Մեկնաբանություն

06.03.2015 14:50


Գագիկ Ծառուկյանի խնդրանքն ու գնահատականը. արյուն և քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի խնդրանքն ու գնահատականը. արյուն և քաղաքականություն

ԲՀԿ–ի երեկվա արտահերթ համագումարում տեղի ունեցածը փետրվարի 20–ի հանրահավաքից հրաժարվելուց հետո սպասելի էր։

Գագիկ Ծառուկյանը հեռանալիս երկու բան արեց։ Նա մարդկայնորեն խնդրեց հանրությանն իր որոշմանն ըմբռնումով մոտենալ, ինչպես նաև գնահատական տվեց ՀՀ քաղաքական համակարգին։

«Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է։ Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ»,– մասնավորապես նշել է Ծառուկյանը:

Փաստորեն, քաղաքականությամբ զբաղվելը և փոփոխությունների համար պայքարը մեզանում արյան գին ունեն։ Սա, իհարկե, բոլորս տեսել ենք և գիտենք այդ մասին, բայց ուշագրավ էր նման գնահատականներ լսելը ԱԺ երկրորդ քաղաքական ուժի՝ այժմ արդեն նախկին ղեկավարի շուրթերից։

Ծառուկյանի ասածից ստացվում է, որ իշխանություններն առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն» կարգախոսով, ինչի դեմ ինքը չի կարող մարդկային զոհեր դնել։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս գնահատականին ու Ծառուկյանի որոշմանը, բայց մեկ բան ակնհայտ է՝ նա ասել է այն, ինչ մտածել է, և չկա ոչ մի ձևականություն։

Ուշագրավ է նաև այն, որ իշխող ուժից որևէ առարկայական մեկնաբանություն չի հնչում այդ գնահատականի կապակցությամբ։ Ինչևէ։

Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու Ծառուկյանը հետքայլ արեց, ինչ ճնշումներ կիրառվեցին, և ինչպես հնարավոր դարձավ հզոր այդ ուժի թուլացումը։ Այս հարցերին դեռ առիթներ կլինեն անդրադառնալու։ Այս պահին միայն նշենք, որ ԲՀԿ–ի դեմ հարձակումը հնարավոր դարձավ քաղաքական դաշտում առկա բալանսի փոփոխության, ինչպես նաև մարդկային գործոնի արդյունքում (ոմանք դա միգուցե չեն նկատել, բայց ուժերի դասավորվածությունը դե ֆակտո փոխվել էր արդեն նախորդ տարվա աշնանից, և դա էր պատճառը, որ ԲՀԿ–ում որոշում կայացվեց համաժողովրդական շարժումը հզորացնելուց հետո միայն քաղաքական բաց պայքարի դուրս գալ. ժամանակն աշխատում էր ԲՀԿ–ի օգտին, և դա էր պատճառը, որ իշխանությունները հարձակվեցին)։

Ամեն դեպքում, նկատենք, որ քաղաքական գործընթացների ժամանակ Ծառուկյանն իրեն մշտապես պահեց մաքուր և անկեղծ։ Նրան կարելի է շատ հարցերում մեղադրել, բայց ոչ ծախվածության, մեծապատիվ մուրացկանության, ազգի ու պետության շահերին վերաբերող բարձրագոչ բառերի հետևում թաքնված մանր գործարքների գնալու և նմանատիպ այլ բաների մեջ։ Նա բաց էր և՛ իրեն աջակցող քաղաքական թիմի, և՛ իր քաղաքական գործընկների հետ հարաբերություններում։ Ճիշտ է, միշտ չէ, որ քաղաքական և մարտավարության ընտրության հարցերում կարելի էր նրա հետ համաձայնել, բայց միշտ կարելի էր վստահ լինել, որ նա անկեղծ է։

Ծառուկյանի ու քաղաքական թիմի համատեղ գործունեության արդյունքում Ծառուկյանը դարձավ Հայաստանի ամենավարկանշային գործիչը, և միայն հոգեբանական ու տեխնիկական գործոններն էին, որ նրան թողեցին խաղից դուրս։

Փաստն այն է, որ հակառակ ճամբարն՝ իր հսկայական ռեսուրսներով, հաճախորդներով ու քարոզչական մեքենայով, չկարողացավ հաղթել Ծառուկյանի ու իր թիմի համատեղ մեքենային, և միայն այլ ձևով հնարավոր եղավ փոխել իրավիճակը։ Այսինքն, քաղաքական, տեղեկատվական ու ինտելեկտուալ պայքարում Ծառուկյանի քաղաքական թիմը հաղթեց իշխանական ճամբարի «ուսյալ–կրթյալներ» ներկայացողներին։ Դա միգուցե բարոյական հաղթանակ կարող է ընկալվել, բայց արժե արձանագրել այն, որ ԲՀԿ–ի՝ իշխանության կցորդից դեպի փոփոխությունների առաջամարտիկի վերածվելու տրանսֆորմացիան Ծառուկյանի քաղաքական թիմի հսկայական ջանքերի արդյունք է եղել, և այդ ջանքերը հաստատ ջուրը չեն լցվել։ Դե, իսկ ստացած հարվածները պետք է ընդունել արժանապատվորեն ու համապատասխան հետևություններ անել։

Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից։ Եվ հիմա բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ փող էին աշխատում, կամ քաղաքականապես անմեղսունակ մտքեր էին հայտնում՝ պնդելով, թե ԲՀԿ–ի պահվածքը խաղ է, պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու հայտարարեն, որ խորապես սխալվել են, կամ էլ միտումնավոր են ԲՀԿ–ի դեմ աշխատել, քանզի պատվերն է այդպիսին եղել։ Կամ առնվազն լռեն, այլ ոչ թե հորթային հրճվանքով սոցիալական ցանցերում շուլուխչիություն անեն Ծառուկյանի ու ԲՀԿ–ի թեմայով։

Հիմա ԲՀԿ–ն զգալիորեն թուլացել է։ Շահե՞ց դրանից հանրությունը, թե՞ ոչ։ Այլընտրանք ու ոչիշխանական ուժ ներկայացող ԲՀԿ–ն էր վտանգ ներկայացնում Հայաստանում քաղաքական մենաշնորհատերերի՞ն, թե՞ այժմ ընդդիմադիր հռչակված ԲՀԿ–ն (սա հատուկ նշում ենք բառակերների ու «թունդ» ձևակերպումների սիրահարների համար)։ ԲՀԿ–ի թուլացմամբ Հայաստանում խնդիրները լուծվելո՞ւ են, թե՞ դրանք է՛լ ավելի են խորանալու (իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով. սա, կարելի է ասել, քաղաքագիտական աքսիոմ է)։ Լավ կլինի, որ շուլուխչիներն այս հարցերին անդրադառնան։

Ինչպես ճիշտ նկատել էր Վարդան Օսկանյանն իր հայտարարության մեջ. «Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա և նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները:

Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումն առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Երկրորդ, որ ավելի կարևոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետևանքներով
»։

Օսկանյանի հնչեցրած ձևակերպումները բոլորիս պետք է մտածելու և անհանգստանալու տեղիք տան։ Ծառուկյանի դեմ արվածը ցույց է տալիս, որ «անցումային փուլ» կոչվածից մենք ոչ մի կերպ դուրս չենք գալիս, ու սուր է դրված սեփականության ինստիտուտի պաշտպանության խնդիրը։

Մեր կարծիքով՝ իշխանությունները պյուռոսյան հաղթանակ տարան։ ԲՀԿ–ն յուրօրինակ բուֆեր էր հանրության ու իշխանության միջև։ Ծառուկյանը փոփոխություններ էր ուզում, բայց առանց ցնցումների։ Հիմա հանրությանը «մեսիջ» է հղվել, որ միայն ցնցումներով են հնարավոր փոփոխությունները։ Իսկ դա ոչ մի լավ բանի չի կարող բերել։ Ցնցումներից մենք հազիվ թե շահած դուրս գանք։

Այն, որ փոփոխություններ պետք են, խոստովանում են նաև իշխանությունները։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ փոփոխություններին նրանք ունակ չեն, և բացի այդ՝ փոփոխությունների տակ նրանք այլ բան են հասկանում, իսկ բարեփոխումներից էլ խոսում են ձևականորեն։ Թե ինչ կլինի այս ամենից հետո, դժվար չէ կռահելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը