Լրահոս

08.10.2009 19:32


Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հայ–թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները

ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ «Նախաստորագրված արձանագրություններ և հայ-թուրքական   հարաբերություններ։ Ազգային-պետական շահեր և մարտահրավերներ» խորագրով խորհրդաժողովին ներկայացնելով «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունների փաթեթը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ «արձանագրություններին կողմ արտահայտվողների մի զգալի հատվածի հիմնավորումը փորձ է արվում ներկայացնել այն տնտեսական նոր հնարավորությունների ընձեռմամբ կամ ձեռքբերումներով, որոնք ակնկալվում են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացման դեպքում»։ Սակայն, ըստ Ա.Մինասյանի, «երբ փորձում ես նրանց այդ լավատեսության հիմքն ընկալել, պարզվում է, որ չկա որևէ վերլուծություն, որևէ հիմնավորում, պարզապես նրանց ցանկությունն է արտահայտվում»։

-Ցավում եմ, որ տնտեսագետների մի հսկայական թիմ, որը ներկայացնում է իշխանությունը և որը ներկայացնում է այս արձանագրությունների կողմ արտահայտվողների տեսակետները, առ այսօր չի կարողանում փաստարկված վերլուծություններ ներկայացնել սահմանի վերաբացման տնտեսական դրական ձեռքբերումների համար։ Այն, որ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանը տնտեսապես կտրուկ թռիչք է ապրելու կամ ձեռք է բերելու նոր հնարավորություններ, իրականությանը չեն համապատասխանում,-ընդգծել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, թե պետք է արձանագրել, որ Հայաստանի և Թուրքիայի տնտեսական պոտենցիալները անհամատեղելի են, և միայն համախառն ներքին արդյունքի մեկ անձին բաժին ընկնող մասով Թուրքիայի այդ ցուցանիշը գերազանցում է մերը 3 անգամ։ Բացի դրանից, Թուրքիան համարվում է ԱՀԿ-ի մոտեցումներով ամենաանհուսալի առևտրային գործընկերներից մեկը։ Պետք է նաև արձանագրել, որ Թուրքիայի ներքին արտադրողների վիճակն անհամեմատ ավելի լավ է, քան Հայաստանի արտադրողների մրցունակության վիճակը։ Թուրքիայում գործում է սեփականության իրավունքի ձեռքբերման կտրուկ սահմանափակումներ և այդ սահմանափակումները Թուրքիան իրականացնում է իր ազգային անվտանգության կոնցեպցիայի ներքո։ Այնինչ, Ա.Մինասյանի հավաստմամբ, Հայաստանը նման կանխարգելիչ քայլեր չի իրականացրել։

-Հիշեցնեմ Հայաստանի վարչապետի ժպտացող դեմքով արվող առաջարկությունը, երբ Թուրքիային հրավերք էր ուղարկում մասնակցելու Հայաստանի ատոմակայանի շինարարությանը։ Եվ որքան էլ փորձեն ներկայացնել, որ դա զուտ բիզնես պրոյեկտ է, դրանք սին խոսքեր են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը