Մեկնաբանություն

16.02.2015 15:10


Բացարձակ մեծամասնությունը պատրաստ է

Բացարձակ մեծամասնությունը պատրաստ է

Ի՞նչը Սերժ Սարգսյանին ստիպեց արագացնել իշխանափոխության գործընթացը: Միայն վերջին ամիսներին երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները բավական են դա հասկանալու համար:

Սարգսյանի սիրելի մեթոդներից մեկը` ընդդիմադիր դաշտում պառակտում մտցնելը, չաշխատեց, քանի որ անդրդվելի էին հիմնական քաղաքական ուժերը, և հատկապես ԲՀԿ–ն:

Համաժողովրդական շարժումն առաջնորդող ուժերը բաց հայտարարեցին, որ, այո՛, տարբեր ճանապարհներ են անցնել, մի շարք խնդիրների վերաբերյալ ունեն տարակարծություններ, բայց վճռական են ամենագլխավոր՝ իշխանափոխության հարցում:

Չաշխատեցին նաև իշխանական քարոզչամեքենան և «քաղաքական-վերլուծական դաշտի» հաճախորդների վաղուց բացահայտված բրիգադը: Ամեն ինչ արվեց շարժումը սևացնելու, այն, իբր, «բացահայտելու» կամ դրա «անզորությունը» ներկայացնելու ուղղությամբ: Մի խոսքով, տոտալ հակաքարոզչությունը չաշխատեց: Սկսվեցին բռնությունները փողոցում: Դրանք թերևս բացառիկ էին նրանով, որ իշխանությունը, մեծ հաշվով, հրապարակավ հայտարարեց, թե դրանց պատվիրատուն ինքն է: Բռնությունների ալիքն էլ ոչ մի արդյունք չտվեց:

Գագիկ Ծառուկյանն իր հրավիրած խորհրդաժողովում քաղաքական խնդիրների լուծման քաղաքակիրթ և անցնցում տարբերակներ առաջարկեց։ Դրան անմիջապես հաջորդեց Արտակ Խաչատրյանի առևանգումը: ԲՀԿ և մնացած ընդդիմադիր ուժերի խիստ կոշտ արձագանքը սպասեցնել չտվեց: Ու քանի որ «ՀՀԿ քաղաքական զինանոց» ասվածը գոյություն չունի, իսկ տոտալ հակաքարոզչությունն ու բռնությունները հակառակ արդյունքը տվեցին, Սերժ Սարգսյանը «բացվեց»: Ու կրկին սխալվեց: Նա նպաստեց համազգային մոբիլիզացիայի արագացմանը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նրա և «թիմակիցների» ամեն ասված բառն է՛լ ավելի է բորբոքում իշխանափոխության կրակը:

Փետրվարի 20-ի համաժողովրդական հանրահավաքում ժողովուրդը ներկայացնելու է իր պահանջը: Ինչի է ընդունակ իշխանությունը` բոլորս գիտենք, ու տեսանք: Ժամանակն է ցույց տալու, թե ինչի է պատրաստ երկրի բացարձակ մեծամասնությունը: Խոսքը բացառապես օրենքի շրջանակներում գործելուն է վերաբերում: Իսկ բացարձակ մեծամասնությունը պատրաստ է, վաղուց էր պատրաստ:

Ուժերի հարաբերակցության մասին խոսելն էլ ավելորդ է՝ մեկ մարդու եսակենտրոն նպատակ՝ ընդդեմ հարյուր հազարավորների՝ նորմալ պետություն ունենալու պահանջի:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը