամ Սահմանադրություն փոխվեց։ Արդյունքում՝ ամրագրվեց Կոմկուսի առաջատար դերը հանրային կյանքում։ Այդ դերն այնքան «առաջատար» էր, որ ԽՍՀՄ–ը փլուզվեց։

Փլուզման պատճառն այն չէր, որ կոմունիստները վատ մարդիկ էին, Գորբաչովն Արևմուտքին էր ծախված, կամ ԱՄՆ–ի գործակալները կործանեցին այդ հսկային։

Հիմնական պատճառը տնտեսական և քաղաքական համակարգի մենաշնորհն էր, որի պայմաններում չկար մասնավոր սեփականության ինստիտուտ, և բացակայում էր մրցակցային միջավայրը տնտեսական ու քաղաքական կյանքում։

Հիմա Հայաստանում փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների միջոցով նեոբոլշևիկյան մոդելի անցնել՝ ներմուծելով «գենսեկի» հին ու «բարի» ինստիտուտը։ Նպատակը մեկն է՝ ապահովել իշխող վերնախավի մի նեղ հատվածի վերարտադրությունը և նրանց տնօրինած սեփականության բազմապատկումը։

Երբ իշխող դասի և պետության շահերը միմյանց հետ խոր հակասության մեջ են մտնում, ապա նման վերարտադրության գինը կարող է լինել պետության կորուստը։ Ինչպես խորհրդային ցմահ «գենսեկների» պաշտոնավարման գինը եղավ պարտությունը «Սառը» պատերազմում, այնպես էլ մենք կարող ենք մեր «Սառը» պատերազմը տանուլ տալ, եթե չկանխենք տնաբույծ նեոբոլշևիկների վերարտադրվելու փորձերն ու չազատվենք նրանցից։

. . .

2008–ից հետո ձևավորված իշխանության վարած քաղաքականությունն արկածախնդրային բնույթ ունի։

Արկածախնդրություն էր «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, որի բացասական հետևանքները մենք տեսնում ենք գրեթե ամեն օր։

«Նախաձեռնողական» հռչակված արտաքին կուրսի արդյունքում Ղարաբաղի հարցում Թուրքիան դարձավ ակտիվ դերակատար, Հայոց ցեղասպանության հարցը դուրս մնաց միջազգային օրակարգից, Անկարան ու Բաքուն լկտիացան։

Ցավով պետք է արձանագրել, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության խայտառակ հետևանքները սրբագրում են սահմանում կանգնած մեր զինվորները՝ իրենց կյանքի գնով։

Արտաքին քաղաքական ոլորտում արկածախնդրություն էր նաև եվրաասոցացման գործընթացը։

Չորս տարի ԵՄ–ի հետ բանակցած Հայաստանը կայծակնային արագությամբ հայտնվեց Մաքսային միությունում, ապա՝ Եվրասիական տնտեսական միությունում։ Մինչդեռ, մեր շահերից էր բխում հավասարակշռված կամ կոմպլեմենտար քաղաքականության շարունակականությունն ապահովելը, որը հնարավորություն կտար խորացնել հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններն ու սերտացնել Արևմուտքի հետ կապերը՝ վեստերնիզացիայի ենթարկելով պետական կառավարման համակարգն ու տնտեսական խաղի կանոնները։

Պաշտոնական Երևանի որդեգրած «արևմտամետ» քաղաքականության արդյունքը եղավ այն, որ մեզ այժմ չեն հարգում Արևմուտքում, և չեն վստահում Մոսկվայում։ Հայաստանին անլուրջ են վերաբերվում։ Դա է պատճառը, որ Ադրբեջանն ագրեսիվացել է՝ ոգևորվելով նաև մեր տնտեսական «հաջողություններով»։

Հաջորդը։

Արկածախնդրություն էր «Հայկական աշխարհի» կառուցման կոչերի ներքո իրականացվող սոցիալ–տնտեսական քաղաքականությունը, որի աղետալի հետևանքները չի կարողանում թաքցնել անգամ պաշտոնական վիճակագրությունը։

Վերջին 7 տարվա ընթացքում

–արտագաղթողների թիվն անցել է 300 հազարը,

–աղքատությունն ավելացել է մոտ 50 տոկոսով,

–ներդրումները կտրուկ կրճատվել են,

–ՀՆԱ–ն դոլարային հաշվարկով դեռ չի մոտեցել 2008–ի մակրոտնտեսական ցուցանիշներին՝ 2009թ. «հաջողացնելով» համաշխարհային ռեկորդ սահմանել անկման ցուցանիշով,

–կապիտալի արտահոսքը չափվում է միլիարդավոր դոլարներով,

–ազգային դրամը վերածվել է լոկ ցածրարժեք ապրանքների վճարամիջոցի (փողի մյուս գործառույթներն այն գրեթե չի կատարում), քանզի դրամավարկային քաղաքականության արդյունքում մարդիկ չեն վստահում սեփական արժույթին,

–հանրության մեծ մասն ընկել է տոկոսի տակ՝ դառնալով բանկային համակարգի գերին,

–ՀՀ արտաքին պարտքն աճել է շուրջ 3 անգամ՝ մոտենալով 5 միլիարդ դոլարի սահմանագծին։

Բացասական ցուցանիշների թվարկումը երկար կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ գործ ունենք, մեղմ ասած, անարդյունավետ իշխանության հետ։

Միակ բանը, որ ստացվել է այս իշխանությունների մոտ, քաղաքական հաճախորդների բանակը նոր դեմքերով համալրելն է, «Գեբելսյան» քարոզչամեքենա ստեղծելը, տարատեսակ տեխնիկական միջոցների և օրենքների օգնությամբ փող հավաքելու մեխանիզմներ ներդնելն ու անձնական միջոցների կուտակման հարցում առաջանցիկ տեմպ ապահովելը։

Արկածախնդրությունների այս շարքն ամփոփելու է գալիս, ինչպես արդեն նշեցի, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը։ Մեզ առաջարկվում է խորհրդայի՛ն կառավարման համակարգ, ինչը ական է մեր պետության տակ։

Որքան էլ դեմագոգները, սկզբունքային ժուլիկները և երեսուն արծաթի անշահախնդիր սիրահարները պնդեն, թե իշխանությունը բարեփոխում է առաջարկում, և ուրեմն, եկեք օգնենք նրան, միևնույն է՝ բոլորն էլ հասկանում են, որ սահմանադրական փոփոխություններն արվում են մեկ մարդու համար, և մենք գիտենք այդ մարդու անունը։

Այդ մարդու և Հայաստանի շահերը բախվում են բոլո՛ր կետերում։ Ընտրությունն այս պայմաններում ակնհայտ է՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերը վեր են մեկ մարդու շահերից, ով էլ որ լինի այդ մարդը։

Այնպես որ, պետք է հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ Համաժողովրդական շարժման, միջոցով նախ ստիպել, որպեսզի վիժեցվեն սահմանադրական փոփոխությունները, ապա անցնել նոր՝ ազգային–դեմոկրատական արժեհամակարգով առաջնորդվող իշխանության ձևավորմանը։

Իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է և մեր երկրի զարգացման գրավականը։ Այլ տեսակետ ունեցողները թող մասնակցեն Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի միջոցառմանը։

Միացո՛ւմ։ Ահա՛ այն կարգախոսը, որը պետք է լինի գործողությունների կոդն ու հաջողության նախապայմանը»։

Այս խորագրի վերջին նյութերը