Լրահոս

06.10.2009 17:40


«Ոչ՛ թուրքական պայմաններին, ո՛չ նախաստորագրված արձանագրություններին». ավտոերթ Գյումրիում

«Ոչ՛ թուրքական պայմաններին, ո՛չ նախաստորագրված արձանագրություններին». ավտոերթ Գյումրիում

«Ոչ՛ թուրքական պայմաններին, ո՛չ նախաստորագրված արձանագրություններին» կոչերով այսօր՝ ժամը 15:00-ին, ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն ավտոերթ-քարոզարշավ էր կազմակերպել Գյումրիի կենտրոնական փողոցներում: Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը, ավտոերթին մասնակցում են բացառապես գյումրեցի դաշնակցականներ և նախաստորագրված արձանագրություններին դեմ քաղաքացիներ. «Որպեսզի օրենքը չխախտենք, ավտոերթին մասնակցում են մոտ 30 ավտոմեքենաներ։ Հիմնական նպատակը «Ո՛չ» ասելն է այս արձանագրություններին: Մեր նպատակը նաև վաղը Գյումրիում կազմակերպվելիք հանրային հավաքի և հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք հանրահավաքի վերաբերյալ իրազեկում անցկացնելն է»:

Իսկ հարցին, թե ժողովրդի շրջանում ակտիվություն նկատո՞ւմ են այս առումով, Արտակ Ավետիսյանը պատասխանել է. «Արդեն մոտ 30 հոգի անկուսակցական քաղաքացիներ, որոնք դեմ են իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, եկել են մեր գրասենյակ և ցանկություն հայտնել մասնակցել հոկտեմբերի 9-ի հանրահավաքին: Բացի այդ, բազմաթիվ զանգեր ենք ստանում Աշոցքից, Մարալիկից, Արթիկից և Շիրակի մարզի այլ բնակավայրերից, որոնք իրենց վրդովմունքն են հայտնում նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ»: Արտակ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ բողոքի ակցիաներով հաստատ ինչ-որ բան կստացվի փոխել. «Հուսադրում է այն, որ ահավոր շատ ժողովուրդ է միանում: Շարժումը թափ առնի, ամեն ինչ կքանդենք»։

 

Ավտոերթի մասնակիցները՝ ազդանշանները միացրած, գյումրեցիների հետաքրքրասեր հայացքների ներքո, շրջեցին քաղաքի  գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով՝ «Ո՛չ նախաստորագրված արձանագրություններին» կոչերով թռուցիկներ բաժանելով և բարձրախոսով իրազեկելով առաջիկա միջոցառումների մասին:

Երթի մասնակիցները, մոտ 5 րոպե ազդանշանները միացրած, կանգ առան Շիրակի մարզպետարանի դիմաց և թռուցիկներ բաժանեցին նաև մարզպետարանի աշխատակիցներին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը