Լրահոս

07.10.2009 15:30


ԱՊՀ ՀՔՄԽ (МСАП) 30-րդ նիստը. «Ժամանակը թելադրում է նոր պահանջներ»

ԱՊՀ ՀՔՄԽ (МСАП) 30-րդ նիստը. «Ժամանակը թելադրում է նոր պահանջներ»

Այսօր Երևանում մեկնարկեց ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական' 30-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ անդամ եւ աշխարհի այլ երկրների հակամենաշնորհային կամ մրցակցային մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի բացման խոսքում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Մեզ մտահոգում են Հայաստանում առկա մենաշնորհային երեւույթները, որոնց պատճառներն են ստվերային տնտեսությունն ու միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիները, քանի որ միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով արտահանումն ու ներկրումը թանկ է արժենում, փոքր եւ միջին բիզնեսը չի կարողանում դա իրեն թույլ տալ, եւ դաշտը մնում է միայն խոշոր խաղացողներին: Ներքին մրցակցությանը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը»: Ըստ Վարչապետի, կառավարության հակաճգնաժամային միջոցառումները նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տնտեսությունը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին, մասնավորապես' նրանց համար մատչելի դարձնելով վարկային միջոցները, բարփոխել հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտը:

Խորհրդի նախագահ, ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը մեծապես կարևորելով հակամենաշնորհային ծրագրերի իրականացումը ԱՊՀ երկրներում, նշեց. «Պետք է կատարվեն փորձի եւ օրենսդրական միջոցների փոխանակումներ, անհրաժեշտ է օգնել միմյանց հակամենաշնորհային քաղաքականության զարգացման գործում»:

Նիստին նախորդել են ԱՊՀ անդամ երկրների' հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 13-րդ նիստի աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը