Լրահոս

08.10.2009 17:17


Հակաճգնաժամային միջոցառումներ

ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամ, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է։ Այն մշակելու և իրականացնելու է Գյումրու տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր։

Գործադիրը նաև որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակում «Շամբ բիզնես» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը մինչև 2012թ. սեպտեմբերի 10-ը հետաձգելու մասին։ Որոշումը ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կառուցելով գյուղատնտեսության ոլորտում գյուղմթերքների վերամշակման գործարան, որը կօգտագործի տեղական հումքը։

Կառավարությունը սահմանված կարգով լուծարել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն, հանձնարարել ընկերության գույքը և դեբիտորական պարտքերը հանձնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, իսկ զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերի մարքեթինգային քաղաքականությունից բխող միջոցառումներն իրականացնել հիմնադրամի միջոցով։ Այն կզբաղվի նաև զբոսաշրջային նոր, մրցունակ փաթեթների ձևավորմամբ և համապատասխան առաջարկություններ կներկայացնի զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնին։ Կառույցի կառավարմանը կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերը։

Իր նիստում կառավարությունն ընդունել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու որոշում, որի նպատակն է ավարտին հասցնել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարին թույլատրվել է կնքել եռակողմ պայմանագրեր մի կողմից պետության, մյուս կողմից բնակարաններ վաճառող ընկերության և շահառուների միջև՝ նախատեսելով, որ պետությունը վաճառողից գնում և միաժամանակ նվիրատվության կարգով շահառուին է տրամադրում բնակարանը (բնակելի տունը)՝ ներառյալ դրա զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները, եթե այդպիսիք կան։ Միաժամանակ, հաշվի առնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ նշված գործարքներն ազատվում են պետական տուրքերի գծով բոլոր վճարումներից, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության համար նախատեսված վճարներից։

Գործադիրը որոշում է ընդունել 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին, որի նպատակը Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեում գտնվող N7 հանրակացարանային մասնաշենքի N501 եւ N215 սենյակներում բնակվող փախստական Էվելինա Այվազյանի և Էլմիրա Սարկիսովայի բնակարանային սոցիալ-տնտեսական, ինչպես նաև իրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը