Մեկնաբանություն

13.02.2015 15:51


Ծառուկյանը պայթեցրեց Սարգսյանի քարոզչափուչիկը

Ծառուկյանը պայթեցրեց Սարգսյանի քարոզչափուչիկը

Սերժ Սարգսյանն իր անձնական վիրավորանքներով լեցուն ելույթով կարողացավ ընդամենը մի քանի ժամով «նյուզմեյքեր» դառնալ ու նպաստել իր շուրջը հավաքված բորենիների խրախճանքին։

ՀՀԿ առաջնորդի հնչեցրած «ֆա՛ս» հրահանգը ցույց տվեց, որ նա իր կուսակիցների օդիոզ հատվածին որպես չորքոտանու է վերաբերվում։ Այսինքն, երբ ուզենա՝ կարող է նրանց ասել «Ֆո՛ւ», իսկ երբ ուզենա՝ «ֆա՛ս»։

Փուչիկկարենների համար նա գործունեության դաշտ բացեց՝ կարծելով, թե կարող է վախեցնել Գագիկ Ծառուկյանին ու անցնել իր հիմնական գործին՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով ցմահ իշխելու և Հայաստանում «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրի կյանքի կոչմանը։

«Վերջի բոլշևիկն» ուզում էր քարոզչական առաջատար դառնալ և տպավորություն ստեղծել, թե ամենակարող է, բայց խիարը կրկին թարս բուսնեց։

ԲՀԿ նիստում հնչած Ծառուկյանի քաղաքական գնահատականը և կոշտ պատասխանը պայթեցրեց Սարգսյանի քարոզչափուչիկը։

Հիմա գնդակը ոչ թե Սերժ Սարգսյանի դաշտում է, այլ նա իր բորենիների հետ գնդակով հայտնվել է ցանցի մեջ։

Նկատենք, որ հետագա ցնցումային զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա։ Նա սրեց իրավիճակը և պետք է պատրաստ լինի ուտելու իր եփած «բորշը»։ Նա նախընտրեց իր «հոգևոր» հայրերի՝ Չաուշեսկուի, Յանուկովիչի, Մուբարաքի և մյուսների ճանապարը, բայց դա արդեն իր խնդիրն է, քանզի ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը։ Քաղաքականության մեջ խելք է պետք, որը իշխանական փտած բուրգի վերնախավում չկա։ Նենգություն, կեղտոտություն կա, բայց խելք չկա։

Ծառուկյանի պատասխանն առավել քան ինքնավստահ էր, իսկ անելիք քայլերը՝ բացառապես քաղաքական։

«Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց՝ սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա՝ իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի՝ ունենալով մեկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»,– ժողովրդին դիմելով՝ հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Փետրվարը կրկին թեժ ստացվեց հայոց քաղաքական դաշտում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը