Լրահոս

07.10.2009 12:08


ՀՀ նախագահի մամլո գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի Բեյրութ կատարած այցի մասին

ՀՀ նախագահի մամլո գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի Բեյրութ կատարած այցի մասին

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:

Մինչ հանդիպումը Հայաստանի Հանրապետության Նախագահին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:  

Բեյրության հանդիպման մասնակիցները եւս բարձր են գնահատել Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը' այցելելու սփյուռքահայ գաղթօջախներ, լսելու աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների տեսակետները կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ու փաստել, որ Նախագահի ուղեւորությունը համազգային քննարկումների նոր ինստիտուտի հիմք է դնում' աշխարհասփյուռ մեր ժողովրդի տարբեր հատվածների մասնակցությամբ համահայկական  նշանակության խնդիրները քննարկման առարկա դարձնելու առումով:

Նախագահ Սարգսյանը Բեյրութում եւս հանդիպման սկզբում հանդես է եկել ելույթով եւ անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված հիմնական տեսակետներին ու մտահոգություններին: Ծավալվել է աշխույժ եւ բաց երկխոսություն, այնուհետեւ Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Սերժ Սարգսյանն օգտակար է գնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո'չ մեզ, եւ ո'չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր' երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին' Հանրապետության Նախագահը շեշտել է. □Ինձ մոտ էլ կան մտահոգություններ: Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր վատատես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով' համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որեւէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է: Մյուս կողմից կան արդյո՞ք մտահոգություններ: Իհարկե' կան: Բայց, արդյո՞ք այդ մտահոգությունները կարող են պատճառ լինել, որ խոչընդոտ հանդիսանան հարաբերությունների հաստատման համար»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ մեր ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների' անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: «Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին' վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի»,- ընդգծել է մեր երկրի ղեկավարը: Նախագահ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ հնչող բոլոր հիմնական մտահոգություններին, տվել լրացուցիչ պարզաբանումներ: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է,  այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը նկատել է նաեւ, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում վերջին մեկ տարում էականորեն աճել է Հայոց Ցեղասպանությունը փաստարկող հիշատակումներն ու լուսաբանման ծավալը համաշխարհային առաջատար լրատվության միջոցներում:  

Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ □Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք' մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած□: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը  որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Հանդիպման ավարտից հետո Հանրապետության Նախագահը մասնակցել է իր' Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Դիմելով ընթրիքի մասնակիցներին' Սերժ Սարգսյանն ասել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ես ցանկանում եմ լիբանանահայության օրինակով խոսել մի երեւույթի մասին, որին դուք տեղյակ եք ինձնից ավելի լավ։ Խոսքն այն մասին է, թե ցեղասպանություն վերապրած հայերը ինչպես, ինչ վիճակով հասան Լիբանան եւ մեկ-երկու սերունդ հետո ինչ արդյունքներ արձանագ­րե­ցին։ Իրենց տնից, հողից, գույքից զրկած, կի­սաքաղց ու կիսամեռ մեր ժողովրդի բեկորները, որոնց մեջ մեծաթիվ էին նաեւ որբերը, շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ իր ենթակառուց­վածքնե­րով՝ եկեղեցիներով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեսիրական կառույցներով եւ աճեցրին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ։  

Վերապրելու այս բացառիկ կամքն ու կարո­ղությունը հետագայում պիտի կոչվեր «հայկական ֆենոմեն»։ Այս նույն պատմության կրկնությունը մենք տեսանք աշխարհով մեկ սփռված հայության նաեւ մյուս կղզյակներում, ինչը կարող են վկայել այստեղ ներկա տարբեր համայնքների ներկայացուցիչները։

Համեմատեք. ինչ էր իրենից ներկայացնում լիբանանահայությունը 1915 թվականին, եւ ինչ էր իրենից ներկայացնում նույն գաղթօջախը ընդա­մենը կես դար անց՝ 1965 թվականին։ Ես ուզում եմ, որ այս նույն զուգահեռով դուք պատկերացնեք, թե ինչ էր Հայաստանը 1991 թվականին, երբ հռչակեց իր անկախությունը, եւ ինչ է լինելու Հայաստանը կես դար անց՝ 2041 թվականին։ Սրան գումարեք Հայաստանի զարգացման երեք բացառիկ առավե­լությունները՝ մեծաքանակ հայություն, հայրենի հող եւ անկախ պետականություն։ Իմ խոսքը երա­զանքների եւ անուրջների մասին չէ, այլ այն իրական ճանապարհի, որ անցել են ձեր հայրերի ու պապերի սերունդները ձեր աչքի առաջ այստեղ՝ Լիբանանի հյուրընկալ հողի վրա եւ տարածաշրջա­նի մյուս երկրներում։ Նույն այդ ճանապարհը՝ ոտքի կանգնելու, գործ դնելու, հար­մարավետ տուն կառուցելու, բարեկարգ գյուղեր ու քաղաքներ ձեւավորելու, երեխաներին պատշաճ կրթություն տալու ճանապարհն անցնում ու անցնելու է նոր Հայաստանը։ Չեմ կասկածում՝ հաջողելու ենք, եւ ուզում եմ, որ դուք էլ չկասկածեք, որովհետեւ մեր ժողովրդի տարբեր հատվածներ եւ ողջ հայությունը հավաքաբար պատմության ընթացքում դա արել է բազմիցս։

Այսօր Հայաստանի եւ հայության առաջ ծառա­ցել են բազում խնդիրներ եւ՛ տնտեսական, եւ՛ քաղա­քական, եւ՛ այլ բնույթի։ Բայց երբ դիտում ենք հա­մե­մատության մեջ, ակնհայտ է դառնում, որ վեր­ջին հարյուրամյակների ընթացքում մենք զարգաց­ման ավելի բարենպաստ պայմաններ չենք ունե­ցել։

Երբ մենք անկախություն էինք հռչակում, Հա­յաս­տանի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված երկրաշարժի արդյուն­քում։ Մենք ընդունել էինք հարյուր հազարավոր փախստականներ Ադրբեջանից։ Մենք գիտակցում էինք, որ կանգնած ենք դաժան եւ հյուծիչ պա­տերազմի շեմին, բայց մենք հավատացինք մեզ, հավատացինք ձեզ, հավատացինք □հայկական ֆենոմենին□։ Անցած տարիները ցույց տվեցին, որ այդ փորձությունները մենք կարողացանք հաղ­թահարել. անշուշտ՝ համատեղ ուժերով։

Ես այստեղ եմ, որովհետեւ ձեր մտահոգու­թյուններին իրազեկ լինելու, ձեզ լսելու կարիքն ունեմ։ Դա իսկապես ինձ օգնելու է իմ աշխա­տանքում։ Բայց ես այստեղ եմ նաեւ  հորդորելու ձեզ հավատալ ու վստահել Հայաստանին։ □Հավատալ ու վստահել□ չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների։ Մեր պարագայում դա բացառված է։ □Հավատալ ու վստահել Հայաստանին□ նշանակում է  ակտի­վորեն արձագանքել Երեւանի նախաձեռնություն­ներին եւ միաժամանակ նրանից պահանջել այն, ինչ պարտավոր է անել համայն հայության հայրենիքը իր հայրենազուրկ զավակների համար։

Մենք աշխարհում ունենք բազմաթիվ բարե­կամներ, բայց կան նաեւ թշնամաբար տրամադր­ված ուժեր, որոնք երազում են անվստահության եւ անհասկացողության պատեր ստեղծել հայության տարբեր հատվածների միջեւ, պառակտել ոչ միայն առանձին գաղութներ, այլեւ պառակտել Հայաս­տանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը։ Այդ ուժերը պարզապես երազելով չեն զբաղված, նրանք ակտիվորեն գործում են։ Նրանք գիտեն, թե որն է մեր ամենահզոր զենքը։ Դա միասնության ուժն է, որ կարող է սարեր շարժել։ Մնում է, որ մե՛նք դա գիտակցենք եւ պարբերաբար նորոգենք մեր ուխտը՝ ընդհանուր արմատների, ընդհանուր նպատակների, ընդհանուր ապագայի մեր ուխտը։

Հա­յաս­տանն առաջ է ընթանում։ Այսօր բոլորիս պարտքն է անել առավելագույնը այդ ընթացքն արագացնելու համար, այդ առաջընթացին նոր խթաններ հաղորդելու համար, որովհետեւ, ինչ­պես Պարույր Սեւակն էր ասում. «Մենք իրավունք չու­նենք ուշանալու պատմության գնացքից կամ օդա­նավից»։

Մեզ անհրաժեշտ են արդիական, ժամա­նակա­կից աշխարհին հասկանալի, բայց նաեւ հայ իրա­կանության համար ընդունելի լուծում­ներ։ Համոզ­ված եմ, որ մեր հավաքական միտքը գտնելու է այդ լուծումները, ինչպես եղել է նախ­կինում, երբ մենք շատ ավելի բարդ իրավի­ճակ­ներում գտել ենք ճիշտ ու դիպուկ ելքեր։ Մենք այսօր ունենք պայքարի բազում ճակատներ, բայց մենք՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կազմում ենք կուռ եւ միաս­նական ճակատ։ Այս­պիսի ճակատ ունենալով մենք անհաղթ ենք եւ անմահ։

Ուրեմն կեցցե՛ Հայաստանը եւ փա՛ռք հայ ժո­ղովրդին»:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը