Մեկնաբանություն

11.02.2015 22:45


Արտակ Խաչատրյանի ծեծի շահագրգիռները, կատարողները, պարտակողները և արդարացնողները

Արտակ Խաչատրյանի ծեծի շահագրգիռները, կատարողները, պարտակողները և արդարացնողները

Իրավական առումով «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ խաչատրյանի հետ տեղի ունեցածը դեռ վերջնական բացահայտման կարիք ունի։ Քաղաքական առումով, սակայն, ամեն ինչ ավելի քան պարզ է և կարելի է ասել, որ գործը բացահայտված է։

Եթե Հայաստանում կա մարդ, ով կարծում է, թե ԲՀԿ–ական Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը տեղի են ունեցել առանց Բաղրամյան 26–ի «բարձր դռնից» իջեցված հրահանգի, ապա այդ մարդուն կարելի է քաղաքականապես անմեղսունակ համարել ու անցնել առաջ։

Մենաշնորհային քաղաքական իշխանության պարագայում բանդաները չեն կարող ինքնուրույն կազմավորվել ու գործել՝ չվախենալով, որ դիմակներով հարձակման ժամանակ կարող են բռնվել։ Միայն իշխանական հովանավորությունը վայելողները կարող են նման լկտի ձևով ազատորեն հանցանք կատարել։

Շահագրգիռները

Սահմանադրական փոփոխություններով ցմահ իշխելու ցանկություն ունեցող Սերժ Սարգսյանի համար բռնության կիրառումը վերջին ռեսուրսն է։ Պայթել են նրա վրա «կարվող» այնպիսի իմիջային փուչիկները, ինչպիսիք են «Արևմտամետը», «Առաջադեմը», «Բարին», «Հանդուրժողը», «Երկխոսողը», «Հակաօլիգարխիկը», «Չարյաց փոքրագույնը» և այլն։

ՀՀԿ ղեկավարը հիմա հանդես է գալիս առանց շպարի, քանզի ուրիշ տարբերակ չունի։

2008–ին նա այլ տարբերակ չուներ, քան տասը զոհի գնով նախագահ դառնալը։ Այժմ էլ նրա զինանոցում միայն բռնությունն է մնացել, քանզի ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքական ոլորտներում դրական արդյունքներ չկան, որ դրանց վրա հիմնվելով՝ նա հայտ ներկայացնի փաստացի երրորդ ժամկետի։

Բռնությունները բումերանգի էֆեկտ ունեն, բայց Սարգսյանն այլ «փաստարկ» չի կարող ներկայացնել, թե ինչու պետք է վերարտադրվի։ Նա հաշվել է, որ միակ տարբերակն ահաբեկելն ու ընդդիմադիր տարբեր հատվածների կետային հարվածներ հասցնելն է։ Ազատամարտիկներից մինչև Արտակ Խաչատրյան շարքն այդ հաշվարկի արդյունքն է։ Մի կողմ թողնենք, թե դրանից նա վերջնարդյունքում շահելո՞ւ է, թե՞ ոչ։ Սերժը մտածում է, որ շահելու և այդ իսկ պատճառով էլ բռնությունների ալիք է սկսվել։

Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը Արտակ Խաչատրյանի ծեծի միակ շահագրգռված շրջանակն են։ Նրանք փորձում են վախի մթնոլորտ ստեղծել և Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից հետո յուրօրինակ «մեսիջներ» ուղարկել՝ հասկացնելով, որ մահապարտի պես ատամներով են պահելու աթոռը։ Այլ հարց է, որ այդ «մեսիջն» իր նպատակին չծառայեց, վախեցող չեղավ և համաժողովրդական շարժման առաջնորդները պատրաստվում են կռիվ տալու։

Սերժն ուզում է քաղաքական գործընթացները տեղափոխել այլ հարթություն, բայց շարժման առաջնորդները «Վերջի բոլշևիկին» բերելու են այնտեղ, որտեղ նա թույլ է, այսինքն՝ բերելու են քաղաքական հարթություն։

Կատարողները

Կատարողների հարցն այլ՝ հավասար պայմաններում շատ հեշտ կլիներ պարզելը, քանզի Երևանի կենտրոնից օրը ցերեկով, տեսախցիկների առկայությամբ, առևանգել են ՀՀ քաղաքացուն, տեսախցիկները ֆիքսել են, թե որ ուղղությամբ են տանում Արտակին։

