Մեկնաբանություն

07.02.2015 00:05


Մեկ մարդու քաղաքական գնահատականին սպասելիս

Մեկ մարդու քաղաքական գնահատականին սպասելիս

ՀՀԿ–ական Գագիկ Մինասյանն իշխանական կայքերից մեկին տված հարցազրույցում փորձել է տնտեսագիտական դատողություններ անել Գագիկ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ։ Նա կարծիք է հայտնել, թե ԲՀԿ առաջնորդի ելույթում սխալ են այն գնահատականները, թե պարտադիր կուտակայինով մարդիկ տարեկան կտրվածքով առնվազն 15 տոկոս կորցրել են, քանզի դրամն այդքանով արժեզրկված է։

Իրականում Ծառուկյանը շատ մեղմ գնահատականներ է տվել պետական մակարդակով կազմակերպված այդ ռեկետին։

Դատե՛ք ինքներդ։ Դրամ–դոլար հարաբերակցությունը միայն վերջին ամիսներին փոխվել է մոտ 20 տոկոսով։ Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով դրամի հանդեպ այնքան է մեծացել անվստահությունը, որ մասնավոր բանկերն առաջարկում են դրամով ավանդներ ներդնել տարեկան 18 տոկոսով։

Հիմա ի՞նչ է՝ կենսաթոշակային հիմնադրամները տարեկան 18 տոկոսով ավելացնո՞ւմ են ՀՀ քաղաքացիներից վերցրած գումարները։ Իհարկե, ոչ։ Հո ախմա՞խ չեն։ Իրենք կարող են սպեկուլյատիվ եկամուտներ ստանալ, բայց դրանից ՀՀ քաղաքացին հաստատ չի օգտվելու։

Արդյոք շահո՞ւմ է ՀՀ քաղաքացին, ով Սերժ Սարգսյանին ու իր նեղ թիմին էժան ու երկար փողեր է հանձնում, թե՞ տուժում է։ Պատասխանը կարող է տալ նույնիսկ առաջին դասարանի աշակերտը։

Գ. Մինասյանը շատ վատ կարծիքի է մեր քաղաքացիների մասին կամ էլ ստիպված դեմագոգիայով է զբաղվում։

Ըստ Մինասյանի՝ պարտադիր կուտակայինով հարկվող մարդիկ երկար ու էժան փողերի օգտագործման ձևը չգիտեն, ու չեն կարող բաշխել իրենց գումարներն այնպես, որ առավել շատ եկամուտներ ստանան։

Եթե այսօր ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոս է սահմանում 9,5–ը (ինչը բարձր մակարդակի ինֆլյացիայի վկայությունն է), իսկ բանկերն ավանդ են ընդունում 18 տոկոսով (սա էլ ցույց է տալիս, թե իրականում ինչքան է ինֆլյացիայի սպասվող տեմպն ու ազգային դրամի հանդեպ անվստահությունը), ապա այդ ո՞ր հիմարը սեփական կամքով փող կտա պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին, որպեսզի տասնամյակներ անց ունենա ապահով ծերություն։

Դե, եթե այդքան լավ բան է կուտակայինին փող տալը, և քաղաքացին միայն շահում է, ապա թող օրենքով սահմանեն, որ կուտակային կենսաթոշակայինը կամավոր սկզբունքով է իրականացվելու։ Տեսնենք, թե դրանից հետո քանի մինասյաններ կտանեն ու իրենց գումարները կհանձնեն էժան ու երկար փողի սիրահարներին։

Մարդիկ այսօր դոլար առնեն կամ էժանացած վառելիքի մեջ գումար դնեն, կամ էլ ավանդ տան բանկերին՝ շատ ավելի քիչ կխուսափեն ռիսկերից, քան եթե իրենց գումարները վստահեն «Էշ մի սատկի՝ գարուն կգա» ՍՊԸ–ի փայատերերին։

Ահա այս պարզ ճշմարտությունների մասին է խոսել Ծառուկյանը։

Այնպես որ, մինասյանները թող ավելի լավ է՝ իրենց շեֆից ճշտեն, թե ինչ քաղաքական գնահատական են տալու ԲՀԿ առաջնորդի ելույթին, այլապես անհարմար բան է ստացվում։ Բոլոր ՀՀԿ–ականները՝ Գալուստ Սահակյանից սկսած՝ Մինասյան Գագիկով վերջացրած, մեկ կենտրոնից իջեցված հրահանգով «ասուժդամս» են անում համաժողովում Ծառուկյանի հնչեցրած ելույթը, բայց վերջում նշում են, թե քաղաքական գնահատական կտան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո։ Լա՛վ, ենթադրենք՝ միասնական տեսակետ կձևավորվի ՀՀԿ այդ նիստից հետո, բայց կարող են, չէ՞, իրենց անձնական տեսակետները հնչեցնել կարկառուն հանրապետականները։ Պարզվում է՝ չեն կարող, քանզի ի՞նչ իմանան, թե վաղն ինչ կգա իրենց գլխին, կամ շեֆն ինչ կանի։

Բայց դե, նրանց էլ մեղադրել պետք չէ։ ՀՀԿ–ում մեկ մարդ է որոշումներ կայացնում։ Այնպես որ, ՀՀԿ–ականները որ իմանան, թե ինչ քաղաքական գնահատական են տալու Ծառուկյանի ելույթին, կասեն, բայց որ չգիտեն, թե ինչ գնահատական են տալու, ասեն՝ ի՞նչ ասեն։

Մինասյաններին, գալուստներին ու մյուսներին վերապահված է ԳՄ նիստի ժամանակ դեկորացիա ապահովելու գործառույթը։ Մնացածը մեկ մարդու փխրուն ուսերի վրա է։ Խեղճ մարդը ո՞ր մեկի փոխարեն աշխատի՝ հա՛մ դոլարի փոխարժեքի հարցերով է զբաղվում, հա՛մ Գալուստի ասելիքն է ուղղորդում, հա՛մ բիզնեսի խնդիրների մեջ է խորացած, հա՛մ Էրդողանին է նամակ գրում, հա՛մ...

Մի խոսքով, մնանք մեկ մարդու քաղաքական գնահատականին սպասող։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը