Լրահոս

13.10.2009 17:35


«Սարդարապատ» շարժման կոչը

Հայրենակիցնե՛ր,

այսօր կրկին, ինչպես բազմիցս պատահել է մեր պատմության ընթացքում, Հայրենիքը վտանգված է: Այժմ հայոց միջնաբերդին սպառնում է ոչ թե օտար բանակը կամ հարևանների դավադրությունը, այլ սեփական իշխանավորները, նրանց կուրացնող իշխելու տենչն ու անհագ ընչաքաղցությունը: Տարիներ շարունակ կողոպտելով ու թալանելով ժողովրդին, հանցավոր կերպով սեփականաշնորհելով ազգային հարստությունն ու բաշխելով այն մի քանի անձանց միջեւ, մեր հարստահարված երկրում սոցիալական բևեռացումը, աղքատությունն ու անարդարությունը աներևակայելի չափերի հասցնելուց հետո իշխանավորներն արդեն հասել են դավաճանության եզրին: Հանուն իրենց բռնազավթած իշխանության և կուտակած հարստության պահպանման, նրանք հայ-թուրքական հակամարտության արդի գործընթացով սակարկության են դրել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը և սերունդների ապագան:

Իրարահաջորդ իշխանությունների բազմամյա աղճատիչ գործունեության արդյունքում այսօր ունենք տասնյակ կուսակցություններով ու խմբավորումներով տրոհված երկիր, ապակողմնորոշված ու մոլորված ժողովուրդ: Հայ մարդը այլեւս չի վստահում հին ու նոր քաղաքական ուժերին, արդարադատության համակարգին ու անքանակ հասարակական կազմակերպություններին, տեսնելով, թե ինչպես են գործարքներ կատարում ու հարստանում նրանց ղեկավարները, ինչպես են տարբերվում նրանց խոսքերն ու գործերը: Ժողովուրդը խորապես հիասթափված է մտավորականության զգալի մասից, որը թալանից առաջացած իշխանավորների ճոխ սեղանից փշրանքներ ստանալու դիմաց պատրաստ է վաճառվել ու ծառայել ստին ու կեղծիքին:

Հայրենակիցներ, նման սպառնալիքներին դիմակայելու ունակություն մեր ժողովուրդը վառ կերպով դրսևորել է 91 տարի առաջ, Սարդարապատի բախտորոշ օրերին: Այդժամ մենք միացանք, անկախ կուսակցական, գաղափարական, քաղաքական տարբերություններից ու ռազմադաշտ իջավ ժողովրդի հավաքական կամքը, ջախջախեց թշնամու անպարտելի համարվող բանակը և հաստատեց հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք իրավունք չունենք մոռանալու ազգային փրկության փարոսը, որը փոխանցեցին մեզ մեր քաջարի նախնիները' դրա անունն է Սարդարապատ: Արդ, մենք հայտարարում ենք, որ հայ ժողովրդի փրկության բանաձևը դա Սարդարապատի անպարտելի ոգու վերահաստատումն է Հայաստանում: Սա է հայոց պատասխանը դարերով շահարկվող հայկական հարցին:

Այսպես է կոչվելու այն վերկուսակցական շարժումը, որին կոչ ենք անում զինվորագրվել բոլոր ազնիվ և նվիրյալ հայրենասերներին Հայրենիքում և արտերկրում: Սրանով մենք հայտ ենք ներկայացնում ծառայել ու առաջնորդել մեր ժողովրդին այս ճանապարհին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ'

 Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Խաչատրյան, Տիգրան Խզմալյան

Այս խորագրի վերջին նյութերը