Քաղաքական

07.10.2009 11:03


Եթե սահմանը չբացեն, իմ երեխաները սովա՞ծ կմնան, ես Անթալիա չե՞մ կարող գնալ

Եթե սահմանը չբացեն, իմ երեխաները սովա՞ծ կմնան, ես Անթալիա չե՞մ կարող գնալ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, «էրեբունի» բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ընդդեմ հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների։

Բացման խոսքն ասելիս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ «ջանքերը համատեղելու և միասնական գործունեություն ծավալելու անհրաժեշտությունն ակնհայտ է, և այս նախաձեռնությունը նպատակ ունի միասնական դիրքորշման հիման վրա ջանքերը համատեղել և կասեցնել նախաստորագրված արձանագրությունների հիման վրա սկսված այս գործընթացը»։

Նա նաև ասել է, որ հոկտեմբերի 9-ին մեծ երթ է նախատեսվում Հանրապետության հրապարակից դեպի նախագահի նստավայր, այնուհետև դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ մեծ հանրահավաք է նախատեսվում: «Վստահ եմ, որ իրավիճակը չափազանց լուրջ և պատասխանատու է, և այն քաղաքական ուժերը, որոնք այս հայտարարության տակ ստորագրել են, սկիզբ են դնում այնպիսի մի միասնական ճակատի ձևավորման, որը հնարավորություն կտա կանխել մեզ համար այս անցանկալի և կորստաբեր զարգացումները»,- ասել է Ա.Ռուստամյանը։

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ով նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը պետք է լինի այնպիսի նախապայմաններով հայկական կողմից, որոնք զերծ կպահեն Հայաստանին հնարավոր վտանգներից:

-18 երկրներում գործող մեր կառույցներում և ոչ մեկը չի սատարում այս գործընթացին և որքան էլ՝ փորձում են Հայաստանում կապիկություններ անել և Ռամկավար ազատական կուսակցության անվան տակ ինչ-որ բաշի բոզոկների հավաքներ անցկացնել և այլն. սա հասարակությանը շփոթեցնելու համար է: Սկսած ապրիլի 23-ից այս գործընթացը վիրավորական էր մեր 10մլն-ոց հայության համար: Մեզ պարզ ասվեց, որ այս գործընթացի դեմը որևէ մեկը չի կարող առնել,- հանդիպման ժամանակ ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը։ 

Նրա կարծիքով՝ այս արձանագրություններն արդեն ստորագրված փաստաթղթեր են. «եթե նախաստորագրում ես, բայց որևէ փոփոխության իրավունք չունես, այդ նախաստորագրված բառն իր իմաստը կորցնում է»:

Բավական սուր էր «Գոյամարտ» համազգային կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանի ելույթը։ Նա նշել է, որ  Է. Նալբանդյանն իրավունք չունի թելադրել Ազգային ժողովին, թե հնարավորություն չկա փոփոխություններ անելու։ «Եթե այսօր հայ ժողովուրդը, կուսակցությունները միասնականորեն չդիմակայեն այս ամենին, մենք ընկնելու ենք Չեչնիայի օրը»,- ասել է նա։

Անդրադառնալով լրատվամիջոցների գործունեությանը, և նշելով, որ ինքը շատ է հարգում մամուլի ներկայացուցիչներին, Սերյոժա Ղազարյանը վրդովմունք է հայտնել, որ այսօր քաղաքական մեկնաբանը եթերից ասում է. «եթե սահմանը չբացեն, իմ երեխաները սոված կմնան, ես Անթալիա չեմ կարա գնամ»:

-Նա՞ է սոված մնալու: Կարծես թուրքական և ռուսական պրոպագանդայի դեսանտ իջած լինի Հայաստանում: Հայ ժողովուրդն ամեն ինչ պետք է անի, որ այս փաստաթուղթն օրենսդիր մարմինը չհաստատի, և օրենսդիր մարմնի ամեն  մի պատգամավոր այնտեղից դուրս կգա կամ որպես Հայաստանի քաղաքական գործիչ կամ հայրենիքի դավաճան,- ասել է նա։ 

Հանդիպման ավարտին լրագրողների հարցերին պատասխանելիս Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀԱԿ-ին որպես ամբողջություն չեն դիմել, սակայն ՀԱԿ-ի մեջ առկա որոշ կուսակցությունների հետ խոսել են.

-Նրանք ևս մտահոգություններ հայտնել են, բայց, երևի ,քաղաքական ինչ-որ խնդիրներից ենելով, այս կամ այն պատճառաբանությամբ չեն միացել այս հայտարարությանը: Սա այնպիսի հարց է, որ ընդդիմություն-իշխանություն չի ճանաչում: Սա համազգային բնույթ ունեցող հարց է: Սա իշխանափոխության խնդիր չէ՛, աթոռակռվի հարց չէ՛: Մեր ապագայի, մեր սերունդների խնդիրն է: Այս գիտակցությունն է և այս մտահոգությունն է, որ բլորիս միավորել է։

Հանդիպման ընթացքում համախմբված ուժերը հանդես եկան նաև համատեղ հայտարարությամբ, որի տակ ստորագրել են 12 կուսակցություն։ Հայտարարությունը բաց է։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը