Լրահոս

07.10.2009 16:12


Աֆղանական պատերազմի վետերանները Հայաստանում

Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի անդամները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին 1979-1989թթ. աֆղանական և Հայրենական մեծ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը' նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-րդ տարեդարձին: Ողջունելով ներկաներին' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ միայն հիշելով և գնահատելով անցյալը' կարող ենք կառուցել ապագան: «Մենք չենք կարող մոռանալ այդ ահավոր  և դաժան պատերազմի մասնակիցների ցուցաբերած հերոսությունն ու անձնազոհությունը, ինչի վկայությունն է այս հանդիպումը»,- նկատեց պաշտպանության նախարարը:

Խորհրդի նիստը ղեկավարող Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևը ջերմ ընդունելության համար իր հերթին, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին, խորհրդի անդամների անունից պաշտպանության նախարարին հանձնեց խորհրդանշական հուշանվեր: Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց խորհրդի նիստի մասնակից մի շարք վետերանների' միաժամանակ համոզմունք հայտնելով, որ խորհրդի անդամների երևանյան այցը և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն առավել կամրապնդեն տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը