Լրահոս

08.10.2009 17:45


Չե՛ս շահում դու, չի՛ շահում պետությունը։ Չորրորդ եռամսյակում բոնուսի վճարում չի լինելու

Չե՛ս շահում դու, չի՛ շահում պետությունը։ Չորրորդ եռամսյակում բոնուսի վճարում չի լինելու

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ իրենք ունենք ՀԴՄ կտրոնների բոնուսների տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներ և որ վարչապետի վերահսկողական ծառայությունը լուրջ չարաշահումներ է բացահայտել։

«Մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչները բազմաթիվ հնարքներ են հորինել, թե ինչպես շրջանցեն օրենքը և պետությունից փողեր փախցնեն։ Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 հատ կտրոն է խփվում՝ ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա։ Հաստատագրված վճարով աշխատող ձեռնարկությունները, որոնք անտարբեր են այդ կտրոնների նկատմամբ, տպագրում են ՀԴՄ կտրոններ, բաժանում իրենց աշխատողներին՝ աշխատավարձի փոխարեն։ Նաև նկատում ենք սպեկուլյատիվ գործողություններ, երբ մարդիկ իրենց կտրոնները ավելի էժան գնով կամ իրենց հասանելիքը ներկայացնելով հարկային մարմիններին, վերավաճառում են։ Խնդիրն այն է, որ այս բացահայտված պրոբլեմները լուծելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է վարչապետը՝ շարունակելով, որ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պարզեցնել համակարգը, որպեսզի այսուհետև չգործի սանդղակ։ Անկախ ծավալից, քանակից՝ քաղաքացիներին կտրոնների մեկ տոկոսը վերադարձվի.
«Երկրորդ նորամուծությունն այն է, որ բոնուս է տրամադրվելու միայն այն կտրոնների դիմաց, որոնք ստացվել են շահութահարկ վճարողներից։ Հաստատագրված վճարում իրականացնող որոշակի ոլորտներ ստանալու են այլ տիպի ՀԴՄ կտրոններ, որոնք մասնակցելու են միայն վիճակախաղին։ Ես առաջարկում եմ, որ մենք այսօր մի համարձակ որոշում էլ ընդունենք, այն է' չորրորդ եռամսյակում ընդհանրապես չիրականացնենք բոնուսների տրամադրում, այս գործընթացը սառեցնենք մեկ եռամսյակով այն պարզ պատճառով, որ բացահայտված թերությունները, խախտումները և բարդությունները պետությունից պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանք։ ՊԵԿ-ում գոյանում էին բազմահազարանոց հերթեր, ֆիզիկապես հնարավորություն չէր ընձեռվում ճշգրիտ ստուգումներ կատարել չարաշահումներից խուսափելու համար։ Եվ դա, իհարկե, հարուցում էր մեր հազարավոր քաղաքացիների արդարացի դժգոհությունը։

Երկրորդ, մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի առևտրային բանկերի հետ նույնպես բանակցենք և համաձայնության գանք, որպեսզի առևտրային բանկերը 2010թ. հունվարի 1-ից սպասարկեն այս մեծածավալ հոսքերը։ Բանկերի մուտքը այս դաշտ, բնականաբար, կավելացնի սպասարկման կետերը և հերթեր չեն առաջանա, միևնույն ժամանակ մենք հնարավորություն կունենանք ավելի հստակ վերահսկողություն սահմանել, որպեսզի կեղծարարություն չլինի։ Երրորդ, հանձնարարական է տրվում ՊԵԿ-ին այս երեք ամսվա ընթացքում իրականացնել ստուգումներ այն ձեռնարկություններում, որտեղ վարչապետի վերահսկողական ծառայությունը բացահայտել է այդ ռիսկերը։ Այն ձեռնարկությունները, որոնք լինելով հաստատագրված վճարումների դաշտում կարճ ժամանակահատվածում տրամադրել են մեծաքանակ ՀԴՄ կտրոններ, պետք է հատեն 58 մլն դրամի շեմը և անցնեն սովորական հարկման դաշտ։ Ներմուծմամբ զբաղվող մեր այն ձեռնարկությունները, որոնք նույնպես տվել են այդպիսի մեծաթիվ կտրոններ, պետք է դառնան ՊԵԿ քննության առարկան, պետք է բացահայտել, թե արդյո՞ք այնտեղ կա կեղծարարություն, թե ոչ։

Տ. Սարգսյանը նաև նշել է,որ ՊԵԿ-ը պետք է պատրաստ լինի հունվարի 1-ից այնպես սպասարկել քաղաքացիներին, որ այլևս հերթեր ու դժգոհություններ չլինեն.

«ՊԵԿ-ն իմ խնդրանքով վերլուծություն է ներկայացրել հինգ մլրդ դրամ լրացուցիչ մուտքերի վերաբերյալ։ Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ո՞ր ոլորտներից են այդ մուտքերը և 2010թ. այս միջոցառումը ըստ ոլորտների ի՞նչ լրացուցիչ եկամուտ է ապահովելու պետական բյուջե։ Ըստ ՊԵԿ տեղեկանքի, մանրածախ ապրանքաշրջանառությունը 40 մլրդ դրամով ավելացել է և 5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է գանձվել բյուջե։ Քանի որ մենք անցում ենք կատարում ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը, այդպիսի վերլուծական աշխատանքը խիստ անհրաժեշտ է։ Ես քաջ գիտակցում եմ, որ այն ՊԵԿ-ից պահանջելու է լրացուցիչ աշխատանք։ Եթե անհրաժեշտ է, մենք պատրաստ ենք տրամադրել միջոցներ, միայն թե պատշաճ ձևով պատրաստ լինենք հունվարի 1-ին։

Հարգելի գործընկերներ, եթե համաձայն եք այս սկզբունքային դիրքորոշմանը, ապա մենք դա կմտցնենք որոշման մեջ, որ չորրորդ եռամսյակում բոնուսի վճարում չի լինելու։ Ես ուզում եմ մեր անունից, իմ անունից մեր քաղաքացիներից ներողություն խնդրել պատճառված անհարմարությունների և այս փոփոխության համար, բայց հավաստիացնում ենք մեր քաղաքացիներին, որ այս եռամսյակում ՊԵԿ-ն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կիրականացնի, որպեսզի 2010թ. հունվարից սկսած, հաշվի առնելով այս տարվա երկու եռամսյակների փորձը, մենք ավելի լավ նախապատրաստված լինենք։
Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ այս գործառույթը իսկապես տվեց իր արդյունքները։ Ակնհայտ է, որ այստեղ կան մեծ ստվերայնություն և մեծ ռեզերվներ ստվերայնությունից տնտեսությունը դուրս բերելու համար։ Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը՝ մենք 2010թ. համար կունենանք լրացուցիչ ռեզերվներ և ճիշտ հաշվարկներ կանենք, թե այս նոր մեխանիզմի ներքո ի՞նչ լրացուցիչ եկամուտ ենք ստանալու և եռամսյակային կտրվածքով ի՞նչ ծախս ենք իրականացնելու բոնուսների սպասարկման համար։
Որոշումը պետք է հրապարակել հնարավորին չափ շուտ, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն նոր կանոններին, որոնք ուժի մեջ կմտնեն 2010թ. հունվարի 1-ից»։

Այս խորագրի վերջին նյութերը