Մեկնաբանություն

16.02.2015 10:45


Գագիկ Ծառուկյանը գաղտնազերծեց պետական հեղաշրջման ծրագիրը

Գագիկ Ծառուկյանը գաղտնազերծեց պետական հեղաշրջման ծրագիրը

Եթե մի կողմ դնենք փողոցային խուլիգաններին ներհատուկ բառապաշարով հագեցած ՀՀԿ խորհրդի նիստի «լիրիկական» կողմը, ապա պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն, իրոք, հանդես է եկել ծրագրային ելույթով։ Այլ հարց է, որ դա ոչ թե ՀՀ զարգացմանը, մեր երկրի անվտանգությանը կամ սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող, այլ պետական հեղաշրջմանը և Սարգսյանի անձնական շահերի սպասարկմանը միտված ծրագիր էր։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը «սահմանադրական փոփոխություններ» կոչված արկածախնդրության մասին պետք է արտահայտվեր փետրվար–մարտին։ Այդ մասին նրա խոսնակը հայտարարել էր նախորդ տարվա հոկտեմբերին։

Հայտնի է նաև, որ Սարգսյանը խոսել է քաղաքական լայն կոնսոլիդացիայի ապահովումից հետո սահմանադրական փոփոխությունների գնալու մասին։ Ասել է թե՝ անուղղակիորեն ընդունել է, որ այդ հարցում հանրային պահանջ չկա։

ՀՀԿ խորհրդի նիստում Սարգսյանը փաստացի խոստովանեց, որ չի կարողացել քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել, այն է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ–ին ներգրավել սահմանադրական փոփոխությունների գործընթաց։

ՀՀԿ ղեկավարը նաև խոստովանեց, որ առանց ԲՀԿ–ի գործոնը վերացնելու՝ վախենում է գնալ սահմանադրական փոփոխությունների, քանի որ հանրաքվեն կարող է վերածվել իր հեռացման ակտի։ Այդ իսկ պատճառով նա որոշել է ուժային ու վարչական լծակները կիրառել՝ Գագիկ Ծառուկյանին բռնաճնշումների ենթարկելու և նրա գործոնը վերացնելու համար։ Այսինքն, Սարգսյանի մոտ չի ստացվել Ծառուկյանին համոզելու և կաշառելու տարբերակը, ու նա արդեն դիմում է ուժային մեթոդի, որպեսզի կարողանա ճանապարհ հարթել՝ ցմահ իշխանություն ունենալու և Հայաստանում միջինասիական տիպի սուլթանատ հաստատելու համար։

Ահա սա էր պատճառը, որ 1937թ. նեխած ոճով թատրոն կամ կրկես բեմադրվեց Մելիք–Ադամյան փողոցում։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի պատասխանին, ապա այն քաղաքական էր։

ԲՀԿ առաջնորդն, ի դեպ, բացահայտեց Սերժ Սարգսյանի պետական հեղաշրջման ծրագիրը։

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հետ բանակցելիս չի էլ թաքցրել, որ ուզում է «Վերարտադրություն» օպերացիան իրականացնել։ Նա ԲՀԿ առաջնորդին առաջարկել է փոփոխված Սահմանադրության պայմաններում ՀՀ նշանակովի նախագահ աշխատել (Սարգսյանի պատկերացրած Սահմանադրության մեջ երկրի նախագահի պաշտոնը զուտ արարողակարգային բնույթ ունի)։ Դրա գինը պետք է լիներ այն, որ Ծառուկյանն իր թիմով աջակցեր Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերի դեմ ուղղված սահմանադրական փոփոխություններին (մեր ողջույնները մարդակենտրոն Սահմանադրության մոլի ջատագով դաշնակցականներին. տեսնես՝ Սերժը սրանց ի՞նչ է խոստացել էժանագին գործարքի ժամանակ)։ Ծառուկյանը չի մտել գործարքի մեջ։ Սարգսյանի փրփրելու բուն պատճառը և ԲՀԿ առաջնորդի դեմ իր թիմակիցներին «քսի տալը» հենց այս հանգամանքով է պայմանավորված (հաճախորդների ռեսուրսները ՀՀԿ ղեկավարը սպառված և անարդյունավետ է համարում և այդ իսկ պատճառով էլ մարտի է նետել ՀՀԿ–ական օդիոզ դեմքերին և երիտբոլշևիկներին՝ քաղաքական սափրագլուխ Աշոտյանից մինչև փուչիկ Կարեն)։

Հիմա ամեն ինչ բացահայտվել է։ Ջրբաժան է։ Նրանք, ովքեր չեն մասնակցի չարիքի իշխանության հեռացմանը, կաշխատեն ՀՀ–ի դեմ։

Կա նաև չեզոք մնալու տարբերակը։ Բայց չեզոքությունն այն չէ, որ դու քննադատում ես և՛ Սարգսյանին, և՛ Ծառուկյանին։ Ստեղծված իրավիճակում դա գեղամյանություն է։ Կարող ես չընդունել և՛ Սարգսյանի, և՛ Ծառուկյանի մոտեցումները։ Այդ դեպքում, սակայն, չպետք է ընկնել ոտատակ և ջուր չլցնել սերժսարգսյանական խունտայի ջրաղացին։

Մի խոսքով, ամեն ինչ պարզ է։ Հանգուցալուծումը հեռու չէ։ Օրերի կամ շաբաթների հարց է։ Կա՛մ, կա՛մ։

Սերժ Սարգսյանի հեռացման հարցն է օրակարգում։ Դրանից հետո թող ամեն մեկն իր ճաշակի, գաղափարների ու սկզբունքների շրջանակներում մասնակցի արտահերթ նախագահական ընտրություններին և ձայնը տա իր նախընտրած թեկնածուին։

Այս պահին գլխավորը Սերժ Սարգսյանի պետական հեղաշրջման ծրագիրը խափանելն է՝ նրան հեռացնելու միջոցով։

Միացու՛մ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթով վերջ դրեց կասկածներին՝ կապված վերջին շրջանում տարբեր գործիչների դեմ կիրառված բռնարարքների հետ։ Այլևս կասկած չկա, որ ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին ահաբեկել են Բաղրամյան 26–ի «բարձր» հովանու ներքո։

Այս խորագրի վերջին նյութերը