Բայց դե, սա քաղաքական ահաբեկչություն էր, և հետևաբար, բացահայտումն էլ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում հնարավոր կլինի։

Կատարողները դիմակավորված են եղել, ծեծելիս էլ չեն խոսել։ Հավանաբար, որպեսզի բառերի օգտագործումից ակցենտի կամ այլ բանի «լյափսուս» չտան։ Իսկ եթե խոսել էլ են, ապա այնպիսի բաներ են ասել, որպեսզի ուղղորդեն Արտակին ու ԲՀԿ–ին դեպի կեղծ թիրախներ, և որպեսզի հետագայում «մուտիլովչիկները» կարողանան միս ու արյուն տալ կեղծ վարկածներին։

Պարտակողները

Այս գործառույթը ՀՀԿ–ականներինն է, բայց ոչ միայն նրանցը։

Բուռնաշներն ու մյուս օդիոզ դեմքերն այս ու այն կողմ հայտարարում են, թե Արտակի դեպքը իշխանություններին ձեռնտու չէ, և ուրեմն, չի կարելի էմոցիոնալ հայտարարություններ անել։

ՀՀԿ–ականներն ուզում են պարտակել ամեն ինչ, բայց դե, հայտնվում են ծիծաղելի վիճակում, քանի որ պարզ երևում են Բաղրամյան 26–ի «ակնաջները»։

Համ էլ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ տուժողները բացառապես ընդդիմադիր հատվածից են։ Պատվախնդիր, ադրբեջանցիներից ազդված ու հայրենասեր «խոպանչիները» միայն ընդդիմադիր մարդկանց դեմ են բռունցք բանեցնում։

Բա ինչո՞ւ փուչիկ Կարենը, գծատեր Գալուստը, ալկոհոլի մեծ սիրահար Աշոտ Աղաբաբյանը կամ «կրեաԾիվ» Աշոտյանն ինքնաբուխ ծեծի չեն ենթարկվում։ Թեև, համաձայնեք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդպիսի ցանկություն ունի, և ոչ միայն ու ոչ այնքան այս մարդկանց «մոմենտով»։

Պարտակողների «բրիգադի» մեջ կան նաև «թունդ ընդդիմադիրներ» (Աղասի Ենոքյան, Նիկոլ Փաշինյան, Արման Բաբաջանյան)։ Սրանց վերապահված է կեղծ թիրախներ հանրությանը մատուցելու և «մուտիլովկայական» վարկածներ շրջանառության մեջ դնելու գործառույթը։

Ենոքյանն ու ադրբեջանցիների սիրելի «1in.am»-ի ղեկավար Բաբաջանյանն, օրինակ, իրար հետ զրույցում եզրակացրին, որ Արտակ Խաչատրյանի ծեծի կազմակերպիչներ կարող են լինել Վլադիմիր Պուտինը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Թե քանի ոչխար կհավատա այս վարկածին, նշյալ անձանց չի հետաքրքրում։ Իրենց ասել են ախմախություններով զբաղվել, իրենք էլ զբաղվում են։ «Արևմտամետներից» այլ բան չէր էլ կարելի սպասել։

«Թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը շատ ավելի «նուրբ» է աշխատում։ Նա իր թերթով տարածում է, թե, իբր, Արտակի ծեծը կարող են կազմակերպած լինել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կամ էլ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, քանի որ Հովիկ Աբրահամյանը նրանց դեմ է։ Մի խոսքով, սուպերմուտիլովկա է անում Սերժը, բայց սաստիկ քաղաքացիական Նիկոլի միջոցով։

Թե քանի մարդու հետ է քաղաքացիական պայմանագիր կնքել Նիկոլը, դժվար է ասել, բայց հաստատ կարելի պնդել, որ սերժական պայմանագիրը նրա մոտ ավելի լավ է ստացվել և վաղուց մտել է ուժի մեջ։ Եվ այդ պայմանագրի շրջանակներում էլ Փաշինյանը փորձում է Սերժ Սարգսյանին մաքրել այս պատմությունից՝ կեղծ վարկածներ հրամցնելով։

Պատկերացնու՞մ եք, թե ինչ գաղջ ու կեղտոտ մթնոլորտ է տիրում իշխանական միջանցքներում։ Սերժը բռնությունների ալիք է սկսել, բայց իր հաճախորդ Նիկոլի միջոցով տարածում է, թե, իբր, դա արել են իր գլխավորած համակարգի երկու առանցքային ֆիգուրները։

Արդարացնողները

Արտակ Խաչատրայնի ծեծն արդարացնողներն ամենաքստմնելի գործառույթն են իրականացնում։ Ինչպես միշտ՝ այդ գործը նախատեսված է Բ26–ի հաճախորդների, «անկախ» լրատվամիջոցների և շարքային «դիշովկեքի» համար։

Արդարացնողների հիմնական գործը ոչ թե Սերժ Սարգսյանից հետքերը մաքրելն է, այլև ծեծը հիմնավորելն ու փաստաբանություն անելը «Ժողովու՛րդ ջան, սա քո կռիվը չէ. Արտակը ներիշխանական «ռազբորկայի» արդյունքում է ծեծվել, համ էլ՝ ԲՀԿ–ականին խփելը հակաօլիգարխիկ պայքարի շրջանակներում է արված, հատկապես որ բռնություններ նախկինում էլ են եղել, ու չարժե մենակ Սերժին մեղադրել» թեմայով։

Արդարացնողներից ամենանողկալի դերը ստանձնեց տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանը, ով այնպիսի անհեթեթություններ էր դուրս տալիս, որ զգացվում է՝ շուտվանից «սոցիոլոգիական» պատվեր չի ստանում, և այս դրամ–դոլարային վայրիվերումների արդյունքում ահագին զրկվել է «կոռմից» ու պատրաստ է բերանից դուրս տալ ամեն ինչ։

Ամփոփում

Արտակ Խաչատրյանի և մինչ այդ տեղի ունեցած մյուս ահաբեկչական գործողությունների շահագրգիռ կողմը Սերժ Սարգսյանն է ու իր նեղ շրջապատը։ Այլ տեսակետ ունեցողները կարող են ասվածը հերքել՝ շատ արագ բացահայտելով բռնությունների կատարողներին ու պատվիրատուներին։ Բայց պարզ է, որ դա չի լինի։

Բռնության բոլոր դեպքերն էլ, ըստ էության, բացահայտվել են։

Ազատամարտիկներին փոխոստիկանապետ Երանոսյանն է կանչել հաց ուտելու, որպեսզի հետո իր մանկլավիկներին «քսի տա» տղերքի վրա։ Եվ, ի դեպ, դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի վրա հարձակման դեպքի առիթով նույնիսկ քրեական գործ չի հարուցվել։

Սուրեն Սարգսյանի ծեծը նույնպես մնաց չբացահայտված։ Նրա վրա էլ էին հարձակվել դիմակավորված անձինք։

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության համար իշխանություններն իրենց դաշնակցական հին ընկերների միջոցով արդարացման շոու էին կազմակերպել ԱԺ–ում, և Սերժ Սարգսյանի տեսակետներն այդ թեմայով հնչեցին Սեյրան Սարոյանի շուրթերով։

Բերձորում իշխանությունները ստուգեցին ԼՂՀ իշխանությունների հավատարմությունը և «խուրդվելու» պատրաստակամությունը։

Դե, իսկ Արտակ Խաչատրյանին ծեծեցին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից հետո։

Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն իրեն հոգեհարազատ մեթոդով պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների՝ որպես հենարան վերցնելով քրեական տարրերին և դիմակավորված բանդաներին (Լիսկայի վերանշանակումը հենց այդ մեսիջն էր իր մեջ պարունակում)։ Քաղաքական հենարանի անտուրաժային դերը վերապահված է ՀՀԿ–ական օդիոզներին ու ՀՅԴ–ական «սկզբունքայիններին»։ Ինֆորմացիոն գործընկերներն էլ նիկոլներն ու մյուս «անկախներն» են։

Այդպիսով կարելի է եզրակացնել, որ գոնե այս պահի դրությամբ Սերժն ընտրել է քաղաքական զարգացումների կոշտ տարբերակը։

Համաժողովրդական շարժման խնդիրն այս պարագայում պետք է լինի մարտահրավերն ընդունելն ու Սարգսյանին գահընկեց անելը։ Այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակը միայն Սարգսյանի ողջամիտ նահանջը պետք է լինի։ Իսկ իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Սերժ Սարգսյանի վրա։ Նա միշտ պետք է աչքի առաջ ունենա Մուբարաքի, Յանուկովիչի ու մյուսների ճակատագիրը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը