Լրահոս

12.10.2009 14:37


Ռիչարդ Կիրակոսյան. «ՀՀ նախագահը պետք է հստակեցնի, որ չի գնա Բուրսա, եթե Թուրքիան շարունակի խաղալ այս խաղերը»

Ռիչարդ Կիրակոսյան. «ՀՀ նախագահը պետք է հստակեցնի, որ չի գնա Բուրսա, եթե Թուրքիան շարունակի խաղալ այս խաղերը»

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  տնօրեն, քաղաքագետ, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է, թե որտեղ ենք մենք հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արձանագրությունների ստորագրումից հետո,  ի՞նչ պատահեց Ցյուրիխում, դրանից հետո ի՞նչ արձագանքներ եղան, ո՞ւր ենք մենք գնում հիմա, և ի՞նչ է լինելու հաջորդիվ՝ ի՞նչ պետք է անենք։

-Սկսվել են քաղաքական խաղերը, և այժմ այս գործընթացը ուղղորդվել է դեպի խորհրդարան, բայց մարտահրավերները թուրքական խորհրդարանում են։ Մենք կարող ենք ակնկալել, որ Թուրքիայի խորհրդարանն այն կարող է հետաձգել մինչև մյուս տարվա սկիզբ։ Թուրքիան շատ ուրախ է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև նման մասնատումներ են տեղի ունեցել, որ բաժանումներ են տեղի ունենում ներսում, և որ սա թուլացրել է Հայաստանին,-ասել է նա։

 Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով՝ Ցյուրիխում Հայաստանին պաշտպան են կանգնել  ԱՄՆ-ը և Շվեյցարիան, «որոնք հիասթափվել են Թուրքիայից, բայց ամենահետաքրքրականն այն է, որ ռուսներն ու ԵՄ-ն չէ, որ պաշտպանել են Հայաստանին, այլ ԱՄՆ-ը և Շվեյցարիան»։

-Ստորագրումից ընդամենը մեկ օր անց թուրքական կողմը նոր պահանջներ ներկայացրեց. վարչապետ Էրդողանն ասաց, որ մինչև Ղարաբաղի խնդիրը չլուծվի, և մինչև Հայաստանը «օկուպացված» տարածքներից չհանի զինուժը, խորհրդարանը չի վավերացնի այս արձանագրությունները։ Հաջորդ քայլն, ըստ տրամաբանության, այն է, որ չորեքշաբթի օրը Բուրսայում ֆուտբոլային խաղը տեղի ունենա։ Իմ կարծիքով ՀՀ նախագահը պետք է հստակեցնի, որ չի գնա Բուրսա, եթե Թուրքիան շարունակի խաղալ այս խաղերը,-ասել  նա։

Նրա պնդմամբ՝ ՀՀ խորհրդարանը պետք է կապի իր գործողությունները Թուրքիայի խորհրդարանի գործողությունների հետ, և եթե նրանք հետաձգեն, նույն կերպ  պետք է վարվենք և մենք։

«7օր»-ի այն հարցին, որ եթե (ինչպես սովորաբար լինում է) ՀՀ-ի կողմից, ինչպես ինքն է առաջարկում, արձագանք չլինի Թուրքիայի պահանջներին, ինչպիսի՞ն պետք է լինի ելքն այս իրադրությունից, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է, որ ամենաճիշտը պաշտոնական լիդերների կողմից հայատարություն անելն է։ Իշխանափոխության հարցի վերաբերյալ էլ նա փորձեց զգույշ պատասխանել։

-Նույնիսկ հայ-թուրքական ամենալավ սցենարի դեպքում ներքաղաքական խնդիրը չի լուծվում։ Մարտի մեկի քաղաքական ճգնաժամը չի ավարտվել. չլուծված ներքին խնդիրները չեն բերում ուժեղության, որի կարիքը կա արտաքին ուժերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը