Կարծիք

08.10.2009 17:43


Հայրենազրկում՝ սեփական նախաձեռնությամբ

Հայրենազրկում՝ սեփական նախաձեռնությամբ

Հայ-թուրքական սահմանի որոշման հարցում հայերս արդեն երրորդ-չորրորդ անգամն է, որ պարտվում ենք, ընդ որում մեկը թուրքական զենքի պարտադրանքով, երկրորդը՝ թուրք-բոլշևիկյան պարտադրանքով, և, երրորդը, ցավալիորեն, կամովին, այն էլ սեփական նախաձեռնությամբ, որը և դժվար է նույնիսկ պատկերացնել: Խոսքը Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի, ու, վերջինը, իհարկե, հայ-թուրքական գիշերային արձանագրությունների մասին է: Հետաքրքիր է, որ առաջին երեքը հայ պատմագիտության կողմից համարվում են ամոթալի պայմանագրեր և ենթարկվում ամենախիստ քննադատությունների, ընդ որում և՛ Ալեքսանդրապոլի, և՛ Կարսի, առավել ևս, Մոսկվայի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական պայմանագրեր են, քանզի ստորագրող կողմերը ստորագրման պահին չեն հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտներ, էլ չեմ ասում, որ 1921 թ. մարտի 16 թուրք-բոլշևիկյան պայմանագրին հայկական պատվիրակությանը նույնիսկ մոտ չեն թողել: Եվ ըմբռնելով քաղաքական գործարքի անհեթեթությունը, հետագայում, ռուս բոլշևիկներն ու դեռևս դե'յուրե իշխանություն չհանդիսացող քեմալականները նախաձեռնեցին Կարսի պայմանագիրը և ստիպողաբար 1921 թ. հոկտեմբերի 13-ին այն ստերագրել տվեցին Անդրկովկասյան երեք հանրապետություններին, որոնք նույնպես, այդ ժամանակ, ինչպես նաև հետագայում, միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում: Այդ բոլոր պայմանագրերը իրենց ստորագրման պահին հանդիսացել են միջազգային իրավունքի տեսանկյունից, առոչինչ պայմանագրեր և, նույնիսկ, եթե ԽՍՀՄ-ը 100 և ավելի անգամներ էլ ճանաչեր և վավերացներ դրանք, միևնույն է, իրերի դրությունը չէր փոխվի: Էլ չեմ ասում, որ դրանք ստորագրվել են փաստացի բռնազավթման և զենքի սպառնալիքի տակ: Եվ Թուրքիան լավ է գիտակցում, որ Սևրի դաշնագրով և Վիլսոնյան սահմանագծով Հայաստանին տրամադրված պատմական տարածքներն էր, որ նա բռնազավթում էր 1920 թ. աշնանը և, պատահական չէ, որ նույն 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը Ալեքսանդրապոլում թուրքերը ստիպում էին հրաժարվել Սևրի դաշնագրից: Իսկ Հայաստանի պատվիրակությունը պայմանագիրը ստորագրեց միայն այն ժամանակ, երբ իշխանությունը արդեն հանձնվել էր բալշևիկներին: Իսկ Կարսում Ասքանազ Մռավյանը ընդդիմանում էր և չէր ցանկանում ստորագրել թուրք-բոլշևիկյան Մոսկովյան պայմանագրով ամրագրված պայմանները, դա համարելով ամոթալի, իհարկե, հետագայում դրա համար վճարելով սեփական կյանքով:

Եվ եթե այսօր գոյություն ունի փշալարերով անցկացված սահման, դա դեռ չի նշանակում, որ այն իրավականորեն ունի ամուր հիմք, այլապես անիմաստ կլիներ նորօրյա հայ-թուրքական արձանագրություններում սահմանի վերաճանաչման դրույթի ներառումը: Եթե, իրոք, իրավական խնդիրներ չլինեին սահմանի հարցում, ապա բավական կլիներ ասելու, որ փշալարերի գոյությունը դա հիմնարար փաստ է և անառարկելի հիմք, սահմանը դե'ֆակտո կա՝ դուրս եկեք և տեսեք, եթե թերահավատ եք: Ընդ որում, այս միտքը, անամոթաբար շահարկվում է հայ քաղաքական շրջանակներում, չգիտակցվելով, որ մի բան է բռնի և անօրինական անցկացված փշալարը, որը արդյունք է փաստացի և միջազգային իրավարար վճռով որոշված տարածքների բռնազավթման, այլ բան է կամովին ճանաչված փշալարը, որը կրկնապատկում է ամոթը և արձանագրությունները ամբողջությամբ դարձնում անարժանապատիվ: Նույնիսկ ԽՍՀՄ-ը Թուրքիայի հետ չկնքեց նոր պայմանագիր, հասկանալով, որ Կարսի պայմանագիրը հնարավորություն է տալիս խորհրդա-թուրքական սահմանը պահել իրավազուրկ հիմքով և ցանկացած հարմար պահի օգտագործել այդ հանգամանքը ի դեմ Թուրքիայի:

Պետք է ըմբռնել մի կարևոր հանգամանք. եթե մենք այսօր ճանաչենք գույություն ունեցող փշալարված հայ-թուրքական սահմանը, ապա մենք, արդեն որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, կստորագրենք Մոսկվայի և Կարսի ամոթալի պայմանագրերի տակ, քանզի այդ պայմանագրերում ամրագրված մնացյալ դրույթները գրեթե չեն գործում և միայն սամնանների գոյությունն է, որ փաստում է այդ անպատվաբեր և անօրինական պայմանագրերի մասին: Եվ ամենադաժանն այն է, որ մորթված, պահանջատեր և Արցախյան հաղթական պաերազմի մեջ գտնվող մի ողջ ժաղովրդի փորձ է արվում համոզել, որ այլ ելք չկա: Պետք է արձանագրություններից հանե՛լ հայ-թուքական գոյություն ունեցող սահմանի ճանաչման դրույթը, այլապես սեփական նախաձեռնությամբ կամրագրենք 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված և պատմականորեն ու իրավականորեն մեզ պատկանող տարածքների վերջնական անցումը Թուրքիային: Այս ամբողջ դիվանագիտական խաղից միայն սահմանի ճանաչումն է, որ մնալու է անդառնալի կորուստ և փոխելու է հայոց նորօրյա ազատագրական պայքարի ողջ տրամաբանությունը: Երբ Հայաստանը ճանաչի հայ-թուրքական գոյություն ունեցող սահմանը, վերջ կդնի պահանջատիրության կարևորագույն իրավական հիմքերից մեկին և, իրոք, այդ ժամանակ մնում է երազել միայն այն ժամանակների մասին, երբ զենքով կարող ենք վերադարձնել մեր հայրենիքն ու արժանապատվությունը, քանզի իրավական դռները մենք ինքներս ենք փակում հիմա՝ ֆուտբոլային գրազով և գիշերային մութ դիվանագիտության  արդյունքում: Սա, թերևս, հայրենազրկում է՝ հայկական տարբերակով՝ սեփական նախաձեռնությամբ:

Արտակ Սարգսյան

պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը