Քաղաքական

12.10.2009 10:54


Արձանագրությունների ստորագրումից առաջ Լավրովը Նալբանդյանին գրություն է ուղարկել

Արձանագրությունների ստորագրումից առաջ Լավրովը Նալբանդյանին գրություն է ուղարկել

Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը՝ «Российская газета»-ն, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հանդես է եկել սենսացիոն բացահայտումներով։

Պարբերականը գրում է, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը նախորդել է չորս ժամանոց շատ էմոցիոնալ մի տեսարան՝ ընդհատված դասական երաժշտության մինի համերգով, հետաձգված պաշտոնական ընթրիքով և ձեռքով գրված գրությամբ՝ առանց որի բանակցությունների վերջնամասը կարող էր ավարտվել աղմկահարույց սկանդալով...»։

Հասկանալով, որ արձանագրությունների ստորագրումը հետաձգվում է անորոշ ժամանակով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի և Սլովենիայի արտգործնախարարներին, ինչպես նաև ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանային հրավիրել է ռուսական պատվիրակության սենյակում դիտելու Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը։ Բոլորն ընդունել են հրավերը։ Թե ի՞նչ էր այդ ժամանակ անում Հիլարի Քլինթոնը, ռուսական պատվիրակության աղբյուրները չեն տեղեկացնում։ Ակնհայտ էր դառնում, որ Թուրքիան և Հայաստանը խոշոր դիվանագիտական հիասթափության եզրին են։ Այդ ժամանակ ռուսական պատվիրակության սենյակում գտնվողները կիրառեցին իրենց «գաղտնի դիվանագիտական զենքը»։ Լավրովը, թուղթ ու գրիչ վերցնելով, անգլերենով գրել է. «Էդվա՛րդ, համաձայնվի՛ր արարողությանն առանց հայտարարությունների»։ Այս փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի և Սլովենիայի արտգործնախարարներ Բերնար Քուշները և Սամուել Ժբոգարը, ինչպես նաև ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան։ Ներքևում Լավրովն ավելացրել էր. «10-ը հոկտեմբերի, 2009թ., 19։35»։ Գրությունը հանձնվել էր հասցեատիրոջը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Գրեթե մեկ ժամից արձանագրությունների ստորագրման արարողությունն, ի վերջո, սկսվեց։

Ըստ «Коммерсант»-ի

Այս խորագրի վերջին նյութերը