Խմբագրական

09.03.2015 11:20


Լռությունը համաձայնության նշան չէ

Լռությունը համաձայնության նշան չէ

Մեր ընթերցողները նկատել են, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո համեմատաբար պասիվ ենք։ Եվ դա բնական է։ Ասել, որ ոչինչ չի եղել, անկեղծ չի լինի։ Բայց ասել, որ վե՛րջ, ամեն ինչ կործանված է, սխալ կլինի։ Պարզապես գալիս է մի պահ, երբ ուզում ես լռել։ Սակայն սա այն դեպքը, չէ, երբ լռությունը համաձայնության նշան է։

Լռությունը պարզապես դադար վերցնելու և տեղեկատվական աղմուկին չխառնվելու որոշման հետևանք է։ Հատկապես որ ստեղծման օրվանից մեր ասելիքն ու անելիքը ներկայացրել ենք ամենօրյա ռեժիմով և կարող ենք մեզ լռություն թույլ տալ։

Քաղաքական դաշտում ամեն ինչ տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, և բոլորի համար էլ ամեն ինչ պարզ է։ Իսկ այն, ինչ տեսանելի չէր, հարմար առիթի դեպքում կներկայացնեմ՝ որպես քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից ու ներքին խոհանոցին քաջածանոթ մարդ։ Իսկ առայժմ նպատակահարմար եմ գտնում դիտորդի կարգավիճակով և մասնագիտական աչքով հետևել իրադարձություններին։

. . .

Մի քանի օրից կլրանա «7 օր» լրատվավերլուծական կայքէջի հիմնադրման վեցերորդ տարին։

Այս ընթացքում շատ ջրեր են հոսել, բայց մենք մեր սկզբունքային ու գաղափարական դիրքերից չենք նահանջել անգամ մեկ միլիմետր, ռազմավարական առումով չենք շեղվել մեր նախանշած գծից։ Մարտավարության հարցերում էլ ճկուն ենք եղել այնքանով, որքանով չենք վնասել ռազմավարությանը։ Հենց տեսել ենք, որ մարտավարությունը կարող է վնասել ռազմավարական գծին, անմիջապես քայլեր ենք ձեռնարկել՝ բոլորին ու ամեն ինչ դնելով իրենց տեղը։ Դա միգուցե ոմանց դուր չի եկել, ոմանց ափերից հանել է, բայց մեզ արդեն չի հետաքրքրում։

«7 օրի» առաքելությունն անփոփոխ է՝ նպաստել Հայաստանում ազգային–դեմոկրատական փոփոխություններին։

Եթե մենք ստանդարտ վիճակում լինեինք, ապա փոփոխությունների մեջ ազգայինի բաղադրիչը չէինք նշի, քանզի պարզ է, որ դեմոկրատականն արդեն համամարդկային է, ու դրանով իսկ՝ ազգային։

Ազգայինի պահը տարբերակում մտցնելու նպատակով է արվել՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ և մեր քաղաքական դաշտի առանձնահատկությունները։

Ազգայինը հատուկ ենք շեշտում, որպեսզի տարանջատվենք մի կողմից քիրվայական՝ կղերա–պահպանողական, մյուս կողմից էլ՝ «պահանջատիրական»՝ արկածախնդրային պոռոտախոսության հոսանքներից, որոնք առաջին հայացքից խիստ հակադիր լինելով հանդերձ՝ նույն մեդալի երկու երեսն են, և բացարձակապես կապ չունեն հայաստանակենտրոնության ու պետականության հետ։

Ազգայինը շեշտում ենք նաև այն պատճառով, որ չենք ընդունում, այսպես կոչված, կողմնորոշման քաղաքականությունը, որը մեզանում դրսևորվում է «արևմտամետության» կամ «ռուսամետության» տեսքով։ Սրանք էլ են նույն մեդալի երկու կողմերը և կապ չունեն մեր պետության շահերի հետ։

«Մետությունը» հիմնականում բիզնես նախագիծ է և «մետությամբ» աչքի ընկնողների բուն գործունեությունն ու մոտիվացիան թաքցնելու միջոց։

Ինչ մնում է դեմոկրատական փոփոխություններին, ապա դրանց հիմքում սեփականության լեգիտիմության ու սեփականության ինստիտուտի պաշտպանության ապահովումն է, մրցակցային համակարգի առկայությունը և քաղաքական մենաշնորհի բացառումը։

Չի՛ կարող լինել դեմոկրատական (մրցակցային) համակարգ՝ առանց մրցակցային տնտեսական համակարգի։ Հակառակ օրինակները կան (հայտնի է Դեն Սյաոպինի՝ «Լիբերալ տնտեսություն՝ առանց լիբերալ դեմոկրատիայի» բանաձևը, ինչպես նաև ավտորիտարից դեպի դեմոկրատական անցում ապրած երկրների փորձը)։ Բայց չկա գեթ մեկ օրինակ, երբ տնտեսական դաշտում հաստատվի գերկենտրոնացվածություն (ինչպիսի կուրս որ մեզանում է վերցված), իսկ ահա քաղաքական վերնաշենքը լինի դեմոկրատական, ու զարգանա քաղաքացիական հասարակությունը (ինչպես որ մեզ ուզում են համոզել պալատական վերլուծաբաններն ու քաղաքականապես հնամաշ գործիչները)։

Եթե հաստատված է քաղաքական մենաշնորհ, ապա դա փչացնում է տնտեսական, քաղաքական, իրավական հարաբերություններն ու նպաստում այլասերված արժեհամակարգի ներդրմանը։ Երբ հայտարարվում է, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ապա ՀՀ ամեն մի քաղաքացու կարող են քրեական մեղադրանք ներկայացնել համապատասխան «զնաչոկ» չունենալու կամ գլխարկ չդնելու համար։

. . .

Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը շատ վատ ինդիկատոր է։ Բոլորիս պետք է մտահոգի ստեղծված իրավիճակը։

Նրանք, ովքեր ուրախ են, որ ԲՀԿ–ն հարվածներ ստացավ, կա՛մ քաղաքականապես անմեղսունակներ են, կա՛մ իշխանությունների պատվերով հանդես եկողներ։ Քանզի զսպումների ու հակակշիռների իսպառ բացակայությունը ոչ մի լավ տեղ դեռ ոչ մի երկրում չի տարել։

Հայտնի է, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով։

Որպես խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչ՝ Գագիկ Ծառուկյանը միջանկյալ դիրք էր բռնել իշխանությունների ու հանրության արանքում։ Նրա գլխավորած ԲՀԿ–ն փոքր, միջին ու խոշոր բիզնեսի, իսկ վերջին շրջանում՝ նաև հանրության այլ շերտերի շահերի պաշտպանության յուրօրինակ արհմիություն էր, որն այժմ չկա։ Իսկ դա նշանակում է, որ հանրությունն ու իշխանությունը մնացել են իրար դեմ դիմաց։ Մի կողմից կազմակերպված ու ագրեսիվ փոքրամասնությունն է, որի ձեռքում են վարչական, կրիմինալ և ուժային լծակները, իսկ մյուս կողմում՝ հանրության ճնշող մեծամասնությունը, որն այժմ չունի իր դժգոհությունն արտահայտելու կազմակերպակառուցվածքային գործիք։ ԲՀԿ–ն, լավ թե վատ, այդ գործիքի ֆունկցիան էր կատարում։ Հիմա դա էլ չկա։ Թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը, դժվար չէ կանխատեսելը։

Մեծ հաշվով, կարող է լինել երկու սցենար՝

1. Այս վիճակը պահպանվում է և խորանում, ինչը նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման ու զարգացման հետ։

2. Տեղի են ունենում դրական ու արժեքային փոփոխություններ։ Քանզի վակուումը լցվելու է (պետք է ամեն ինչ անել, որ այդ վակուումն ադրբեջանական զինուժով չլցվի)։ Սուրբ տեղը, ինչպես հայտնի է, դատարկ չի մնում։

Մեկ բան ակնհայտ է՝ մեր երկիրը և մեր հասարակությունը չունեն սուպերավտորիտար համակարգ պահելու ռեսուրս։

Հիմա պղպջակները պայթում են, «ընդդիմադիր» դաշտում ներհաճախորդային ու ներտեսակային պայքարը թեժանում է, գաղափարապես սնանկ և պարտված ուժերը վերջին շունչն են տալիս։

Մենք ուշադիր կհետևենք բոլոր իրադարձություններին ու մի փոքր «կհանգստանանք» քաղաքականությունից՝ չմոռանալով տեղեկացնել բոլորին, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով։

Քաղաքականության մեջ նախընտրելին, անշուշտ, սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ լինելն է։ Այնպես որ, «7 օրը», անկախ ամեն ինչից, շարունակելու է իր գործունեությունը։ Եվ առնվազն ծիծաղելի ու անհեթեթ են լուրերն այն մասին, թե, իբր, ԲՀԿ–ի հետ տեղի ունեցածից հետո մեր կայքը փակվելու է։

«7 օրը» սկսել է գործել 2009–ի մարտի 15–ից։ Ամենասկզբում մեզ համարում էին լևոնական, բայց հետո հասկացան, որ դա, մեղմ ասած, այդպես չէ, ու սկսեցին համարել քոչարյանական։ Հետագայում արդեն մեզ համարեցին ԲՀԿ–ական։ Նման գնահատական տվողները պարզապես ցույց էին տալիս իրենց ստրկամտությունը կամ քաղաքականության մասին իրենց մակերեսային ընկալումները։ «Պապա» ունեցողները միշտ էլ այլոց մոտ են «պապաներ» փնտրում։

Ոմանք չեն կարողանում տարբերել «պապայությունը» գործընկերությունից, քանզի իրենց ուղեղում դա չի կարող տեղավորվել։ Բայց դա իրենց խնդիրն է։

Այո՛, գաղտնիք չէ, որ ԲՀԿ–ն ու, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը եղել են մեր քաղաքական գործընկերը (Ծառուկյանի հետ նորմալ մարդկային հարաբերությունները հիմա էլ պահպանվում են)։ Կրկնեմ՝ մենք ստեղծման օրվանից խնդիր ենք դրել ՀՀ–ում ազգային–դեմոկրատական փոփոխությունների հասնել, որին իր նպաստն էր բերում նաև ԲՀԿ–ն, և մեր գործընկերությունը բնական էր։

ԲՀԿ–ի հետ հարաբերությունները սկիզբ դրվեցին ու զարգացան 2011–ի փետրվարից հետո։ Այն պահից հետո, երբ իշխանությունը կոալիցիոն նոր հուշագիր պարտադրեց Ծառուկյանին։ Դրանից հետո նա խնդիր դրեց չեղյալ համարել այդ տխրահռչակ հուշագիրը և իր ուժերի ներածին չափով նպաստել փոփոխություններին։ Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում մենք ամեն կերպ պետք է աջակցեինք ԲՀԿ–ին, ու աջակցել ենք (այդ փուլում մարտավարական գործընկերություն հաստատվեց գաղափարապես անընդունելի քաղաքական հատվածի հետ, քանզի լայն կոնսոլիդացիա էր պետք ապահովել)։ Ի տարբերություն «անկախ» մամուլի, որը չի ուզում բացահայտել Բաղրամյան 26–ի հետ իր կապը՝ մենք չենք թաքցրել մեր քաղաքական համակրանքներն ու հակակրանքները։ Այսինքն, հանրության հետ եղել ենք անկեղծ ու ազնիվ և շարունակելու ենք այդպիսին լինել։

Ի պատիվ ԲՀԿ–ի ու անձամբ Ծառուկյանի՝ պետք է նշել, որ արվեց հսկայական աշխատանք։ ԲՀԿ–ն ոչ միայն պատռեց կոալիցիոն հուշագիրը, որը հակասահմանադրական փաստաթուղթ էր, այլև ամբողջությամբ վերածվեց ինքնուրույն և ինքնաբավ կառույցի՝ դառնալով հանրության գործընկերը։

Հարկ է առանձնահատուկ նշել, որ վերջնարդյունքը չամրագրվեց մարդկային ու հոգեբանական գործոնների, քաղաքական հաշվեկշռի որոշակի փոփոխության, տեխնիկական հարցերի և այլ մանր պատճառների հետևանքով (անհրաժեշտության դեպքում փակագծերը կբացվեն)։

. . .

Հիմա պարբերաշրջանի ավարտին ենք ականատես՝ քաղաքական մենաշնորհն ամրագրելու պարբերաշրջանին, որի սկիզբը դրվել էր 2007թ. խորհրդարանական ընտրություններով։ Հետագա ընթացքից արդեն կախված կլինի Հայաստանի ճակատագիրը։

Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը։

«7 օրի» կարգախոսը նույնն է՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ», նպատակը նույնպես չի փոխվել՝ հասնել ազգային–դեմոկրատական փոփոխությունների։ Այս մասին ես ազդարարել եմ առաջին խմբագրականում և ներկայացրել մեր առաքելությունը։ Մեզ մոտ ոչինչ չի փոխվել։

Լռությունը համաձայնության նշան չէ։ Երբեմն լռությունն ավելի խոսուն է։

Շարունակե՛ք հետևել «7 օրին»։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը