Մեկնաբանություն

12.03.2015 15:39


«Քարֆուրը» եկավ մեր բակը

«Քարֆուրը» եկավ մեր բակը

Օրերս իր դռները Երևանում բացեց «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան մասնաճյուղը։ Դա մոտավորապես նույն էֆեկտն ունեցավ, ինչ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի այցը Վրաստան։

Բանն այն է, որ «Վարդերի» հեղափոխությունից հետո Վրաստանում Սահակաշվիլու թիմը մի միֆ էր դրել շրջանառության մեջ, թե, իբր, Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ–ը, իրենց կօգնի, ու կյանքը կդառնա ուրախ, իսկ ապրուստն էլ՝ ձրի։

Ուրախ և ձրի կյանքի խորհրդանիշ էր դարձել Բուշը, ում այցը Թբիլիսի Սահակաշվիլին ներկայացնում էր որպես դրախտի դռների բացման արարողություն։

Բուշը այցելեց Թբիլիսի, մի քիչ պարեց հավաքված բազմության առաջ, նրա անունով փողոց կոչեցին, և ... վերջ։ Բուշը գնաց, իսկ Վրաստանում կյանքը չփոխվեց. խնդիրները մնացին։ Դե, իսկ «Արևմուտքը մեզ կօգնի» կոդը վերջնականապես արժեզրկվեց վրացիների մոտ, երբ հնգօրյա պատերազմի ժամանակ նրանք մենակ մնացին ռուսական տանկերի ու զորքի դիմաց՝ դե յուրե կորցնելով դե ֆակտո կորցրած Հարավային Օսիան և Աբխազիան։

Ասածս այն չէ, որ Արևմուտքը վատն է, իսկ ռուսները՝ լավը, կամ հակառակը։ Լավ ու վատ արտաքին ուժեր չեն լինում։ Եթե դու քո պետության ապագան կառուցում ես այլ պետությունների բարի կամքի վրա հույսդ դնելով և «մետության» քաղաքականություն վարելով, ապա արդյունքները միշտ էլ վատն են լինում, անկախ այն հանգամանքից՝ «մետությունը» դեպի Արևմո՞ւտք է թեքված, թե՞ դեպի Ռուսաստան։

Հիմա մերն է։ «Անկախ» լրատվամիջոցները լրիվ այլ նպատակներով տարիներ շարունակ «արևմտամետություն» էին քարոզում, և գեղցիա–քաղքենիական զանգվածին կերակրում էին մի միֆով, թե, իբր, Արևմուտքը մեզ կօգնի, և ընդամենը պետք է երկու բան՝ եվրաասոցացում և ֆրանսիական «Քարֆուրի» մուտքը Հայաստան։

Անընդհատ տարածում էին, որ եվրաասոցացումը դրախտի բանալին է (Ուկրաինան այդ ասածները լրիվ ապացուցում է), իսկ «Քարֆուրն» էլ ուրախ և ձրի կյանքի ապահովման գործիքն է։ Ու դժվար էր գեղցիա–քաղքենիական զանգվածին բացատրել, որ դա այդպես չէ։ Այդ զանգվածը, որպես կանոն, մինչև իր աչքով չի տեսնում կամ իր մաշկի վրա չի զգում, ոչ մի բան չի հասկանում (շատ դեպքերում նույնիսկ տեսնելուց ու զգալուց հետո չի հասկանում)։

Եվրաասոցացման պատմությունը բոլորիս աչքի առաջ է։ Հիշեցնելու կարիք չկա։

Ինչ մնում է «Քարֆուրին», ապա դրա բացվելուց հետո բոլորը տեսան, որ դա ընդամենը հերթական մեծ խանութն է, որտեղ ոչ թե ապրանքները վաճառվելու են շատ էժան (համարյա ձրի՝ ինչպես «արևմտամետներն» էին գովազդում), այլ սովորական միջին երևանյան գներով։ Եվ այդպես էլ պետք է լիներ, ինչի՞ մասին է խոսքը։

«Քարֆուրի» բացվելուց հետո գեղցիա–քաղքենիական զանգվածն այժմ ընկել է ընկճախտի մեջ, քանզի իրեն խաբված է զգում. կյանքը չի դարձել ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։

«Քարֆուրը» «ա լյա Ջորջ Բուշ» եկավ Երևան, «բոնժուղ» արեց ու վերջ։

Գեղցիա–քաղքենիական զանգվածի համար հիմա նոր միֆեր են պետք՝ դրանք ծամելու համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը